Համաշեշտ ոտանավոր
Համաշեշտ ոտանավոր (տոնիկական) (հունարեն՝ τονος` շեշտ, լարում), տաղաչափական համակարգ, որի ռիթմն առաջանում է տողերի մեջ հավասար թվով շեշտերի առկայությունից։ Չշեշտված վանկերի քանակը և հարևան տողերում շեշտերի դասավորությունը կարող են տարբեր լինել։
Համաշեշտ ոտանավորը բնորոշ է եղել ժողովրդական բանահյուսությանը։ 20-րդ դարում այն լայնորեն տարածվեց չափածո խոսքում։ Ռուսական պոեզիայում համաշեշտ ոտանավորը տարածվեց Մայակովսկու ստեղծագործության միջոցով։ Հայ պոեզիայում ևս համաշեշտ տաղաչափական համակարգն իր արտացոլումը գտավ 20-րդ դարում` Չարենցի, Վշտունու և այլոց ստեղծագործություններում։
Համաշեշտ տաղաչափության մեջ բառի արտասանական ինքնուրույնությունն ավելի է ընդգծվում, բանաստեղծությունն ստանում է հրապարակախոսական երանգ։ Տողերում վանկերի թիվը հավասար չէ, շեշտերի դասավորությունն էլ որևէ կանոնի չի ենթարկվում։ Բայց բոլոր տողերն ունեն հավասար թվով շեշտեր, որի շնորհիվ էլ առաջանում է ռիթմը։ Սակայն սա ևս պարտադիր պայման չէ. շեշտերի թիվը կարող է պարբերաբար փոխվել, որն առավել մեծ ազատություն է տալիս ոտանավորին։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 168
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 102)։ |