Սպիտակագլուխ բադ

թռչունների տեսակ
Սպիտակագլուխ բադ
Սպիտակագլուխ բադ (արու)
Սպիտակագլուխ բադ (արու)
Սպիտակագլուխ բադ (էգ)
Սպիտակագլուխ բադ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Anatinae
Ցեղ Oxyura
Տեսակ Սպիտակագլուխ բադ (O. leucocephala)
Միջազգային անվանում
Oxyura leucocephala
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակագլուխ բադ (լատին․՝ Oxyura leucocephala), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կրմիր գրքում։

Բնադրող-չվող և հազվագյուտ տեսակ է։ Մարմնի երկարությունը 43-48 սմ է, թևերի բացվածքը՝ 62-70 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 600-636 գ։ Կտուցը լայն է՝ թվացյալ փքված, վիզը կարճ է և հաստ, պոչը երկար է և ուղղաձիգ։ Արուի կտուցը վառ կապույտ է, գլուխը՝ սպիտակ, գագաթին կա սև բիծ, վզին՝ սև օղակ։ Մարմինը վերևից շիկակարմրավուն-դարչնագույն է։ Էգը խամրած դարչնագույն է, կտուցը՝ ավելի փոքր, մուգ մոխրագույն։ Դեմքի ստորին աղոտ սպիտակ հատվածի վրա կա լայնակի ակնառու մուգ զոլ։ Սպիտակագլուխ բադը ինքնատիպ է իր արտաքին կառուցվածքով, կեցվածքով, վարքագծով և ձվերի անհամաչափ մեծությամբ (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգածի 13%-ը)։ Գերազանց լողորդ է, լողում է մարմինը ջրում գրեթե ընկղմած, պոչն իջեցրած կամ վեր ցցած, սուզվում է ջրի բավական խորը շերտերը (30-40 մ), թռիչքի է դիմում ծուլորեն, երբեք ցամաք դուրս չի գալիս։ Թափավազքի համար անհրաժեշտ է բաց ջրատարածք։ Բնակվում է առափնյա փարթամ, խիտ բուսականությամբ լճերում, գերադասում է Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների լճակները։ Սնվում է սերմերով, ջրային բույսերի դալար ցողուններով։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ փետրվարի կեսից ապրիլի առաջին տասնօրյակը։ Բնադրման պատրաստ զույգերի հարսանեկան խաղերը գրանցվել են ապրիլի վերջին-մայիսի սկզբին, որի ընթացքում արուն, մարմնի մեծ մասով ջրում ընկղմված, գլուխը ջրի մակերեսով առաջ պարզած, դանդաղ լողալով, սիրահետում է առջևից ավելի բարձր դիրքով լողացող էգին։ Բնադրում է խիտ եղեգնուտի խորքում, ջրաճահճային փտած բույսերի կույտի վրա։ Բույնը հարթակ է (տրամագիծը՝ 27-35 սմ) եղեգից, աղվափետուրներից։ Դնում է 70 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 5-10 ձու։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի սկզբից-նոյեմբերի վերջը։ Որպես անհետացող տեսակ՝ անհատ, պաշտպանության կարիք ունի։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Պիրենեյան թերակղզու հարավը, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան, Միջին Ասիան, Պակիստանը, Մոնղոլիան, Չինաստանի հյուսիս-արևմուտքը և Անդրկովկասը։ Հայաստանում բնադրել են Սևանա լճի ավազանում։ Մինչև 1970-ական թվականները հանդիպում էին առանձին առանձնյակներով։ Ներկայումս հանրապետության միակ ապրելավայրը Արմաշի ձկնաբուծական տնտեսությունն է, որտեղ բնադրում են 20-30 զույգ[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են եղեգնապատ բաց ջրային մակերեսով ձկնաբուծական լճակներում, բույնը գտնվում է հարթականման, եղեգնից, փտած ջրաճահճային բույսերի կույտերի վրա։ Դնում են 66-69,5 մմ տրամագծով 5-10 խամրասպիտակ ձու, թխսում՝ 27-29 օր։ Ձվից դուրս եկած ձագերին չորացնելուց հետո ծնողները ուղեկցում են կերակրվելու[1]։

Պահպանություն խմբագրել

Ռելիկտային տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Բնադրման շրջանում Արմաշի ձկնաբուծական լճակներում և Արարատյան գերխոնավ տարածքներում հաշվառվում է 20-30 զույգ։

Թվաքանակի աճ չի նկատվում։

Վտանգման հիմնական գործոններն են եղեգնուտների հրդեհումը, արմատահանումը և ապօրինի որսը։

Գրանցված է CITES–ի և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակագլուխ բադ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակագլուխ բադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։