Մեքենայացում, արտադրության, ձեռքի աշխատանքի միջոցների մասնակի կամ լրիվ փոխարինում մեքենաներով, մեխանիզմներով ու սարքերով։ Ընդգրկում է նաև մտավոր աշխատանքի ոլորտը։

Մեքենայացման գլխավոր նպատակը աշխատանքի արտադրողականության բարձրացումը և ծանր, աշխատատար ու հոգնեցուցիչ օպերացիաներ կատարելուց մարդուն ազատելն է։ Այն նպաստում է հումքի, նյութերի, էներգիայի ռացիոնալ օգտագործմանը, արտադրանքի որակի բարձրացմանը, ինքնարժեքի իջեցմանը։ Մեքենայացման տեխնիկայի առաջընթացի գլխավոր ուղղություններից է, արտադրության արդյունավետության բարձրացման և արտադրողական ուժերի զարգացման նյութական հիմքը։

ՏեսակներԽմբագրել

Տարբերում են մասնակի ու համալիր մեքենայացումներ։

Մասնակիի դեպքում մեքենայացվում են արտադրական առանձին օպերացիաներ կամ աշխատանքներ (առավել աշխատատար), բայց պահպանվում է ձեռքի աշխատանքի զգալի մասը։

Համալիր մեքենայացման ժամանակ տեխնոլոգիական պրոցեսի բոլոր հիմնական օպերացիաներում և օժանդակ աշխատանքներում ձեռքի աշխատանքի միջոցները փոխարինվում են մեքենաներով։ Համալիր մեքենայացումից հետո արտադրական գործընթացի զարգացման հաջորդ աստիճանն արտադրության ավտոմատացումն է։

Մեքենայացումը գնահատվում է տարբեր ցուցանիշներով․ աշխատանքի մեքենայացման գործակից (մեքենայացված ու ձեռքի աշխատաժամանակների հարաբերություն), արտադրության մեքենայացման գործակից (մեքենայական եղանակով թողարկված արտադրանքի և արտադրանքի ընդհանուր ծավալների հարաբերություն), աշխատանքի մեքենազինվածություն (արտադրական մեքենաների ու մեխանիզմների արժեքի ու բանվորների թվի հարաբերություն), աշխատանքի էներգազինվածությՈւն կամ, երբեմն՝ էլեկտրազինվածություն (մեխանիկական և էլեկտրական էներգիայի ու բանվորների թվի հարաբերություն) և այլն։

Հասարակական արտադրության Մեքենայացումը սկսվել է 18-րդ դարի վերջերին։ Այն ընթացել է աշխատաձևերի ու աշխատամիջոցների զարգացման, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծման, մեքենաների ու մեխանիզմների կիրառման ուղիով, որի շնորհիվ հեղաշրջում է կատարվել արդյունաբերության մեջ, և բոլոր զարգացած երկրներում լայն տարածում է ստացել մեքենայական արտադրությունը։ Աստիճանաբար կիրառվել է ներքին այրման շարժիչը, ստեղծվել են բանող ու տրանսպորտային մեքենաներ, էներգիայի փոխակերպման նոր եղանակներ, էլեկտրական հոսանքի գեներատորներ, էլեկտրաշարժիչներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 501