Նինո Մարտոլյո (իտալ.՝ Nino Martoglio), կամ Նինու Մարտոլյու (սից.՝ Ninu Martogliu, դեկտեմբերի 3, 1870(1870-12-03)[1], Բելպասո, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 15, 1921(1921-09-15)[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), իտալացի և սիցիլիացի բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, սցենարիստ և թատրոնի ու կինոյի ռեժիսոր։ Լուիջի Պիրանդելոյի հետ միասին հանդիսանում է սիցիլիական ազգային դրամատիկ թատրոնի հիմնադիրը[3][4]։ Նինո Մարտոլյոյի աշխատանքներն առանձնանում են նրանով, որ նա ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հասարակության մեջ հարուստների և աղքատների միջև տարբերությունը և դրանց իրական բնույթը։ Նրա շատ ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել[5]։

Նինո Մարտոլյո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1870(1870-12-03)[1]
ԾննդավայրԲելպասո, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 15, 1921(1921-09-15)[1] (50 տարեկան)
Մահվան վայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
ԳերեզմանԿամպո Վերանո[2]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունսցենարիստ, գրող, մոնտաժող, դրամատուրգ, լրագրող, բանաստեղծ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
 Nino Martoglio Վիքիպահեստում

Նինո Մարտոլյոյի անունը կրում են մի շարք փողոցներ Հռոմում[6], Կատանիայի[7] և Իտալիայի շատ քաղաքներում, իր անունն է կրում նաև մի դպրոց Սիրակուզայում[8], Բելպասոյի դպրոցն ու թատրոնը[9][10], թատերական մշակութային ասոցիացիան[11] և սիցիլիական լեզվով պոեզիայի մրցանակը[12]։

Կենսագրություն խմբագրել

Նինո Մարտոլյոն ծնվել է Սիցիլիայի Կատանիա պրովինցիայի Բելպասոյում 1870 թվականի դեկտեմբերի 3-ին[13][14]։ Նրա հայրը՝ Լուիջի Մարտոլյոն, եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից և նախկին լրագրող։ Մայրը՝ Վինչենցան, ի ծնե՝ Ձապալա-Արադաս, եղել է տարրական դասարանների ուսուցչուհի։ Ապագա բանաստեղծն ու դրամատուրգը մանուկ տարիներից առանձնացել է անկախ և կտրուկ բնավորությամբ։ Ավարտելով դասական տեխնիկական գիմնազիան 14 տարեկան հասակում՝ նա նավով մեկնել է ճամփորդության իր հորեղբայր նավապետի գլխավորությամբ։ 19 տարեկան հասակում կատարելով չորս ճամփորդություն և ստանալով կապիտանի կոչում՝ թողել է ծովը[15][16]։

Վերադառնալով Կատանիա՝ որոշ ժամանակ աշխատել է «Կատանյան թերթ» (իտալ.՝ Gazzetta di Catania) ամսագրի խմբագրությունում, որը պատկանել է իր ծնողներին։ Ապա շարունակել է սիցիլիական լեզվով սատիրիկ և հումորային «Դ’Արտանյան» (իտալ.՝ D’Artagnan) շաբաթաթերթի հրատարակումը, որը հիմնադրվել էր իր եղբոր՝ Ջովանի Մարտոլյոյի կողմից։ Առաջին երկու համարները թողարկվել են 1889 թվականի ապրիլի 20-ին և 27-ին համապատասխանաբար։ Պարբերական հրատարակումները վերսկսվել են 1893 թվականի սեպտեմբերից 3-ից և շարունակվել մինչև 1904 թվականի մայիսի 1-ը։ Շաբաթաթերթի հիմնական ընթերցողները աղքատ քաղաքացիներն էին, որոնց իրավունքները պաշտպանվում էին Նինո Մարտոլյոյի կողմից, ով հրատարակության թերթերում պախարակում էր ժամանակակից հասարակության արատները։ Դրա համար նա մեկ անգամ չէ, որ արժանացել է սպառնալիքների և նրանից պատիվ են պահանջել[16]։

1901 թվականին նա հիմնել է Սիցիլիական դրամատիկ գործակալությունը, որի նպատակը եղել է սիցիլիական լեզվով ազգային թատրոնի ստեղծումը։ Գործակալության կազմի մեջ մտել են Ջովանի Գրասոն, Վիրջինիա Բաիստրյերին, Ջաչինտա Պեցանան և Տոտո Մայորանան։ 1903 թվականի ապրիլին իր կողմից հավաքած առաջին խումբը մեծ հաջողությամբ առաջին անգամ հանդես եկավ Միլանում։ Դրանից հետո հաջորդաբար հանդես եկան երկրորդ խումբը՝ 1904 թվականի ապրիլին Պալերմոյում, և երրորդը՝ 1907 թվականի դեկտեմբերին Մոդենայում։ Վերջինիս գեղարվեստական ղեկավարը դարձավ Անջելո Մուսկոն, որի հետ Նինո Մարտոլյոն բարեբեր ստեղծագործական հարաբերություններ ծավալեց։ Սիցիլիական դրամատիկական գործակալությունը դադարեց գոյություն ունենալ 1908 թվականին[17][16]։

1902 թվականին Նինո Մարտոլյոն ընտրվեց կոմունայի վարչակազմի խորհրդատու, սակայն երկու տարի անց տեղացի սոցիալիստների հետ անհամաձայնության պատճառով հրաժարական տվեց։ 1904 թվականին նա հեռացավ Կատանիայից և տեղափոխվեց Հռոմ, որտեղ հաջորդ տարվա հոկտեմբերին ամուսնացավ Էլվիրա Սկյավացիի հետ, ով հանրահայտ տենոր Պիերո Սկյավացիի քույրն էր։ Նրանք ունեցան չորս երեխա՝ Լուիջի-Մարկո, Բրունո, Լիչիա և Մարիա։ 1910 թվականին Հռոմում Նինո Մարտոլյոն հիմնել է Մինիմո թատրոնը, որի բեմում իտալացի և արտասահմանյան դրամատուրգների մեկ գործողությունից բաղկացած մի քանի պիեսներ է բեմադրել։ Այստեղ նրա կողմից բեմադրվել են նաև Լուիջի Պիրանդելոյի վաղ պիեսները։ Այդ ժամանակ նա ակտիվորեն համագործակցել է հանրահայտ իտալական ամսագրերի և թերթերի հետ, ինչպիսիք են «Նոր անտոլոգիա»-ն (իտալ.՝ Nuova antologia) և «Երեկոյան սուրհանդակ»-ը (իտալ.՝ Il corriere della sera), որոնց համար նա ավելի քան երկու հարյուր հոդված է[17][16]։

1913 թվականին Մարտոլյոն մի քանի սցենարներ է գրել «Չինես» ստուդիայի (իտալ.՝ Cines) համար։ Նույն թվականին Ռոբերտո Դանեզիի հետ միասին Հռոմում հիմնել «Մորգանա Ֆիլմս» (իտալ.՝ Morgana Films) ստուդիան, որտեղ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար, սցենարիստ և ռեժիսոր։ Ռոբերտո Դանեզիի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մարտադաշտում մահից հետո թողել է կինոն և վերադարձել թատրոն։ 1918 թվականի դեկտեմբերին հիմնել է Միջերկրածովյան թատերական միությունը, որը գոյություն է ունեցել մինչև 1920[5]։ Նինո Մարտիլյոն մահացել է 1921 թվականի սեպտեմբերի 15-ին Կատանիայում՝ ընկնելով Վիկտոր Էմանուիլի անվան հիվանդանոցի վերելակից, որտեղ նա եկել էր այցելելու իր հիվանդ որդուն։ Իր կյանքի ու արվեստի որոշ հետազոտողների կարծիքով՝ դա եղել է կանխամտածված սպանություն[17][16]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Նինո Մարտոլյոյի ստեղծագործական ուղին սկսվել է բանաստեղծություններից, որ հրապարակվել են 1890 թվականին «Դ’Արտանյան» շաբաթաթերթում, որտեղ հրապարակվել են իր բոլոր բանաստեղծական ստեղծագործությունները։ Երիտասարդ բանաստեղծի վաղ արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել Ջուզեպե Բորելոն և Ֆրանչեսկո Ռիցոտոն։ Դրա հետևանքով Նինո Մարտոլյոյի բանաստեղծությունների մեծ մասը թողարկվել է «Հարյուրյակ» (սից.՝ Centona) հավաքածուում։ Դրանք բարձր գնահատականների են արժանացել իր ժամանակակից Ջոզուե Կարդուչիի կողմից, որը նշել է Սիցիլիայի բնության պատկերման մեջ իրականության առկայությունը[5][16]։

Գրողի՝ Սիցիլիական դրամատիկական համայնքում աշխատելու տարիներին գրած ամենահայտնի կատակերգություններից են «Սուրբ Հովհաննեսի մահապատիժը» (իտալ.՝ San Giovanni decollato) և «Ցամաքի օդը» (իտալ.՝ L'aria del continente)[18][19]:

Նա նկարահանել է «Մոլորվածը մթության մեջ» (իտալ.՝ Sperduti nel buio) ֆիլմը՝ Ռոբերտո Բրակոյի պիեսի հիման վրա։ Ֆիլմը դարձել է իտալական ֆիլմագրության առաջին իրատեսական։ Ի տարբերություն իր ժամանակի ինտելեկտուալների մեծամասնության՝ Նինո Մարտոլյոն վաղ է հասկացել արվեստի նոր ձևի հեռանկարները[5]։

Գնահատական խմբագրել

  Մարտոլյոն Սիցիլիայի համար նույնն է, ինչ Դի Ջակոմոն և Ռուսոն Նեապոլի համար, Պսակարելան և Տրիլուսան Հռոմի համար, Ֆուչինին՝ Տոսկանայի, Սելվատիկոն և Բարբարինին՝ Վենետոյի համար. հարազատ ձայներ, որոնք խոսում են հայրենի հողի մասին այնպես, ինչպես կասեր ինքը և ուրիշ ոչ ոք, բույրով և ջերմությամբ, օդով, շնչառությամբ և հոտով, որոնցով մենք իսկապես ապրում ենք և վայելում ենք, և լուսավորվում ենք, և լուսարձակում ենք, և շնչում ենք, և զարկում է մեր սիրտը միայն այնտեղ և ուրիշ ոչ մի վայրում։  

— Իտալացի գրող և դրամատուրգ Լուիջի Պիրանդելո[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.findagrave.com/memorial/108867401
  3. «Nino Martoglio e il teatro dialettale» (իտալերեն). Paternesi.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Il teatro siciliano» (PDF) (իտալերեն). Unime.it. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Paola Daniela Giovanelli. «Martòglio, Nino». Dizionario Biografico degli Italiani - Volume 71 (2008) (իտալերեն). Treccani.it.
  6. «Via Nino Martòglio, Roma» (իտալերեն). Tuttocitta.it.
  7. «Via Nino Martòglio, Catania» (իտալերեն). Tuttocitta.it.
  8. «Istituto comprensivo «Nino Martoglio»» (իտալերեն). Comune.Siracusa.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «Scuola «Nino Martoglio», Belpasso» (իտալերեն). Scuolaninomartoglio.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. «Teatro «Nino Martòglio»» (իտալերեն). Comune.Belpasso.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Associazione Teatrale Culturale «Nino Martoglio»» (իտալերեն). Ninomartoglio.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «Regolamento Premio Martoglio». Premio Martoglio (իտալերեն). Ninomartoglio.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. Rallo, 2003, էջ 88
  14. Moliterno, 2009, էջ 196
  15. Marrone, Puppa, 2006, էջ 1165–1166
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Santo Privitera. «Nino Martòglio a novant'anni dalla scomparsa» (իտալերեն). Ilprismatico.it.
  17. 17,0 17,1 17,2 Marrone, Puppa, 2006, էջ 1166
  18. «Martòglio, Nino». Enciclopedie on line (իտալերեն). Treccani.it.
  19. Silvio D'Amico. «Martòglio, Nino». Enciclopedia Italiana (1934) (իտալերեն). Treccani.it.
  20. Pietro Seddio. «Nino Martoglio» (իտալերեն). Unilibro.it.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Paola Daniela Giovanelli. — Биография Нино Мартольо на сайте Treccani«Martoglio, Nino». Dizionario Biografico degli Italiani – Volume 71 (2008). (իտալ.)
  • «Martoglio, Nino». Gutenberg.org — Նինո Մարտոլյոյի ստեղծագործությունները գուտենբերգի նախագծում. (իտալ.)
  • Astrid Filangieri. — Биография и произведения Нино Мартольо на сайте Il Portale del Sud«Nino Martoglio, il grande poeta e commediografo siciliano». Ilportaledelsud.org. (իտալ.)