Ստանիցա
Ստանիցա կամ կազակական յուրտ - կազակական գյուղական վարչական միավոր, որը բաղկացած է կազակական մեկ կամ մի քանի բնակավայրից (խուտոր, ավան): Ստանիցա է կոչվում նաև կազակական բնակավայրն իր բոլոր հողերով ու բնակչությամբ: Ցանկացած տիպի բնակավայրում ապրող կամ ինչ-որ առաքելությամբ որևէ տեղ ուղարկված յուրաքանչյուր կազակական համայնք ևս կոչվում էր ստանիցա և ուներ իր ղեկավար ատամանը:
ՊատմությունԽմբագրել
Ստանիցաները համարվել են զինվորական բնակավայրեր, որոնք ունակ էին կազակական զորքին տալու հեծյալների մեկ հարյուրյակ (էսկադրոն): Այդ բնակավայրերում տները գերազանցապես միահարկ էին, կառուցված էին փայտից կամ ծղոտախառն կավի՝ արևի տակ թրծված աղյուսներից, տանիքապատված էին եղեգով կամ կղմինդրով:
Ստանիցայի մշակութային կենտրոնը ուղղափառ եկեղեցին ու դպրոցն էին[1], հասարակական կենտրոնը՝ շուկայի հրապարակը՝ մայդանը]]»)[2]: Յուրաքանչյուր ստանիցայում շինություն էր հատկացված ստանիցայի վարչությանը և հարյուրյակային գրասենյակին[3]: Ստանիցայից ոչ հեռու գտնվում էր գերեզմանատունը:Մոտակայքում հաճախ լինում էր նաև ալրաղաց: Եթե մերձակայքում իրավիճակն անհանգստանալու տեղիք էր տալիս, ստանիցայի շուրջը խրամատներ էին փորվում, հողապատնեշներ բարձրացվում: Քանի որ տղամարդիկ զինվորական ծառայության մեջ էին գտնվում, տնտեսությունը ստիպված էին լինում վարել կանայք[4]:
Ստանիցայի ղեկավար կազմը ընտրվում էր ընդհանուր հավաքում: Վարչակազմի մեջ մտնում էին ատամանը, վերջինիս օգնականը և գանձապահը: Ատամանն էր հողակտորները բաշխում կազակների ընտանիքներին: Եթե ստանիցան մեծ չէր, վարչակազմի ընտրությանը մասնակցում էին բոլոր տղամարդ բնակիչները, իսկ եթե մեծ էր՝, յուրաքանչյուր տասը ընտանիք մեկ ներկայացուցիչ էր ընտրում և ուղարկում մասնակցելու հավաքին:
Բնակչության թվով ստանիցաները հաճախ գերազանցում են ոչ մեծ քաղաքներին: Օրինակ՝ 2010 թվականի տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող Կանևսկայա ստանիցայում բնակվում էր 44 386, այդ նույն երկրամասի Լենիգրադսկայա ստանիցայում՝ 36 940 մարդ: Սրանք ներկայումս համարվում են Ռուսաստանի խոշորագույն գյուղական բնակավայրերը: Իսկ նախքան 2015 թվականին քաղաքատիպ ավանի կարգավիճակ ստանալը՝ ամենախոշոր այդպիսի բնակավայր համարվում էր Ինգուշեթիայում գտնվող Օրջոնիկիձևսկայա ստանիցան (ներկայումս՝ Սունժա քտա), որտեղ 2015 թվականին բնակվում էր 64.041 մարդ:
Ըստ գրքային մի ձևակերպման՝ ստանիցա էր համարվում նաև թշնամուն փնտրելու համար նշանակված ծառայող մարդկանց ջոկատը[5]:
Ներկայումս ստանիցաներ՝ որպես բնակավայրեր, գոյություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետևյալ սուբյեկտներում. Ադիգեյա, Դաղստան, Ինգուշեթիա, Կարաչաևո-Չերկեսիա, Հյուսիսային Օսեթիա, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի և Վոլգոգրադի մարզեր:
Նախքան 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունն ու 1918-1922 թվականների քաղաքացիական պատերազմը ստանիցաներ եղել են նաև Ուրալում, Դոնբասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում ու Ղազախստանում, սակայն ժամանակի ընթացքում դրանք վերափոխվել են այլ կարգավիճակ ունեցող բնակավոյրերի:
ԳրականությունԽմբագրել
- «Станица»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Станица // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- «Станица легкая»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Беломечетская станица»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Есауловская, станица»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Станичная школа в Кочубеевском районе открыла группу детского сада
- ↑ КАЗАЧИЙ ДОМОСТРОЙ: СТАРИКИ
- ↑ История станицы Родниковской
- ↑ Станица Урухская. Историко-экономический очерк. А. Плющ
- ↑ «Древние грамоты и другие письменные памятники, касающиеся Воронежской губернии и частию Азова. Собраны Н. Второвым и К. Александровым-Дольником. Воронеж, 1851—1853» книга 1, стр. 86.