Վահան Բալյան

կուսակցական, ռազմական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Մկրտչի Բալյան (1898, Թիֆլիս - 1945), կուսակցական, ռազմական գործիչ։

Վահան Բալյան
Ծնվել է1898
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1945
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1916)

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Հայրը Թիֆլիսի երկաթուղային արհեստանոցների ճանաչված վարպետ էր։

Վահան Բալյանը կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1916 թվականին։ 1914 թվականին Բաքվում եղած ժամանակ, Մելիք Մելիքյանի երաշխավորությամբ ընդունվում է Բալախանիե բոլշևիկյան բջիջի մեջ, իսկ Թիֆլիսում 1915 թվականին նա դառնում է կուսակցության անդամ։

Որոշ ժամանակ աշխատելով «Պայքար» թերթում, 1917 թվականին կանչվում է զինվորական ծառայության հրետանային դիվիզիոնում, որտեղ և ընտրվում է նրա կուսակցական կոմիտեի անդամ։ Նույն տարվա վերջին, ավարտելով հրետանային դպրոցը, ստանում է սպայի աստիճան և աշխատանքի անցնում հայկական կորպուսում։ 1918 թվականին սկզբին Բալյանին իր մարտկոցով տեղափոխում են Երևան։

1919-1920 թթ, ընդհատակյա աշխատանքի համար Թիֆլիսից Երևան են գալիս Հ. Կոստանյանը, Ասքանազ Մռավյանը, Սարգիս Կասյանը, Սերգո Մարտիկյանը, Ստեփան Ալավերդյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը և ուրիշներ, որոնց հետ Բալյանը սերտ կապ է հաստատում և օժանդակում կոմկուսի աշխատանքներին՝ հատկապես ռազմական հարցերի գծով։ Նա ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո Բալյանը նշանակվում է սկզբում հրետանու, ապա գլխավոր շտաբի զինկոմ։ Քաղաքացիական կռիվներին ակտիվորեն մասնակցում է Ղամարլուի ռազմաճակատում, որպես «Ազատամարտ» զրահագնացքի հրետանու հրահանգիչ և գնացքի առջևի հարթակի պետ։

1921 թվականի աշնանից մինչև 1923 թվականը Բալյանը Հայաստանի ռազմածովային ժողկոմն էր, որից հետո փոխադրվում է Դոնի Ռոստով՝ կուսակցական աշխատանքի։ Երբ 1924 թվականին Անաստաս Միկոյանին տեղափոխում են Մոսկվա, Բալյանը նրան փոխարինում է որպես Դոնի Ռոստովի պարտիական կոմիտեի քարտուղար և այդ աշխատանքը կատարում մինչև 1929 թվականը։ Ապա Բալյանը նշանակվում է Մոսկվա-Միջին Ասիա երկաթուղու քաղբաժնի պետ։

Հետագայում աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմում որպես կազմբաժնի վարիչի տեղակալ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 22-23։