Սպիտակի շաքարի գործարան

Սպիտակի շաքարի գործարան, խորհրդային և մասամբ՝ հետխորհրդային շրջանի սննդի արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Գործարկվել է 1947 թվականին։ Հիմնական արտադրանքը եղել է շաքարավազը (1947 թվականի դրությամբ՝ 3,2 հազար տոննա)։ 1955 թվականից, շաքարի մելասը սնկով խմորման եղանակով, արտադրել է կիտրոնաթթու։ Շաքարի թափոններից պատրաստել է նաև կեր՝ թաց և չոր մզուկ, մելաս։

Հումքը ստացել է Խորհրդային Հայաստանի ճակնդեղագործական գյուղատնտեսական ձեռնարկություններից (շաքարի ճակնդեղ), իսկ առանձին տարիներին՝ նաև Կուբայից (շաքարեղեգի կիսաֆաբրիկատ)։ Արտադրությունն ունեցել է սեզոնային բնույթ, աշխատատար գործընթացների մեծ մասը համալիր մեքենայացված և ավտոմատացված են եղել։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1981 թվականին, 1947 թվականի համեմատ, արտադրանքի ծավալն աճել էր 10,3 անգամ և կազմել 17,4 միլիոն խորհրդային ռուբլի։ Արտադրանքն իրացվել է ՀԽՍՀ-ում, առաքվել Վրացական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ, ՌԽՖՍՀ, ինչպես նաև Իրան և Մոնղոլիա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 472