Տեսարաններ Կիոտոյից և նրա արվարձաններից

«Տեսարաններ Կիոտոյից և նրա արվարձաններից» (ճապ.՝ 洛中洛外図屏風) (նաև Կիոտոն և նրա արվարձանները կամ Տեսարաններ մայրաքաղաքից և նրա արվարձաններից), 17-րդ դարի ճապոնացի անհայտ նկարչի նախշանկարը վեցփեղկ առաջակալի վրա՝ պատկերված ռակուտյու ռակուգաի ժանրով։ Աշխատանքը կատարվել է թանաքի, ներկերի, ոսկու և թղթի օգտագործմամբ։ Ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։

Տեսարաններ Կիոտոյից և նրա արվարձաններից
2
տեսակճապոնական շիրմա և գեղանկար
նկարիչանհայտ
տարի17-րդ դար
բարձրություն156,1 սանտիմետր
լայնություն352,2 սանտիմետր
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
ժանրբնանկար[1] և Ռակուտյու ռակուգաի
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ

Ճապոնական գեղանկարչության ստեղծագործությունները, մասնավորապես ծալովի առաջակալները, որոնք իրենցից ներկայացնում են Կիոտոյի և նրա արվարձանների համայնապատկերային տեսարանները, կոչվում էին ռակուտյու ռակուգայի (ճապ. 洛中洛外図屏風), որը բառացի նշանակում է «մայրաքաղաքը ներսից, մայրաքաղաքը դրսից»[3][4]։ Առաջին ռակուտյու ռակուգայիները հայտնվեցին 16-րդ դարի 20-ական թվականներին և հասան իրենց ժողովրդականության գագաթնակետին 17-րդ դարի առաջին կեսին[4]։

Առաջակալը բավականին լավ է պահպանվել, այդ թվում շողշողացող ոսկե ֆոնը և վառ գույները[4]։ Տներ, վանքեր, շինություններ, փողոցներ և մարդկային պատկերներ, որոնք շարված են հստակ կազմակերպված սխեմայով[4]։ Մեր ժամանակներում Կիոտոյի պատկերներով պահպանված առաջակալների, ինչպես նաև անհայտ նկարչի այս առաջակալի մեջ քաղաքը բաժանված է արևելյան և արևմտյան մասերի։ Առաջակալի աջ մասում պատկերված է քաղաքի արևելյան կեսը, որտեղ հուլիսի կեսերին ամեն տարի անցկացվում էր «Գիոն» ամառային փառատոնը, իսկ առաջակալի ձախ մասում պատկերված է արևմտյան կեսը և Նիձյո ամրոցը[3]։ Նիձյո ամրոցի մոտ պատկերված է սայլակառք, որին ուղեկցում է երթաշարքը, հեղինակը մակագրել է, որ պալատ է գալիս Տոկուգավան (չի հաստատվել, թե արդյոք այստեղ պատկերված է կոնկրետ պատմական այցելություն)[4]։ Ամրոցը պատկերված է մինչև 1626 թվականի վերակառուցումը։ Պատկերի աջ մասի մեջտեղով հոսում է Կամո գետը, որը քաղաքը բաժանում է արվարձանից։ Գետի ներքևից դեպի արևմուտք հոսում է 1611 թվականին կառուցված Տասեգավա ջրանցքը։ Աջ մասի վերևի աջ անկյունում տեսանելի է 1622 թվականին ավերված Ֆուսիմի ամրոցը։ Նախշանկարներում պատկերված են Թոֆուկու-ձի, Կիյոմիձու-դերա, Յասակա, Տիոն-ին, Սանձյուսանգեն-դո, Տենրու-ձի, Կինկակու-ձի, Դաիտոկու-ձի, Կիտանո-Տեմմանգու, Հոկո-ձի վանքերը, Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով կառուցված Կայսերական պալատը Կիոտոյում[4]։ Հոկո-ձիի կողքին գտնվում է մեկ այլ շինություն կապված Տոյոտոմի Հիդեյոսիի հետ, դա հողե դամբարանաթումբ է քարե աստիճաններով, որը կոչվում է Միմի-ձուկա, հավանաբար այն կառուցվել է որպեսզի այդտեղ թաղվեն Հիդեյոսիի բանակի Կորեա արշավանքների ընթացքում բերված թշնամու զինվորների ականջներն ու քթերը[4]։ Կամոյի ափին գտնվում է ևս մեկ շինություն, փոքրիկ բուրգ, որտեղ թաղված են Հիդեյոսիի որդեգրած տղայի Հիդեցուգիի երեսուն հարճերը (1595 թվականին Հիդեյոսին ստիպեց Հիդեցուգին ինքնասպանություն գործել անառակ կյանք վարելու համար, նրա հետ սպանվեցին իր ծառաներն ու հարճերը)[4]։ Պատկերված է նաև դամբարան, որտեղ թաղված է Հիդեյոսին։ Կայսերական պալատի թաղամասում հարուստ հագնված հանդիսականները դիտում են նո թատրոնի ներկայացումը[4]։ Առաջակալի մյուս մասերում պատկերված են «Գիոն» փառատոնի տոնական զբոսանքները, կաբուկի թատրոնի ներկայացումը բնակչության համեմատաբար պակաս հարուստ խավի համար, հանրային դասախոսություններ բուդդիզմի պատմության վերաբերյալ, ձիարշավներ Կամիգամո տաճարի մոտակայքում[4]։

Տասեգավայի ջրանցքի և Ֆուսիմի ամրոցի առկայությունը վկայում են այն մասին, որ նախշանկարը ստեղծվել է 1611-1622 թվականների միջև։ Բնանկարի որոշ ոճական մանրամասնություններ ցույց են տալիս, որ նկարիչը սովորել է Կանո գեղարվեստի դպրոցում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.metmuseum.org/art/collection/search/53428
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 «洛中洛外図屏Scenes in and around the Capital» (անգլերեն). The Metropolitan Museum of Art.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 154-153. ISBN 9780870991363.