«Սպեղանի» երգչախումբ, 1996 թվականի Երևանում հիմնադրված երգչախումբ (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Սարինա Ավթանդիլյան[1]), որի անդամ են դարձել Արցախյան ազատագրական պատերազմում զոհված մարտիկների զավակները։

«Սպեղանի» երգչախումբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գործունեություն1996 թվականից

Պատմություն խմբագրել

«Սպեղանի» երգչախումբը 1996 թվականին հիմնադրել է Սարինա Ավթանդիլյանը, որի ամուսինը՝ Գագիկ Օսիպյանը, 1992 թվականին զոհվել էր Շուշիի ազատագրման ժամանակ, իսկ նույն թվականի հուլիսի 4-ին Մարտակերտի տեղահանության ժամանակ անհետ կորել էին նրա մայրը, տատն ու պապը։ Զինկոմիսարիատների պատերին փակցրած նրա հայտարարություններին արձագանքել են ավելի քան հարյուր երեխաներ, որոնցից Սարինան ընտրել է ութսունին (բոլորը՝ մինչև տասը տարեկան, որոնցից ամենակրտսերը եղել է իր դուստրը՝ հնգամյա Մարինան)[2]։

  Ես հավատում էի, որ երգչախմբային արվեստն իրոք բալասան կլինի նրանց վիրավոր հոգիներին, կմեղմացնի կորստի ցավը։ Երգչախումբը ստեղծվեց, որովհետև պետք էր գոյատևել։
- Սարինա Ավթանդիլյան
 

2007 թվականից երգչախմբում գործում են մանկական և երիտասարդական խմբեր։ Վերջինը բաղկացած է աղջիկներից, որոնք Երևանի պետական կոնսերվատորիա շրջանավարտներ կամ ուսանողներ են (կամ երգել են մանկական խմբում)։

Երկացանկում ընդգրկված են հոգևոր, ազգային, նաև ժամանակակից կոմպոզիտորների երկերից։ Նրա կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչել են այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ջովաննի Անիմուչիան, Լուկա Մարենցիոն, Գիյոմ Կոստելեյը և ուրիշներ։ Երգչախմբի կատարմամբ ձայնագրվել և խտասալիկով թողարկվել է Կոմիտասի «Պատարագը»։ Խումբը նպաստում է արդի խմբերգային արվեստի զարգացմանը, հետևում հայկական երգչախմբային ավանդույթներին, յուրացնում նաև այլ դպրոցների մեթոդներ։

Համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Լիտվայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, մասնակցել միջազգային փառատոների, արժանացել մրցանակների։

2004 թվականին Իտալիայի Արեցո քաղաքում անցկացված Concorso Polifonico Internationale հեղինակավոր ավանդական փառատոնում «Սպեղանի» երգչախումբն արժանացել է երկրորդ մրցանակի[2]։ 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում արժանացել է «Հոգևոր երաժշտություն», «Ազգային երաժշտություն» անվանակարգերում 1-ին մրցանակների, «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում՝ Հատուկ մրցանակի։

«Սպեղանի» երգչախումբն ինձ հիացնում է իր կատարողական արվեստով։ Սիրում եմ լսել այս երգչախմբին, քանի որ նրա երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգին։

Տիգրան Մանսուրյան[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։