Կոգնիտիվ հոգեբանություն

հոգեբանության բաժին, մարդու գիտակցության ճանաչողական գործընթացներն ուսումնասիրող գիտություն

Կոգնիտիվ հոգեբանություն, հոգեբանության բաժին, որը ուսումնասիրում է կոգնիտիվությունը, այսինքն մարդկային հոգեբանության իմացական գործընթացները։ Այս հարթակում հետազոտությունները կապված են հիշողության, ուշադրության, զգացմունքների, ինֆորմացիայի հաղորդման, տրամաբանական մտածողության, որոշումների կայացման ընդունակության հետ[1]։ Կոգնիտիվ հոգեբանության շատ դրույթներ ընկած են ժամանակակից հոգելեզվաբանության հիմքում։ Կոգնիտիվ հոգեբանության եզրակացությունները լայնորեն կիրառվում են հոգեբանության այլ բաժիններում, հատկապես սոցիալական հոգեբանության, անձի հոգեբանության, կրթության հոգեբանության շրջանակներում:

Ալան Բեդելիի և հանգուցային մոդելի հիշողության աշխատանքը

Կոգնիտիվ հոգեբանությունը զարգացման արդի փուլում մեծապես հիմնված է հաշվարկման սարքերում տեղեկատվության վերափոխման և մարդու ճանաչողական գործընթացների միջև համեմատության անցկացման վրա։ Այսպես առանձնացվել են իմացական և կատարողական գործընթացների, նախ և առաջ հիշողության բազմաթիվ կառուցվածքային բաղադրիչներ։ Սակայն կարևոր է հիշել, որ կոգնիտիվ հոգեբանության հիմքերը՝ (գեշտալտ-հոգեբաններ՝ Կոֆկա, Կելլեր, Վերտհայմեր ուսմունքն է), պատմամշակութային ուղղության աշխատանքները (Վիգոտսկի, Լուրիա, Պիաժե) անցկացվել են մինչև կիբեռնետիկայի ստեղծումը և բարդ տեղեկատվական հաշվարկիչ մեքենաների ի հայտ գալը։

Առավել մեշ տարածում է ստացել հոգեկանը որպես ազդանշանների կերպարանափոխության ֆիկսված հնարավորությամբ սարք ներկայացնող հայեցակարգը։ Այս հայեցակարգի գլխավոր դերը հատկացված է ներքին ճանաչողական սխեմաներին և իմացական գործընթացում օրգանիզմի ակտիվությանը։ Մարդու կոգնիտիվ համակարգը դիտվում է որպես համակարգ, որն ունի մուտքագրման սարք, պահպանում, տեղեկատվության մուտքագրում հաշվի առնելով նրա թողունակությունը[2]։

Որպես կոգնիտիվ հոգեբանության բազային փոխաբերություն օգտագործվում է համակարգչային փոխաբերությունը, նմանեցնելով մարդկային ուղեղի գործունեությունը համակարգչային պրոցեսորի գործունեությանը։ Կոգնիտիվ հոգեբանության ներկայացուցիչներ են՝ Ջորջ Միլլեր, Հերբերտ Սայմոն, Ժերոմ Բրուներ, Ուլրիք Նեյսեր, Ալեն Նյուել, Կառլ Պրիբրամ, Ռոբերտ Սոլսո, Ջորջ Սպերլինգ, Բորիս Վելիչկովսկին և այլք[3]։

ՊատմությունԽմբագրել

1956 թվականի սեպտեմբերի 11-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում հավաքվել են էլեկտրական և էլեկտրոնային մասնագետների հատուկ խումբ, ովքեր զբաղվում էին տեղեկատվական տեսությամբ։ Ենթադրվում է, որ այդ հանդիպումը նշանավորվել է որպես կոգնիտիվ հեղափոխություն հոգեբանության մեջ։ Ներկաների թվում էին՝ Ջորջ Միլլերը, Հերբերտ Սայմոնը, Ալեն Նյուելը, Նոամ Չոմսկին, Դեվիդ Գրին, Ջոն Սվիթսը։

1966 թվականի օգոստոսի 22-ին հրատարակվեց Ժերոմ Բրուների «Կոգնիտիվ զարգացման ուսումնասիրությունը» (անգլ.՝ «Studies in Cognitive Growth») գիրքը։ Այդ գիրքը գրելու համար Հարվարդի համալսարանի կոգնիտիվ հետազոտությունների կենտրոնում միավորվեցին 11 համահեղինակներ[4]։

Կոգնիտիվ հոգեբանության և նեյրոկենսաբանության կապԽմբագրել

Գոյություն ունի տեսակետ, որի համաձայն կոգնիտիվ հոգեբանությունը և նեյրոկենսաբանությունը զարգանում են զուգահեռ, ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ, բայց ժամանակի ընթացքում կոգնիտիվ հոգեբանությունը ամբողջությամբ կենթարկվի նեյրոկենսաբանությանը։

 
Գլխուղեղի Բրոկայի և Վերնիկեի բաժինները, որոնք որոշիչ նշանակություն ունեն լեզվի աշխատանքի համար

Մի շարք գիտնականներ և փիլիսոփաներ հիմնվելով տեսական և պատմական փաստերի վրա, կասկածի են ենթարկում նման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նրանց մի մասը պաշտպանելով կոգնիտիվ հոգեբանության տեսական և գործնական առաջնությունը, պնդում են, որ նեյրոկենսաբանության ձեռքբերումները լիովին անկարևոր են հոգեկանի կոգնիտիվ մոդելների համեմատությամբ։

Կարլ Պրիբրամի ներդրումԽմբագրել

Կոգնիտիվ հոգեբանության գիտնականների համար մեծ հետաքրքրություն առաջացնող ուղղություններից մեկը՝ հոգեկանի գործունեության հոլոգրաֆիկ մոդելի մշակումն է։ Այդ մոդելը մեծ ճանաչում ունեցավ Կարլ Պրիբրամի աշխատանքների շնորհիվ, որոնք ամերիկացի հայտնի հոգեբան և ֆիզիոլոգ Կարլ Սպենսեր Լեշլիի հետ համագործակցության արդյունքն էին։ Պրիբրամը նրան օգնում էր համակարգել կենդանիների ուղեղների մասնահատման արդյունքում ստացված արդյունքները[5]։ Կատարած աշխատանքի արդյունքում Պրիբրամը եզրակացրեց, որ ուղեղի լայնածավալ բաժինների հեռացումից հետո մասնահատման ենթարկված կենդանիների մոտ հիշողությունը և հմտությունները պահպանվում են։ Դա նշանակում է, որ հիշողությունը և հմտությունները տեղաբաշխված են ուղեղի ողջ մակերեսով, այլ ոչ թե տեղայնացված են հատուկ բաժիններում։ Պրիբրամը օգտագործեց ֆիզիկոս Դավիթ Բոմի աշխատանքները և նմանեցրեց հիշողության գործունեությունը ֆիզիկական հոլոգրամմայի հետ։ Հոլոգրամմայի էությունն այն է, որ նյութական կրիչում պահպանվում է երկու էլեկտրամագնիսական ալիքների ինտերֆերենցիան, որոնք արձակվում են հաջորդական աղբյուրներից։ Աղբյուրներից մեկը հանդիսանում է որոշակի օբյեկտների արտացոլում, իսկ այդ երկու աղբյուրների ինտերֆրետացիայի դեպքում տեղի է ունենում պատկերների ձևավորում լուսավոր և մութ օղակների տեսքով։ Հոլոգրամայի լուսավորումը լազերային ճառագայթներով հանգեցնում է հոլոգրամում արձանագրված օբյեկտի ծավալային պատկերման։ Հոլոգրաֆային մատրիցայի առավելությունն այն է, որ նրանից ցանկացած չափսի մասերի տարանջատման դեպքում, այդ մասում պահպանվում է պատկերը ամբողջությամբ, թեև քիչ հստակ։ Այս տեսական դրույթներից որոշները փորձնականորեն հաստատվել են՝ Ալեքսանդր Լուրիայի, Բ. Վելիչկովսկու, Վ. Կուրչենկոյի կողմից։ Չնայած Պրիբրամի առաջարկած հոլոգրաֆիկ մոդելը համընդհանուր չընդունվեց գիտական հանրության կողմից, այն քննարկվում ՝ շատ հայտնի հոգեբանների կողմից, ինչպես նաև կարևոր դեր ունի տրանսպերսոնալ հոգեբանության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «American Psychological Association (2013). Glossary of psychological terms»։ Apa.org։ Վերցված է 2014-08-13 
  2. Петренко В. Ф. Базовые метафоры как геном (зародыш) будущей теории (на материале психологической науки) // Вопросы философии. — 2012. — № 4. — С. 87-98.
  3. Петренко В. Ф. Базовые метафоры как геном (зародыш) будущей теории (на материале психологической науки) // Вестник Московского университета. Серия 14. Психология. — 2013. — № 1. — С. 4-23.
  4. Tony Stone and Martin Davies CHAPTER 20. THEORETICAL ISSUES IN COGNITIVE PSYCHOLOGY // Cognitive Psychology / Edited by Nick Braisby and Angus Gellatly. — 2nd Revised edition. — Oxford University Press, 2012. — P. 674. — 744 p. — ISBN 978-0-19-923699-2
  5. Adrian Ashman, Robert Conway An Introduction to Cognitive Education: Theory and Applications. — Routledge, 2014. — P. 32-34. — 268 p. — ISBN 978-0-415-12839-1

Արտաքին հղումներԽմբագրել