Վալենտինո Մացցոլա

իտալացի ֆուտբոլիստ

Վալենտինո Մացցոլա (իտալ.՝ Valentino Mazzola, հունվարի 26, 1919(1919-01-26)[1], Կասանո դ’Ադա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 4, 1949(1949-05-04), Սուպերգա, Թուրին, Իտալիա)[2], իտալացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, 1949 թվականի Ա սերիայի լավագույն ռմբարկու, Իտալիայի հավաքականի և «Տորինոյի» թիմի ավագ։ Հայտնի ֆուտբոլիստ եղբայրներ Սանդրո և Ֆերրուչչո Մացցոլաների հայրը։

Վալենտինո Մացցոլա
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1919(1919-01-26)[1]
Ծննդավայր Կասանո դ’Ադա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահվան ամսաթիվ մայիսի 4, 1949(1949-05-04) (30 տարեկան)
Մահվան վայր Սուպերգա, Թուրին, Իտալիա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Վալենտինո Մացցոլան ծնվել է 1919 թվականին բանվորի ընտանիքում, որտեղ իրենից բացի ապրում էին իր չորս եղբայրները։ Վալենտինոյի ծնվելուց հետո կարճ ժամանակ անց հայրը մահանում է։ Մայրը ստիպված էր երեխաներին մենակ դաստիարակել։ Ընտանիքը կանգնել էր աղքատության շեմին։ Նրանք նույնիսկ հացի համար գումար չունեին։ Ընտանիքին օգնելու համար Վալենտինոն թողնում է նախնական կրթությունը և անցնում է աշխատանքի:10 տարեկանում նա փրկում է Անդրեա Բոնոմի անունով մի տղայի կյանքը, որը խեղդվելիս է լինում Ադդա գետում։ Մի քանի տարի անց Բոնոմին դառնում է «Միլանի» ֆուտբոլիստ, այնուհետև` թիմի ավագը։ Մացցոլան վաղ տարիքից հետաքրքրվում էր ֆուտբոլով. կազմում է թիմ, որի մեջ ընդգրկում է իր հասակակիցներին։ Նրանք դարպասին ձողեր էին կանգնեցնում և անգամ ցանց էին կապում։ Ֆուտբոլ էին խաղում շորերով պատրաստված գնդերով և կոշտ բանկաներով, որոնք փոխարինում էին գնդակին։ Նույնիսկ Մացցոլային մի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն և մեղադրում ձկնորսների ուռկանների անհետացման համար։

Առաջին ակումբը, որտեղ խաղում էր Վալենտինոն 14 տարեկանում, «Կառլո Տրեսոլդի» մարզական խումբն էր։ Այստեղ նա մասնակցում է Տրևիլիո քաղաքի երիտասարդական առաջնությանը։ Միաժամանակ աշխատում էր ակումբի սեփականատիրոջը պատկանող ձեռնարկությունում։ 1938 թվականին նա մեկ մրցաշրջան խաղում է C Սերիայում հանդես եկող «Ալֆա-Ռոմեո» ակումբում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան զորակոչում են Վենեցիա, որտեղ տեղակայված էր ռազմական նավատորմ։ Վենեցիայում նա դարձյալ շարունակում է ֆուտբոլ խաղալ և հնարավորություն ստանում անցնել փորձաշրջան տեղի «Վենեցիա» ֆուտբոլային ակումբում։ Մեկնարկային առաջին խաղը Լացիոյի հետ էր, 1940 թվականի մարտի 31-ին, որի ժամանակ ձախ թևի հարձակվող Մացցոլայի թիմը խաղը տանուլ է տալիս 0-1 հաշվով։ 1941 թվականին «Վենեցիան» նվաճում է Իտալիայի գավաթը՝ հաղթելով «Ռոմաին» երկու խաղում։ Առաջին խաղի ժամանակ Վալենտինոն խփում է հաղթական գոլը, և նրա թիմը խաղը հաղթում է 4-3 հաշվով[3]։ Հաջորդ տարի «Վենեցիան» Իտալիայի առաջնությունում գրավում է 3-րդ տեղը։ 1942 թվականի ապրիլի 5-ին Վալենտինոն իր մեկնարկային առաջին խաղն անց է կացնում հավաքականում՝ Խորվաթիայի հետ ընկերական խաղի ժամանակ։ Հաջորդ խաղին նա դառնում է գոլի հեղինակ՝ գրավելով Իսպանիայի հավաքականի դարպասը։ Նույն թվականի ամռանը Վալենտինո Մացցոլան տեղափոխվում է «Տորինո» ակումբ։ Առաջին խաղը «Տորինոյի» կազմում Մացցոլան անց է կացնում «Վենեցիայի» հետ։ Երկրպագուները գոռում էին` Մացցոլային անվանելով «ծախու»։ Այդ խաղում «Տորինոն» հաղթում է 3-1 հաշվով[4]։ 1943 թվականին «Տորինոն» 15 տարի ընդմիջումից հետո Վալենտինո Մացցոլայի օգնությամբ դառնում է Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ տարի թիմը գրավում է երկրորդ տեղը։ Դրանից հետո «Տորինոն» չորս անգամ անընդմեջ դառնում է երկրի չեմպիոն (1945/1946, 1946/1947, 1947/1948, 1948/1949 թվականներ)[5]։ 1947 թվականին Մացցոլան դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն (29 գոլ)։ 1947/1948 թվականների մրցաշրջանի ժամանակ «Տորինոն» ռեկորդ է սահմանում․ երկրորդ տեղ զբաղեցրած «Միլանը» 16 միավորով հետ էր «Տորինոյից»։ 1947 թվականի մայիսի 11-ին Իտալիա-Հունգարիա խաղի ժամանակ իտալացիների 11 ֆուտբոլիստներից 10-ը «Տորինոյից» էին։ «Տորինոյի» բոլոր հաղթանակներին Մացցոլան մեծ դեր է խաղացել։ Նա եղել է թիմի ավագը և գրոհների կազմակերպիչը։ Նրա աշխատավարձն ավելի բարձր էր, քան թիմի մնացած անդամներինը։ Իր լավագույն խաղն անց է կացրել 1945 թվականին Շվեյցարիայի հետ խաղում՝ փոխանցելով 4 գոլային փոխանցում(4-4)[6]։

Իտալիայի հավաքականի կազմում Վալենտինո Մացցոլան անց է կացրել 12 խաղ, խփել` 4 գոլ։

Անձնական կյանք խմբագրել

Վալենտինո Մացցոլան ամուսնացած է եղել երկու անգամ։ Ուներ երկու որդի՝ Սանդրո Մացցոլան և Ֆերրուչչո Մացցոլան։ Սանդրոն հոր մարզումների ժամանակ միշտ ներկա է եղել։ Հետագայում տղաները նույնպես ֆուտբոլիստներ են դարձել։

Մահը խմբագրել

1949 թվականի մայիսի 4-ին հայրը, ինչպես նաև «Տորինոյի» ամբողջ կազմը ավիավթարի զոհ են դառնում։ Թիմը վերադառնալիս է լինում Լիսսաբոնից։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Խաղեր
Լիգա Խաղեր Գոլեր
1936/1938 «Տրեսոլդի» Առաջին դիվիզիոն ? ?
1938/1939 «Ալֆա-Ռոմեո» Սերիա С ? ?
1939/1940 «Վենեցիա» Սերիա А 6 1
1940/1941 Սերիա А 27 6
1941/1942 Սերիա А 28 5
Ամբողջը «Վենեցիայ» կազմում 61 12
1942/1943 «Տորինո» Սերիա А 30 11
1943/1944 Զինվորական մրցաշար 25 21
1945/1946 36 16
1946/1947 Սերիա А 38 29
1947/1948 Սերիա А 37 25
1948/1949 Սերիա А 30 16
Ամբողջը «Տորինոյի» կազմում 204 118

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Valentino Mazzola
  3. Coppa Italia 1940/41
  4. «Душа "Торино"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  5. Valentino Mazzola
  6. MITI MONDIALI/Valentino Mazzola, una bandiera per sempre
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինո Մացցոլա» հոդվածին։