Ներանձնային կոնֆլիկտ, կոնֆլիկտի տեսակներից, որն ընթանում է հենց ներհոգեկան ոլորտում, հետևաբար դրա կառուցվածքային, ուժաբանական ու գործառութային դրսևորումներն ունի բացառապես հոգեկան, հոգեբանական բնույթ։ Արտաքին կոնֆլիկտի ժամանակ մարդը գործ ունի արտաքին աշխարհի խոչընդոտող հանգամանքների հետ։ Այսինքն՝ արտաքին աշխարհը խոչընդոտում է իրականացնել սեփական ցանկություններն ու նպատակները։ Իսկ ներանձնային կոնֆլիկտի ժամանակ հակամարտությունը գնում է ոչ թե մարդու և արտաքին աշխարհի միջև, այլ մարդու ներքինում։

Զիգմունդ Ֆրոյդ, ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր։ Ես (Ego), Այն (Id), Գեր Ես (Super ego) կառույցի հեղինակ։

Կոնֆլիկտ խմբագրել

«Կոնֆլիկտ» հասկացությունը բխում է լատիներեն conflictus (բախում, ընդհարում) բառից և համարյա անփոփոխ կերպով կիրառվում բազմաթիվ լեզուներում։ Կոնֆլիկտը կողմերի բախումն է, հակամարտությունը, որի ընթացքում կողմերից գոնե մեկը հակառակ կողմի գործողություններն ընկալում է որպես իր սեփական հետաքրքրություններին ուղղված սպառնալիք։ Այլ կերպ՝ կոնֆլիկտն իրականացած տարաձայնություն է[1]։ Մոտավոր հաշվարկներով 20-րդ դարում կոնֆլիկտների արդյունքում զոհվածների թիվը կազմում է 300.000.000 մարդ։ Ժամանակակից հասարակական իրավիճակը մարդկության առջև դնում է լուրջ ընտրություն` կամ մենք պետք է ձգտենք հաղթահարել և հանգուցալուծել մեր կոնֆլիկտները, կամ պետք է շարունակենք շարժվել ինքնակործանման ճանապարհով։ Ակնհայտ է, որ առավել նախընտրելի է առաջին տարբերակը։ Եվ հենց այդ տարբերակի նախընտրություն է, որ պայմանավորում է կոնֆլիկտների գիտական հետազոտությունների անհրաժեշտությունը։ Կոնֆլիկտները հանդես են գալիս որպես մեր քաղաքակրթության անքակտելի մասը, և հաճախ դրանք հարկ է դիտարկել ոչ միայն որպես բացասական այլև, որոշ դեպքերում նույնիսկ որպես անհրաժեշտ երևույթներ։

Ներանձնային կոնֆլիկտի հոգեբանական հայեցակարգեր խմբագրել

Կոնֆլիկտաբանության և հոգեբանության մեջ առավել «հոգեբանական» են ներանձնային (անձնային, հոգեկան) կոնֆլիկտները։ Չնայած այն հանգամանքին, որ դրանց առաջացմանը նպաստող բազմաթիվ գործոններ տեղակայված են ներհոգեկան ոլորտից դուրս (արտաքին կենսամիջավայրում) այդուհանդերձ, այդպիսի կոնֆլիկտներն ընթանում են հենց ներհոգեկան ոլորտում, և դրանց դրսևորումներն ունեն բացառապես հոգեբանական բնույթ։ Այդ իսկ պատճառով, ներանձնային կոնֆլիկտները, մյուս կոնֆլիկտների համեմատությանբ (միջանձնային, ներխմբային, «անձ-խումբ», միջխմբային), արժանանում են ավելի մեծ հոգեբանական ուշադրության։

Այստեղ, ի տարբերություն այլ տիպի կոնֆլիկտների, չկան դեպի միևնույն նպատակակետը շարժվող կոնֆլիկտային փոխազդեցության սուբյեկտներ` իրենց նպատակներով։ Ներանձնային կոնֆլիկտն ընթանում է մեկ սուբյեկտի մեջ, որը հանդես է գալիս որպես կոնֆլիկտի միջավայր։ Եվ, որ ավելի կարևոր է, ներանձնային կոնֆլիկտի կողմերը, շատ դեպքերում, ոչ թե հակադիր ուղղություններից շարժվում են դեպի միևնույն նպատակակետը և մտնում հակամարտության մեջ վերջինիս համար, այլ, մեկնարկելով միևնույն սկզբնակետից` շարժվում տարբեր ուղղություններով։ Այս դեպքում կոնֆլիկտի կողմերը ոչ թե բախվում են, այլ, շարժվելով հակառակ ուղղություններով հեռանում են միմյանցից` պառակտելով անձի ամբողջականությունը[2]։

Ներանձնային կոնֆլիկտների հիմնական առանձնահատկություն այն է, որ այս դեպքում մեծ նշանակություն է ստանում ընդհանուր համակարգի` անձի ամբողջականության պահպանման խնդիրը, որի բացակայության պայմաններում հնարավոր չէր լինի ներանձնային կոնֆլիկտային գործընթացները դիտարկել որպես այդպիսիք (յուրաքանչյուր առանձին հոգեկան բովանդակություն կշարժվեր իր նախընտրած ուղղությամբ և չէր լինի ոչ մի բախում)։ Այսպիսով, ներանձնային կոնֆլիկտն, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես անձի ներհոգեկան բովանդակությունների այնպիսի փոխազդեցություն, որի դեպքում վտանգվում է անձի ամբողջականությունը։

Կոնֆլիկտի կողմ հանդիսացող ներհոգեկան բովանդակությունների բնույթի տեսանկյունից սովորաբար առանձնացվում են ներանձնային կոնֆլիկտների չորս տարատեսակներ` մոտիվացիոն, կոգնիտիվ, դերային և բարոյական կոնֆլիկտներ։

Մոտիվացիոն կոնֆլիկտ խմբագրել

Մոտիվացիոն կոնֆլիկտների դեպքում որպես կոնֆլիկտող կողմեր հանդես են գալիս անձի շարժառիթային ոլորտի բովանդակությունները (նպատակները, հետաքրքրությունները, պահանջմունքները և այլն)։ Այս տիպի կոնֆլիկտներն առավել մեծ ուշադրության են արժանանում հոգեդինամիկ հոգեբանական ուղղություններում։

Այսպես, հոգեվերլուծության մեջ, որպես ներանձնային կոնֆլիկտի հիմնական դերակատարներ հանդես են գալիս հոգեկանի տարբեր մակարդակներում ձևավորվող ներհոգեկան բովանդակությունները։ Ընդ որում, կոնֆլիկտ կարող է առաջանալ տարբեր մակարդակների բովանդակությունների բախման արդյունքում։ Եթե բախվում են Ես-ի (Ego) և Այն-ի (Id) բովանդակությունները, առաջ է գալիս տեղափոխման նևրոզ։ Նարցիսական նևրոզը Ես-ի և Գեր Ես-ի առճակատման արդյունք է, իսկ փսիխոզը` Ես-ի և արտաքին աշխարհի[3]։ Ինչպես տեսնում ենք, նշված բոլոր տարբերակներում առկա է Ես-ը, այն դեպքում, երբ հոգեվերլուծության մեջ որպես մոտիվացիոն ոլորտի հիմնական դրսևորում դիտարկվում է Այն-ը։ Սակայն եթե հաշվի առնենք, որ «Ես-ը, իր էությամբ, Այն-ի ձևափոխված մասն է»[4], որը «պարտավոր է իրագործել Այն-ի մտադրությունները, գտնելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն այդ մտադրությունների առավելագույն իրականացում»[5], ապա կստացվի, որ բոլոր դեպքերում մենք գործ ունենք Այն-ի հետ։ Այնպես որ, հոգեվերլուծության մեջ ներանձնային կոնֆլիկտների հիմնական դերակատարներն Այն-ից բխող մղումները կամ դրանց արտամղված ձևերն են։

Կոգնիտիվ կոնֆլիկտ խմբագրել

Կոգնիտիվ կոնֆլիկտները բնութագրվում են անհամատեղելի մտապատկերների և իմացական կառուցվածքների բախումով։ Այս տեսակետը հիմնվում է կոգնիտիվ հոգեբանության դրույթի վրա, համաձայն որի (ընդհանուր առմամբ), անձն իրականության մեջ կողմնորոշվում և իրականությանը հակազդում է իր մոտ ձևավորված կոգնիտիվ կառույցների միջնորդությամբ (Քելլի)։ Սակայն լինում են դեպքեր, երբ առանձին կոգնիտիվ կառույցները հակասում են միմյանց, նույնիսկ դառնում են անհամատեղելի։ Այս պարագայում առաջ է գալիս այսպես կոչված «կոգնիտիվ դիսոնանսի» երևույթը(Ֆեսթինգեր)։ Կոգնիտիվ դիսոնանսն ուղեկցվում է դիսկոմֆորտ վիճակով և անձը ձգտում է հաղթահարել այն, վերջիվերջո նախընտրություն տալով կոգնիտիվ կոնստրուկտներից որևէ մեկին։

Դերային կոնֆլիկտ խմբագրել

Դերային կոնֆլիկտի դեպքում բախվում են անձի հասարակական դերերը, անհամատեղելի են դառնում տարբեր դերերով պայմանավորված նրա վարքը, պարտականություններն ու ձգտումները։ Հոգեկան կոնֆլիկտների այս տիպն առնչվում է անձի գործունեության ոլորտի հետ։

Դերային կոնֆլիկտների մեջ առանձնացվում են երկու` «Ես-դեր» և «դեր-դեր» տիպի կոնֆլիկտներ։ Առաջին դեպքում տարաձայնությունն առաջանում է դերի կողմից թելադրվող պահանջների և անձի հնարավորությունների, սկզբունքների, համոզմունքների միջև։ Երկրորդ դեպքում անհամատեղելի են դառնում երկու տարբեր դերեր, դերային դիրքորոշումներ։ Ընդ որում, չափազանց հաճախակի է անձի դրսևորումների տարբեր ոլորտներում իրականացվող դերերի բախումը (ընտանիք-աշխատանք, աշխատանք-ընկերություն, ընտանիք-ընկերություն և այլն)։

Բարոյական կոնֆլիկտ խմբագրել

Բարոյական կոնֆլիկտները կարող են իրականանալ ինչպես առանձին դերերի, այնպես էլ կոգնիտիվ կառույցների և մոտիվների միջև։ Այս տիպի կոնֆլիկտները նկարագրվում են որպես բախումներ ցանկության և պարտքի, բարոյական սկզբունքների և սեփական նախասիրությունների միջև։ Որոշ դեպքերում հնարավոր է նաև բախում առանձին բարոյական սկզբունքների միջև։ Բոլոր դեպքերում, ներանձնային կոնֆլիկտների այս տիպն անմիջականորեն բխում է կոգնիտիվ և դերային կոնֆլիկտներից[6]։

Ներանձնային կոնֆլիկտների դրսևորման ձևերը խմբագրել

Հոգեբանական հետազոտություններում առանձնացվում են ներանձնային կոնֆլիկտների ընթացքում անձի մոտ տեղ գտնող որոշակի փոփոխություններ։ Դրանք առնչվում են իմացական, հուզական, վարքային ոլորտների հետ, ներկայացնում անձի ընդհանուր հոգեբանական վիճակը։

Իմացական ոլորտում «Ես կերպարը» որոշակիորեն փոխակերպվում է, դառնում է հակասական, իջնում է ինքնագնահատականը, սեփական հոգեվիճակը դիտրակվում է որպես փակուղային, որոշումներն ընդունվում են ուշացումով, վերանայվում են նախկին արժեքները։

Հուզական ոլորտում զգացվում է հուզական լարման ուժգնացում, բացասական ապրումների գերակայում։

Վարքային ոլորտում առաջին հերթին աչքի են ընկնում գործունեության որակի և ինտենսիվության իջեցումը, սեփական գործունեությամբ ամբավարարվածությունը, հաղորդակցման բացասական հուզական ֆոնը։

Ընդհանուր հոգեբանական տեղաշարժերից կարելի է նշել ադապտացիայի մեխանիզմի նորմալ աշխատանքի խախտում, հոգեկան սթրեսի ուժգնացում։

Ներանձնային կոնֆլիկտների դրսևորումները տարբերվում են անձի վրա իրենց ազդեցությամբ։ Սովորաբար առանձնացվում են դրանց երեք տարատեսակներ` հուզական հակազդեցություններ, սուբյեկտիվ ապրումներ և հոգեկան շեղումներ (նևրոտիկ կոնֆլիկտներ)։

Հուզական հակազդեցություններն արտահայտում են ներանձնային կոնֆլիկտային իրավիճակին տրվող սուբյեկտիվ գնահատականը ակտիվացած պահանջմունքի (պահանջմունքների) տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ, ներանձնային կոնֆլիկտն ուղեկցվում է հոգեհուզական լարվածության մակարդակի բարձրացմամբ։ Հոգեհուզական լարվածության վիճակը բնութագրվում է սուբյկետիվ զգայությամբ (մոդալականությամբ) և առարկայական բովանդակությամբ։ Այս վիճակն ունենում է բացասական երանգավորում և պարունակում է հուզական այնպիսի մոդալականություններ, ինչպիսիք են անբավարարվածությունը, գրգռվածությունը, ճնշվածությունը, տագնապայնությունը, դիսկոմֆորտը, հիասթափությունը, ֆրուսթրացիան և այլն։

Հոգեհուզական լարված վիճակը կարող է ազդել անհատի ֆիզիոլոգիական գործընթացների վրա` առաջ բերելով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ։ Հոգեհուզական լարվածությայն բովանդակությունը կազմում են այնպիսի կենսական իրավիճակներ, իրադարձություններ, կենսագործունեության պայմաններ, որոնք անհատի կողմից դիտարկվում են որպես պահանջմունքների բավարարմանը խոչընդոտող արգելքներ։

Վասիլյուկի տեսությունը խմբագրել

Ըստ ռուս հոգեբան Վասիլյուկի ներանձնային կոնֆլիկտի արդյունքում առաջ եկող սուբյեկտիվ ապրումներն արտահայտում են ներհոգեկան գործունեության այնպիսի ձևեր, որոնք օգնում է անհատին հաղթահարել կենսական դժվարությունները, վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, դուրս գալ ստեղծված կրիտիկական իրավիճակից։

Վասիլյուկն առանձնացնում է ապրումների չորս տարատեսակ` հեդոնիստական, իրատեսական, արժեքային և ստեղծագործական։

Վասիլյուկի կարծիքով, ներքին կոնֆլիկտին հատուկ է արժեքային ապրումը (կոնֆլիկտը հանդիսանում է հենց արժեքային կենսական աշխարհի կրիտիկական իրավիճակ)։ Ընդ որում, առանձնացվում է արժեքային ապրման երկու տարատեսակ (կամ մակարդակ)։ Առաջին դեպքում փոխակերպվում է անհատի ամբողջ արժեքային-մոտիվացիոն համակարգը։ Որոշ դեպքերում, արժեքներին չհամապատասխանող մոտիվները մերժվում են գիտակցության կողմից, կամ արժեզրկվում են` կորցնելով իրենց նախկին նշանակությունը։ Երկրորդ տիպի արժեքային ապրումները հատուկ են արժեքային գիտակցության առավել բարձր մակարդակի վրա գտնվող անհատներին։ Այս դեպքում, ոչ թե արժեքն է պատկանում անհատին, այլ անհատն ինքը հանդես է գալիս որպես իրեն պարուրող արժեքի մաս, անհատը պատկանում է այդ արժեքին, որի մեջ էլ գտնում է իր գոյության իմաստը։

Ներանձնային կոնֆլիկտի կոնստրուկտիվ և դեստրուկտիվ գործառույթներ խմբագրել

Կոնստրուկտիվ կոնֆլիկտներն անձնային մակարդակում ունենում են արդյունավետ և օպտիմալ, դեստրուկտիվները` անհատի անձնային կառույցներն ավերող դրսևորումներ։ Կոնստրուկտիվ են համարվում այն ներանձնային կոնֆլիկտները, որոնք բնութագրվում են կոնֆլիկտող կողմերի (ներանձնային բովանդակությունների) առավելագույն հնարավոր զարգացմամբ և կոնֆլիկտի հաղթահարման վրա ծախսվող անձնային ջանքերի նվազագույն ցուցանիշով։ Այնպես որ, կոնստրուկտիվ ընթացք ունեցող ներանձնային կոնֆլիկտն անձնային զարգացմանը նպատող կարևորագույն գործոն է։ Արդեն իսկ երեխայի զարգացման ընթացքում, ներանձնային կոնստրուկտիվ կոնֆլիկտները բարդացնում են հոգեկան կյանքը, նպաստում դրա անցմանը զարգացման նոր մակարդակների։ Դրական հանգուցալուծում ստացած կոնֆլիկտը կոփում է անձի կամային որակները, ձևավորում բնավորության նոր, արդյունավետ գծեր, նպաստում անձի կայուն ուղղվածության և համապատասխան ինքնագնահատականի ձևավորմանը։

Դեստրուկտիվ ներանձնային կոնֆլիկտներն այն կոնֆլիկտներն են, որոնք խորացնում են ներհոգեկան բովանդակությունների պառակտումը, առաջ են բերում կենսական ճգնաժամեր և նևրոտիկ հակազդեցություններ։ Այս առումով չափազանց կարևորվում է ներանձնային կոնֆլիկտի տևողության, հաճախության, սրության չափանիշները։ Երկարատև ներանձնային կոնֆլիկտները կարող են հանգեցնել գործունեության արդյունավետության իջեցմանն ու անձի զարգացման արգելակմանը։ Հաճախակի կրկնվող կոնֆլիկտներն անձի մոտ առաջ են բերում անինքնավստահություն, թերարժեքություն, կյանքի իմաստի կորուստ։ Սուր ներանձնային կոնֆլիկտները դրսևորվում են ագրեսիվության, տագնապայնության, գրգռողականության մակարդակի բարձրացմամբ, միջանձնային հարաբերությունների ապակառուցմամբ։

Ներանձնային դեստրուկտիվ կոնֆլիկտները նկարագրվում են Ֆրոյդի աշխատություններում։ Այստեղ առանձնացվում են հոգեկան տարբեր մակարդակների միջև ընթացող կոնֆլիկտներ, որոնք կարող են առաջ բերել հոգեկան ապարատի գործունեության խաթարումներ։ Այսպես, «Նևրոզ և փսիխոզ» հոդվածում Ֆրոյդը նշում է, որ նևրոզը Ես-ի և Այն-ի, փսիխոզը` Ես-ի և արտաքին իրականության միջև կոնֆլիկտի արդյունք է։ Այնուհետև նա մասնավորեցնում է` Ես-ի և Այն-ի կոնֆլիկտին համապատասխանում են տեղափոխման նևրոզները, Ես-ի (Ego) և Գեր Ես-ի (Super ego) կոնֆլիկտին` նարցիսական նևրոզները (ինչպիսին է նաև մելանքոլիան), Ես-ի և արտաքին աշխարհի կոնֆլիկտին` պսիխոզները[7]։

Ներանձնային կոնֆլիկտների դեստրուկտիվ դրսևորումներից առավել սարսափելի են այն կոնֆլիկտները, որոնք արտահայտվում են որպես նևրոտիկ կոնֆլիկտներ։ Այս դեպքում անձը կարծես հանձնվում է կոնֆլիկտին, որը վերածվում է անձի հիմնառանցքին, տիրում է նրան` բոլոր անձնային դրսևորումները ենթարկեցնելով իրեն։ Այս տիպի կոնֆլիկտները նկարագրվում են խորհրդային հոգեբան Մյասիշչևի «Անձ և նևրոզներ» աշխատության մեջ[8]։

Ներանձնային կոնֆլիկտ։ Ինքնասպանություն խմբագրել

Խոսելով ներանձնային կոնֆլիկտի դեստրուկտիվ դրսևորումների մասին անհրաժեշտ է նշել, որ որոշ դեպքերում դրանք կարող են հանգեցնել ինքնասպանության (կամ ինքնասպանության փորձի)։ Ինքնասպանությունն, այս դեպքում, սուբյեկտիվորեն ընկալվում է որպես կոնֆլիկտից (և դրանից բխող հոգեհուզական լարված վիճակից) դուրս գալու միակ միջոց։ Ընդ որում, այստեղ չափազանց մեծ դերակատարում ունեն սուիցիդենտի անձնային առանձնահատկությունները (բնավորությունը, հոգեֆիզիկական չափանիշներն ու վիճակները, հուզական հակազեցությունների ու վիճակների ուժաբանական բնութագրիչները, արժեքային համակարգը)։ Իհարկե, ներանձնային կոնֆլիկտն ինքնասպանության փորձի միակ պատճառը չէ, ինչպես նաև ինքնասպանությունը` ներանձնային կոնֆլիկտից միակ ելքը։ Այնուամենայնիվ, որոշ գործոններ, գումարվելով, հանգեցնում են սուիցիդալ դրսևորումների, որպես այդպիսի գործոն կարող է հանդես գալ ներանձնային կոնֆլիկտը։

Ինքնասպանության (կամ ինքնասպանության փորձի) միջոցով ներանձնային կոնֆլիկտը հանգուցալուծելու գործընթացում առանձնացվում են երկու հաջորդող փուլեր (Բոյենկո)՝ նախապոզիցիոն և սուցիդալ։ Նախապոզիցիոն փուլը բնութագրվում է չափազանց բարձր հոգեկան լարվածությամբ, անձի, կոնֆլիկտից դուրս գալուն ուղղված ակտիվ գործողություններով։ Այս փուլում, երբ գործադրված ջանքերը չեն պսակվում հաջողությամբ, ձևավորվում է կոնֆլիկտի անլուծելիության պատկերացում։ Անձը հայտնվում է անհույս, անելանելի վիճակում, կորցնում է կյանքի իմաստը, և ընդհանրապես, գունազրկվում է կարծես նրա ամբողջ կյանքը։ Այդուհանդերձ, այս փուլը զերծ է ինքնասպանության մասին մտքերով, որոնք արգելափակվում են դեռևս գործող պաշտպանական մեխանիզմների կողմից։

Սուիցիդալ փուլին անցումը պայմանավորված է լրացուցիչ հոգետրավմատիկ գործոնի ազդեցությամբ։ Այս փուլում ձևավորվում և կպչուն բնույթ է ստանում ինքնասպանության մասին միտքը։ Հետագայում մանրամասնորեն պլանավորվում է նաև ինքնասպանության իրականացման ծրագիրը։ Սուիցիդալ փուլն ավարտվում է ինքնասպանության փորձով (կամ ինքնասպանությամբ)[9]։

Կոնֆլիկտների, և մասնավորապես` ներանձնային կոնֆլիկտների դեպքում օգնում է հոգեթերապիան։ Ընդ որում, հոգեթերապևտիկ բազմաթիվ ուղղություններում ներանձնային կոնֆլիկտը դիտարկվում է որպես հոգեկան առանձին բովանդակությունների (մոտիվացիոն, հուզական, կոգնիտիվ, վարքային) բախում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [Шейнов В.П. Управление конфликтами: теория и практика. – Минск: Харвест, 2010. – 912с., էջ 7-8]
  2. [Фромм Э. Бегство от свободы; Человек для себя. – Минск, ООО “Попурри”, 1998 ]
  3. [Фрейд З. Введение в психоанализ и др. Минск, 1999, էջ 538 ]
  4. [ Фрейд З. Я и Оно. М., 1990, էջ 35 ]
  5. [Фрейд З. Лекции по введению в психоанализ. М., 1989, էջ 347 ]
  6. [Фрейд З. Лекции по введению в психоанализ. М., 1989,]
  7. [Фрейд З. Я и Оно. – М.: МПО “МЕТТЭМ”, 1990]
  8. [Фромм Э. Анатомия человеческой деструктивности. – Минск, ООО “Попурри”, 1999]
  9. [Эриксон Э. Трагедия личности. - М.: Алгоритм, Эксмо, 2008]