Վալիի դիմանկարը, ավստրիացի նշանավոր նկարիչ Էգոն Շիլեի կտավը, որը հեղինակը նկարել է 1912 թվականին։ Նկարում պատկերված է մի կին, ում հեղինակը հանդիպել է, երբ վերջինս 17 տարեկան էր, իսկ ինքը՝ 21: Նա դարձավ Էգոնի սիրուհին և երկար տարիների բնորդուհին։ Էգոնը Վալին պատկերել է իր ամենահայտնի և ամենաապշեցուցիչ նկարներում։ Նկարը ձեռք է բերել Ռուդոլֆ Լեոպոլդը 1954 թվականին, և այն կազմում է Լեոպոլդ թանգարանի հավաքածուի մի մասը։ Թանգարանը հիմնադրվել է ավստրիական կառավարության կողմից, երբ նրանք գնեցին Լեոպոլդի հավաքածուից շուրջ 5000 կտավներ։ 1997-1998 թվականներին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Շիլեի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ավարտին մոտ Նյու Յորք Թայմս ամսագրում հրատարակվեց մի հոդված, որում ներկայացվեցին պատմության ընթացքում Շիլեի կտավների բոլոր սեփականատերերը։

Վալիի դիմանկար
տեսակԳեղանկար
նկարիչԷգոն Շիլե
տարի1912
բարձրություն32
լայնություն39.8
ուղղությունՍյուրռեալիզմ
ժանրդիմապատկեր
նյութՅուղաներկ և կտավ
գտնվում էՎիեննա
հավաքածուԼեոպոլդ թանգարան
սեփականատերLea Bondi Jaray?[1]
հիմնական թեմաWally Neuzil?
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of Wally (Egon Schiele - Leopold Museum) Վիքիպահեստում

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, կտավը պատկանում էր հրեա Լեա Բոնդի Ջերեյին, ով զբաղվում էր նկարների առքուվաճառքով։ Վերջինիս ժառանգները դիմում են Նյու Յորքի շրջանային դատարան նկարը Ավստրիա վերդարձնելը արգելելու պահանջով։ Սակայն դատարանը մերժում է նրանց հայցը։

2010 թվականին Լեոպոլդ թանգարանը համաձայնեց 19 միլիոն դոլար վճարել Բոնդիի ժառանգներին։ Այսպիսով նրանք համաձայնեցին հրաժարվել նկարի նկատմամբ իրենց իրավունքներից[2][3]։

Նոյցիլիի հետ հարաբերություններ խմբագրել

1911 թվականին Շիլեն հանդիպում է տասնյոթամյա Վալբուրգա Նոյցիլին։ Վերջինս Շիլեի հետ տեղափոխվում է Վիեննա և դառնում նրա բնորդուհին։ Նոյցիլիի մասին քիչ տեղեկություններ կան։ Հնարավոր է, որ նա նաև եղել է մեկ այլ հայտնի ավստրիացի նկարչի՝ Գուստավ Կլիմտի բնորդուհին։ Որոշ տեղեկությունների համաձայն նա անգամ եղել է Կլիմտի սիրուհիներից մեկը։ Շիլեն և Վալին ցանկանում էին հեռանալ Վիեննայից, քանի որ ըստ նրանց, այնտեղ կլաուստրոֆոբիկ միջավայր էր տիրում։ Այսպիսով, նրանք միասին տեղափոխվում են Չեսկի-Կրումլով (Հարավային Բոհեմիա)։ Չնայած որ Չեսկի-Կրումլովը Շիլեի մոր ծննդավայրն էր (որտեղ էլ այժմ գտնվում է Շիլեի թանգարանը), քաղաքի բնակիչները նրան և Վալիին դուրս են քշում այնտեղից։ Նմանատիպ անհանդուրժողականության առաջնային պատճառներից մեկն այն էր, որ բնակիչներին դուր չէր գալիս նկարչի ապրելակերպը։ Բացի այդ Շիլեն քաղաքի երիտասարդ աղջիկներին վարձում էր որպես մոդելներ, ինչը նույնպես բնակիչների հավանությանը չարժանացավ։

Շիլեն և Վալին միասին հեռանում են Ավստրիայի արևմուտքում գտնվող Նոյլենգբախ քաղաք։ Նրանք այնտեղ փնտրում էին էլ ավելի ոգեշնչող միջավայր և աշխատելու համար որևիցե էժանագին արհեստանոց։ Քանի որ որ քաղաքը մոտ էր մայրաքաղաքին, նոյլենգբախյան իրավազանց երեխաների համար Շիլեի արհեստանոցը հավաքատեղի դարձավ։ Շիլեի ապրելաոճը կրկին թշնամություն առաջացրեց քաղաքի բնակիչների շրջանակներում։ Արդյունքում 1912 թվականի ապրիլին նրան ձերբակալեցին և բանտարկեցին երիտասարդ աղջկա նկատմամբ, առանց վերջինիս համաձայնության, սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Շիլեի ավելի քան հարյուր նկար որակավորվեց որպես պոռնոգրաֆիկ։ Հետագայում բռնաբարության մեղադրանքը չեղյալ է համարվում։ Նրան դատում են միայն երեխաների համար հասանելի վայրերում էրոտիկ նկարներ ցուցադրելու համար։ Ընդհանուր առմամբ Շիլեն բանտում անցկացնում է երեք շաբաթ և երեք օր։

1914 թվականին Շիլեն Վիեննայի արվարձանում գտնվող Հիթցինգ քաղաքում արհեստանոց է ձեռք բերում։ Դիմացի փողոցում ապրում էր մի բողոքական փականագործ իր երկու քույրերի՝ Էդիտա և Ադել Հարմսերների հետ։ 1915 թվականի փետրվարին Շիլեն իր ընկերներից մեկին ուղված նամակում գրում է. «Ես պլանավորել եմ շահավետորեն ամուսնանալ։ Իհարկե, ոչ Վալիի հետ»։ Երբ Շիլեն այդ մասին հայտնում է Վալիին, վերջինս միանգամից հեռանում է, և նրանք այլևս երբեք չեն հանդիպում։ Մոտավորապես այս ժամանակ էլ Շիլեն նկարում է «Մահը և գեղեցկուհին» նկարը, որտեղ Վալիի դեմքը ամբողջությամբ դրան նախորդող նկարից է արտանկարված, իսկ Շիլեինն արդեն նոր կերպով է ներկայացված։ Շիլեն և Էդիտա Հարմսը ամուսնանում են 1915 թվականի հունիսի 17-ին։

Շիլեից հեռանալուց հետո Նոյցիլը աշխատում է Վիեննայի ռազմական հիվանդանոցում որպես բուժքույր։ 1917 թվականին նա աշխատում է Խորվաթիայի Դալմաթիա շրջանում և այնտեղ էլ նույն թվականի դեկտեմբերի 25-ին մահանում է կարմրախտից։

Վաղ սեփականություն և նացիստական բռնագրավում խմբագրել

Ըստ 1917 թվականին Նյու Յորք Թայմսում տպագրված մի հոդվածի նկարը պատկանել է հրեա Լեա Բոնդի Ջերեյին։ Նա նկարների առքուվաճառքով էր զբաղվում, և երբ 1939 թվականին գերմանական զորքերը գրավում են Ավստրիան, նա ստիպված նկարը թողնում է Ֆրիդրիխ Ուելզին[4]։ Ֆրիդրիխը նկարը տեսել էր Բոնդիի տանը, որը նրա սեփական հավաքածուի մասն էր կազմում։ Իսկ մնացած բոլոր նկարները, որոնք ցուցադրված էին Բոնդիի պատկերասրահում, արդեն բռնագրավվել էին նացիստական կառավարության կողմից։ Երբ Բոնդիի ընտանիքն արդեն ստիպված էր փախչել երկրից, նա՝ ամուսնու հորդորների ներքո նկարը հանձնում է Ուելզին[5]։

Նկարի պատմական ուղին խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ զորքերը ձերբակալում են Ուելզին և վերադարձնում պատերազմի ընթացքում նրա հավաքած բոլոր նկարները։ Այդ նկարների թվում էր նաև «Վալիի դիմանկար»-ը, որը մյուս նկարների հետ միասին վերադարձվում է ավստրիական կառավարությանը։ Բելվեդեր պատկերասրահը գնում է Շիլեի աշխատանքները[6]։ 1946 թվականին Բոնդին վերականգնում է Վիեննայում գտնվող իր արվեստի պատկերասրահը։ Նա կապ է հաստատում Ուելզի հետ, ումից էլ պարզում է, որ նկարը գտնվում է ավստրիական կառավարության հսկողության տակ։ Բոնդին հիշում է, որ 1953 թվականին ինքը հանդիպել է Ռուդոլֆ Լեոպոլդին և խնդրել օգնել իրեն նկարը վերադարձնել իր հավաքածու։ Դրա փոխարեն Բոնդին Լեոպոլդին խոստացել էր օգնել Շիլեի մյուս նկարները ձեռք բերելու գործում։ Հետագայում՝ 1954 թվականին, Բոնդին պարզում է, որ Լեոպոլդն անձամբ թանգարանից գնել է նկարը իր սեփական հավաքածուի համար։ 1972 թվականին Լեոպոլդը կազմում է Շիլեի աշխատանքների սեփականատերների ցուցակը, որտեղ չի նշում Լեա Բոնդիի անունը։ Մինչդեռ 1930-ական թվականներին այլ աղբյուրներում Բոնդին հիշատակվում է որպես նկարի վերջին սեփականատեր[6]։ Բոնդին մահացել է 1969 թվականին, իսկ նրա ժառանգները շարունակել են իր ուղին[4]։

1994 թվականին Ավստրիայի կառավարությունը ձեռք է բերում Լեոպոլդի հավաքածուն՝ դրա համար 500 միլիոն դոլար վճարելով։ Այդ նկարների թվում էր նաև «Վալիի դիմանկար»-ը։ Ավստրիական կառավարությունը հիմնում է Լեոպոլդ թանգարանը, որի տնօրեն է նշանակվում հենց ինքը Լեոպոլդը։ Վերջինս մահանում է 2010 թվականի հունիսին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել