Սև երաշտահավ
Սև երաշտահավ | |
Սև երաշտահավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Երաշտահավեր (Paridae) |
Ցեղ | Periparus |
Տեսակ | Սև երաշտահավ (P. ater) |
Միջազգային անվանում | |
Periparus ater | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Սև երաշտահավը (Parus ater) երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Մարմնի կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 11,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 12 գ։ Փետրածածկը մուգ է, վզի հետին մասին կա սպիտակ հատված, թևին՝ 2 սպիտակավուն շերտեր, կոկորդը սև է։ Հասունի գլուխը սև ու սպիտակ նախշերով է։ Երիտասարդի գլխի նախշը մուգ դարչնագույն և դեղին է։ Կերակրվում է ծառերի վերին մասում, նաև թափված տերևների մեջ։
Կենսակերպ խմբագրել
Բնակվում է թփուտներով անտառներում, տնկարկներում, պտղատու այգիներում, խոշոր գետաձորերում, ձմռանը՝ նաև թփուտային կիսաանապատներում։ Հայաստանի անտառային շրջաններում լայնորեն տարածված տեսակներից է։
Սննդառություն խմբագրել
Սնվում է միջատներով, սերմերով։
Բնադրություն խմբագրել
Արուի հարսանեկան երգը լսելի է մարտի սկզբից մայիսի վերջը (որոշ տարիների՝ հունվարի 2-րդ կեսին)։ Բույնը կառուցում է էգը՝ ապրիլի 2-րդ կեսից հունիսին։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, մամուռից, բրդից։ Բնադրում է փչակներում, պատերի ճեղքերում կամ արհեստական թռչնաբներում։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից հունիսի վերջը։ Դնում է 15 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրավուն պտերով 4-9 ձու։
Դիլիջանի արգելոցում նորելուկ ձագերը արհեստական թռչնաբներում գրանցվում են մայիսի 1-ին տասնօրյակից։ Ձագերին կերակրում են արուն և էգը։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը։
Որպես փչակաբնակ միջատակեր՝ այլ տեսակների համակարգում կարող է կենսաբանական պայքարի միջոց դառնալ անտառի ու այգիների վնասատու միջատների դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |