Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Ստեփան Զորյանի տուն-թանգարան, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հանդիսավոր բացումը կատարվել է 1990 թվականի սեպտեմբերի 15-ին, գրողի ծննդյան օրը Կիրովականի այն առանձնատանը, որտեղ 1964-1967 թվականներին ապրել է XX դարի խոշոր հայ արձակագիր Ստեփան Զորյանը (1889-1967)։ Ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ստեփան Զորյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունՎանաձոր[1]
ՀասցեՍտեփան Զորյանի փ. 26[1]
ՏնօրենԼենա Անթառանյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը զբաղեցնում է 260 քմ ընդհանուր տարածք։ 1962-1964 թվականնեին Ստեփան Զորյանի ծննդավայրում՝ Կիրովականում, անվանի գրողի համար կառուցվում է առանձնատուն՝ ատամնավոր բուրգով։ Համաքաղաքացիներն այն անմիջապես մկրտում են «Հայոց բերդ» անունով։ Երկհարկանի տունը նախագծել էին գրողի որդիները՝ ճարտարապետներ Լևոն և Կարեն Զորյանները։ Այն ուներ նախասրահ, հյուրասենյակ, աշխատասենյակ, ննջարան, կոմունալ հարմարություններ։ Այդ շինությունը լինելու էր երկու հարկից և մեկ սենյակ՝ երրորդ հարկում։ Նախատեսվում էր նաև կից կառույց՝ շենքի հակառակ կողմում։

Վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվում են 1982 թվականի գարնանը։ Այն իրականացնում էր Վանաձորի շինվերանորոգման տրեստի թիվ 1 շինվարչության քաղխորհրդի գործկոմի ֆինանսավորմամբ՝ Վալերի Ղամբարյանի ղեկավարությամբ։

1983 թվականին ՀԽՍՀ մշակույթի նախարարության կողմից հաստատվում է տու-թանգարանի ցուցադրության ծրագիրը, որը կազմել էր Լևոն Զորյանը։

Ցուցադրություն

խմբագրել
 
Ստեփան Զորյանի կիսանդրին թանգարանի բակում:

Տուն-թանգարանն ունի յոթ սրահ։ Նախասրահում տեղադրված է Ստեփան Զորյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Գերասիմ Թումանյանն է։ Սրահներից երկուսը՝ աշխատասենյակը և ննջարանը, հուշային են։ Թանգարանի ողջ տարածքը 1420 քառակուսի մետր է, որից 1220 քառակուսի մետրը՝ բացօթյա։ Ցուցադրության ընդհանուր տարածքը 200 քառակուսի մետր է, օգտագործվողը՝ 260 քառակուսի մետր։

Տուն-թանգարանում ներկայացված ցուցանմուշները լուսաբանում են գրողի մանկության ու պատանեկության շրջանը հին Վանաձորում (Ղարաքիլիսա), ինչպես նաև գրողի գրական և հասարակական ակտիվ գործունեությունը Թբիլիսիում, Երևանում, Վանաձորում։ Ներկայացված է նաև գրողի աշխատասենյակը։ Տուն-թանգարանը համարվում է Վանաձորի գործուն գրական-մշակութային օջախներից մեկը։

Ցուցադրվում են նաև գրողի գրքերը, փաստաթղթերը, լուսանկարները, անձնական իրերը, մատենագրական տեղեկանքները, որոնք ստացվել են Մոսկվայից, Լենինգրադից, Ռիգայից, Վիլնյուսից, Չելյաբինսկից, Թբիլիսիից և այլ քաղաքներից։ ՔԹանգարանի կարևոր ձեռքբերումներից են թբիլիսաբնակ գրողներ Մկրտիչ Ասլանյանի և Բենիկ Սեյրանյանի նվիրատվությունները։ Դրանք Զորյանի ձեռագրերն են՝ «Ծառը» ակնարկը, որը Հայաստանի խորհրդայնացման 20-ամյակի առթիվ հայերեն, վրացերեն ու ռուսերեն լեզուներով հաղորդվել է Վրաստանի կենտրոնական ռադիոյով և գրողի նամակը Բենիկ Սեյրանյանին՝ իր մի թարգմանության առիթով։ Նվիրատվությունների մեջ առանձնանում են գրականագետ Չուբարի «Ստեփան Զորյանը հայ գրականության մեջ» աշխատությունը և Ծերուն Թորգոմյանի «Հոգեթով հույզեր» գիրքը՝ հեղինակների մակագրություններով։ Ցուցադրության ամենանշանավորը Մարտիրոս Սարյանի գործն է՝ «Ստեփան Զորյանի դիմանկարը», որը հեղինակը նվիրել էր Մոսկվայի գրականության թանգարանին, բայց 1992 թվականին տուն-թանգարանի տնօրեն Ջուլիետա Եղյանի ջանքերով տեղափոխվել է Վանաձոր։

Տուն-թանգարանում իրականացվում են ֆոնդային, գիտացուցադրական, գիտահետազոտական, գիտաճանաչողական, գիտամեթոդական, գիտալուսավորչական ր կազմակերպչական աշխատանքներ, կազմվում է գրողի ստեղծագործությունների համաբարբառը և կենսամատենագիտությունը։ Մշտապես հարստացվում են ձայնադարանն ու տեսադարանը, թարմացվում է ցուցադրությունը, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ՝ դասախոսություններ, հանդիպումներ գրողների, անվանի մարդկանց հետ, քննարկումներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ։

Տուն-թանգարանի նպատակն է այցելուներին ծանոթացնել Ստեփան Զորյանի կյանքին, ստեղծագործական ուղուն, ուսումնասիրել, պահպանել, գիտական մշակման ենթարկել և ցուցադրել գրողից ժառանգած մասունքները[2]։

Տուն-թանգարանի գործունեությունը

խմբագրել

Ստեփան Զորյանի տուն-թանգարանը Վանաձորում գործող միակ գրական թանգարանն է, գիտամշակութային մի օջախ, որը միշտ ծառայել ու ծառայելու է մեր ժողովրդին՝ դառնալով հոգևոր դաստիարակության կենտրոն։ Գրողի առանձնատունը նշանավոր է իր «Խնձորի այգով» որտեղ Զորյանն իր ձեռքերով տնկել, խնամել ու աճեցրել է արծաթափայլ եղևնիներ ու բազմատեսակ խնձորենիներ։ Եվ այսօր թանգարանի հյուրերին հաճախ են դիմավորում խորհրդանշական արարողությամբ՝ Զորյանի այգու խնձորի հյուրասիրությամբ, որն ասես ավելի կենդանի է դարձնում երկխոսությունը մեծ գրողի հետ։

Թանգարանի գործառույթների հիմնական ուղղությունները

խմբագրել

Ստեփան Զորյանի տուն-թանգարանում իրականացվում են ֆոնդային, գիտացուցադրական, գիտահետազոտական, գիտամեթոդական, գիտալուսավորչական և կազմակերպչական աշխատանքներ։

Ֆոնդային գործունեություն

խմբագրել

2017 թվականի տվյալներով տուն-թանգարանի ֆոնդը ներառում է շուրջ 2015 միավոր-թերթեր, ամսագրեր ու այլ մասունքներ։ Մատենադարանից, գրական ազգային թանգարանից (ԳԱԹ), կինոֆոտոյի և այլ արխիվներից ձեռք են բերվել գրողի ձեռագրեր և այլ տեսաձայնագրված նյութեր։ Դրանք լուսաբանում են ոչ միայն գրողի անցած ուղին, այլև ներկայացնում են Ղարաքիլիսայի կենցաղը, հոգևոր ու սոցիալական կյանքը։ Թանգարանում կազմակերպվում է այդ ֆոնդերի պատշաճ պահպանությունը։

Մեթոդական աշխատանքներ

խմբագրել

Մեթոդական աշխատանքների նպատակն է ձեռք բերել մասնագիտական և մեթոդական համապատասխան գրականություն, այլ թանգարանների ու սեփական փորձի հիման վրա կատարելագործել թանգարանում իրականացվող աշխատանքների մեթոդաբանությունը, դրանք պարբերաբար լուսաբանել մամուլում, ակտիվացնել համագործակցությունը հանրապետության և այլ երկրների թանգարանների, մշակութային տարբեր կազմակերպությունների հետ, մշակել ընդհանուր ծրագրեր, միջոցառումների նախագծեր՝ նշանակալից իրադարձությունների ու մարդկանց հուզող հարցերի շուրջ հասարակության առավել ակտիվ անդամներին թանգարանի աշխատակիցներին աջակից դարձնելու նպատակով։

Գիտահետազոտական աշխատանքներ

խմբագրել

Առաջնահերթ խնդիրներից է այլ թանգարանների արխիվային նյութերի, մամուլի հրապարակումների ուսունասիրություններով գտնել գրողի ստեղծագործական կյանքին վերաբերող դեռևս անհայտ էջեր և դրանք ներկայացնել հանրությանը ցուցադրություններով, հոդվածներով, առանձին ուսումնասիրության գրքերով։ Թանգարանի գիտաշխատողների կողմից կատարվել են գիտահետազոտական մի շարք աշխատանքներ, որոնցից լույս են տեսել «Ստեփան Զորյանը լրագրող», «Ստեփան Զորյանի տուն-թանգարանի պատմությունը» գրքերը, Տուն-թանգարանի ցուցադրության նկարաշարը, «Ստեփան Զորյանի տուն-թանգարանը» երկլեզու ուղեցույցը, «Զորյանը կինոյում», «Զորյանը տիկնիկային թատրոնում», «Զորյանի հերոսները գույների զարմանահրաշ աշխարհում» և այլ բուկլետներ։

Գիտացուցադրական աշխատանքներ

խմբագրել

Ձեռք բերված նյութերի և անձնական իրերի հիման վրա կազմակերպվում են մշտական ու ժամանակավոր ցուցադրություներ անհրաժեշտության դեպքում թարմացվում են մշտական ցուցադրությունները։

Թանգարանը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստեփան Զորյան 24 հասցեում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Գուգարաց աշխարհ չքնաղ Լոռի, Գիրք չորրորդ, Երևան «Ասողիկ» 2017

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Զորյանի տուն-թանգարան» հոդվածին։