Սպանություն Ատոչա փողոցում

Սպանություն Ատոչա փողոցում (իսպ.՝ Matanza de Atocha de 1977), ծայրահեղ աջ ուժերի ահաբեկչական գործողություն Մադրիդում 1977 թվականի հունվարի 24-ի գիշերը։ Գործողության հետևանքով սպանվել է 5 մարդ, ովքեր Աշխատավորների հանձնաժողովի արհմիության ձախ հայացքներով իրավաբաններ էին, ծանր վիրավորվել է 4 մարդ։ Նպատակը եղել է լիկվիդացնել արհմիության կոնկրետ կոմունիստ գործչի (մնացել է կենդանի), սակայն ընդհանուր առմամբ եղել է նեոֆաշիստական դիմադրության ակցիա` ուղղված ժողովրդավարական գործընթացին։ Նպաստել է ձախ ուժերի ակտիվացմանը և քաղաքական բարեփոխումների արագացմանը։

Սպանություն Ատոչա փողոցում
Տեսակզանգվածային կրակոցներ և սպանություն
Երկիր Իսպանիա
Գրոհի վայրՄադրիդ
ՏեղադրանքՄադրիդ
Գրոհի նպատակփաստաբան
Տարեթիվհունվարի 24, 1977
Զոհվածներ5 մարդ
Վիրավորներ4
Ահաբեկիչների քանակ3
 1977 Atocha massacre Վիքիպահեստում

Քաղաքական ենթատեքստ խմբագրել

1976 թվականի երկրորդ կեսը Իսպանիայում անցել է ժողովրդավարական բարեփոխումների և ֆրանկոյական քաղաքական համակարգի աստիճանական ապամոնտաժման ֆոնին։ Կարևոր հանգույց պետք է հանդիսանար Իսպանիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) լեգալացումը։ Պաշտոնական առումով իսպանական կոմունիստական կուսակցությունն արգելված էր, սակայն իրականում այն գործում էր։ 1976 թվականի սկզբին արտագաղթից վերադառնում է ԻԿԿ-ի գլխավոր քարտուղար Սանտյագո Կարիլիոն։ Կուսակցության սոցիալական ներգրավվածության կարևոր գործոն է հանդիսանում Աշխատավորների հանձնաժողովի արհմիությունը։

Ծայրահեղ աջ ուժերը ամեն կերպ փորձում էին խոչընդոտել քաղաքական կյանքի լիբերալացումը։ Բացի քաղաքական միջոցներից` կիրառվում էին նաև ուժային միջոցներ։ Ուժերի լուրջ փորձարկում է տեղի ունենում 1976 թվականի մայիսի 9-ին Մոնտեխուրա լեռան ընդհարումների ժամանակ։ Իսպանական ծայրահեղ աջ ուժերը օգտվում էին նեոֆաշիստական «սև ինտերնացիոնալի», և ամենից առաջ իտալական, ֆրանսիական ու արգենտինական աջ ռադիկալ խմբավորումների աջակցությունից[1]։ Այսպես, հունվարին արգենտինական հակակոմունիստական ուժերը սպանեցին Մադրիդում ձախ ցույցի մասնակցին։

Դատաստան խմբագրել

Մադրիդի Ատոչա 55 (անգլ.՝ Atocha, 55) հասցեում գտնվում էր Աշխատավորների հանձնաժողովի իրավաբանական կենտրոնի գրասենյակը։ 1977 թվականի հունվարի 23-ին այստեղ մնացել էին մի քանի իրավաբաններ, որոնք կոմունիստական ձախ լիբերալ հայացքների տեր մարդիկ էին։ Ահաբեկիչների նպատակն էր ոչ թե նրանց, այլ արհմիության տրանսպորտային բաժնի ղեկավար, ԻԿԿ-ի ակտիվիստ Խոակին Նավարոյի վերացումը, ով վերջերս գործադուլ էր կազմակերպել։ Սակայն նա գրասենյակում չէր։

Համոզվելով, որ Նավարոն տեղում չէ, երկու ահաբեկիչներ կրակ են բացում ներկաների վրա (կիրառվել է Ingram MAC-10 հրազեն)[2]։ Մահանում են իրավաբաններ Էնրիկե Վալդևիրա Իբանիեսը, Լուիս Խավիեր Բենավիդեսը, Ֆրանցիսկո Խավիեր Պերես դել Արկոն, իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սերաֆին Խոլգադո դե Անտոնիոն, կենտրոնի վարիչ Անխել Ռոդրիգես Լեալը։ Ծանր վնասվածքներ են ստանում Միգել Սարաբիա Խիլը, Ալեխանդրո Ռուիս-Ուերտա Կարբոնելը, Լուիս Ռամոս Պարդոն և Դոլորես Գոնսալես Ռուիսը, ով սպանված Պերես դել Ալկոյի կինն էր։

Մարդասպաններ, պատվիրատու, մեղսակիցներ խմբագրել

Սպանությունն իրականացնողները վստահ էին իրենց ղեկավարի քաղաքական ազդեցության վրա և նույնիսկ չէին լքել Մադրիդը։ Սակայն նրանք հաշվի չէին առել, որ կառավարության համար սկզբունքայորեն կարևոր էին սպանության բացահայտումն ու պատժումը։ Մի քանի օրվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալում են ծայրահեղ աջ մարտիկ Խոսե Ֆերնանդես Սերային, Կառլոս Գարսիա Խուլիային և Ֆերնանդո Լերդո դե Տեխադուին. նրանցից երկուսը ուղղակի կրակողներն էին, իսկ երրորդն իրականացնում էր օպերատիվ հսկողություն։

Սպանությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվում է Ֆրանցիսկո Ալբադալեխո Կորեդարան, ով ֆրանկոյական տրանսպորտային արհմիության քարտուղարն էր։ Նրա «ուղղահայաց սինդիկատը» մայրաքաղաքում «տրանսպորտային մաֆիայի» (իսպ.՝ Mafia del transporte) հեղինակություն ուներ և նոր պայմաններում ստիպված էր լինելու մրցակցել Աշատավորների հանձնաժողովի ազդեցության հետ. սա էլ հենց սպանության դրդապատճառն էր։ Սակայն արհմիության կոնկրետ անդամի` Նավարոյի ոչնչացման փոխարեն կատարվում է գաղափարապես մոտիվացված կոտորած, որի զոհերը դառնում են մարդիկ, որոնք այդ պահին պատահաբար էին հայտնվել այդ նույն տեղում։

Ձերբակալվել են նաև Երկնագույն դիվիզիայի անդամներ Լեոկադիո Խիմենես Կարավական և Սիմոն Ֆերնանդես Պալասիոսը մարդասպաններին զենքով ապահովելու մեղադրանքով։ Մեղսակցության հիմքով մեղադրվել է Գլորիա Խերգուեդես Խերանդոն` Ֆերնանդես Սերայի ընկերուհին։

Ծայրահեղ աջ քաղաքական գործիչների դիրքորոշում խմբագրել

Բոլոր ձերբակալվածներն ուղղակի կապ ունեին ծայրահեղ աջ ֆրանկոյական կազմակերպություններին` Նոր ուժին և Իսպանական ֆալանգին։ Որպես ականատեսներ գործում ներգրավվել են ֆրանկոյական Բունկերի ականավոր գործիչներ, նրանց գաղափարախոս Բլաս Պինյարը, «ուղղահայաց սինդիկատի» ղեկավար Խուան Գարսիա Կարեսը, ֆրանկոյական նախկին նախարար և Իսպանական ֆալանգի գլխավոր քարտուղար Ռայմունդո Ֆերնանդես Կուեստան[3]։ Նրանք ժխտել են իրենց անձնական կապը մեղադրյալների հետ, սակայն արտահայտել են իրենց գաղափարական-քաղաքական համակրանքը։

Դատարանում հարցաքննվել է նաև աջ արմատական «Քրիստոս արքայի պարտիզաններ» (իսպ.՝ Guerrilleros de Cristo Rey) կազմակերպության առաջնորդ Մարիանո Սանչես Կովիսան[4]։ Նա պնդել է, որ կազմակերպված հարձակման մասին տեղեկացված են եղել ազգային անվտանգության մարմինները (այս հայտարարությունը փաստերով չի ապացուցվել)։ Նրա ելույթն ուղեկցվել է հասարակությունից ծայրահեղ աջերի լոզունգների բացականչություններով։ Դատավորը ստիպված է եղել զգուշացնել Սանչես Կովիսին վիրավորական արտահայտությունների անթույլատրելիության մասին։

Դատապարտում խմբագրել

Լերդո դե Տեխադան, ով ազդեցիկ ընտանիքից էր և քարտուղար Պինյարի զարմիկը, կարողանում է գրավի դիմաց ազատ արձակվել` անմիջապես Չիլի (այլ տեղեկություններով` Բրազիլիա) փախչելով[5]։ Մնացած դատապարտյալները 1980 թվականին ճանաչվել են մեղավոր` ընդհանուր առմամբ ստանալով 464 տարվա ազատազրկում։

Խոսե Ֆերնանդես Սերան և Կառլոս Գարսիա Խուլիան ստացել են ամենքը 193 տարվա ազատազրկում, Ֆրանցիսկո Ալբադալեխո Կորեդան` սպանության պատվիրատուն` 73 տարվա, իսկ Լեոկադիո Խիմենես Կարավական` 4 տարվա ազատազրկում։

  Այժմ սա կարող է աննշան թվալ, սակայն 1980 թվականին դատարանը Ատոչայի մարդասպանների, երկնագույն տաբատավորների նկատմամբ խիստ գտնվեց. դա առաջին դեպքն էր, երբ ծայրահեղ աջերը հայտնվել էին մեղադրյալի աթոռին և դատապարտվել[6]։
- Միգել Սարաբիա Խիլ
 

Ալբադալեխո Կորեդերան և Խիմենես Կարավական բանտում մահացել են 1985 թվականին։

Գարսիա Խուլիան պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել 1991 թվականին և անցել Լատինական Ամերիկա։ Բոլիվիայում նա զբաղվել է թմրանյութերի բիզնեսով ֆինանսավորելու համար տեղի ծայրահեղ աջ ուժերին և 1996 թվականին ձերբակալվել է բոլիվիական ոստիկանության կողմից[7]։

Ֆերնանդես Սերան ազատվել է 1992 թվականին և աշխատանքի անցել պահակային ծառայությունում։ Լիերդո դե Տեխադան և Ֆերնանդես Սերան անոնիմ կյանք են վարել, նրանց մասին տեղեկություններ չկան։

1990 թվականին Իտալիայում տեսակետ է հնչել Ատոչայի սպանություններում իտալական նեոֆաշիստների մասնակցության մասին, որոնք գործել են «Գլադիո» գործողության շրջանակներում[8]։ Սակայն այս տեսակետը իսպանական արդարադատությունը չի քննել։

Հիշատակ խմբագրել

2002 թվականի հունվարի 11-ին Իսպանիայի կառավարությունը Ատոչա փողոցի ահաբեկչության զոհերին հետմահու պարգևատրել է սուրբ Ռայմոնդո դե Պենաֆորտի օրդենի խաչով, որը իսպանական արդարադատության բարձրագույն պարգևն է (պարադոքսային է, բայց այս նույն պարգևին է արժանացել նաև Բլաս Պինյարը)։

Լուիս Ռամոս Պարդոն մահացել է 2005 թվականի նոյեմբերին, իսկ Միգել Սարաբիա Խիլը` 2007 թվականի հունվարին։

Ատոչա փողոցի արյունալի իրադարձությունների տարելիցները նշվում են իսպանական հասարակության կողմից։ Ատոչայի զոհերի պատվին անվանակոչվել են Մադրիդի մի շարք փողոցներ ու հրապարակներ։

Արյունալի իրադարձության հետևանքներ խմբագրել

Ատոչա փողոցի սպանությունը ոչ միայն հանցավոր էր, այլև բոլոր տեսանկյուններից ձախողված։

Մարդասպանները տեղում չէին հայտնաբերել Խոակին Նավարոյին, այդ պատճառով կատարված ամբողջ արյունահեղությունն անիմաստ էր նույնիսկ սպանությունը նախաձեռնողների տեսանկյունից։ Այս կապակցությամբ ասոցիացիաներ են առաջանում ռուսական ծանր 1990-ական թվականների ամենաթողության հետ։ Դրանով հանդեձ, պետք է նշել, որ նույն գիշեր զինված հարձակում է կատարվել Աշխատավորների համընդհանուր միության գրասենյակի վրա, որը դատարկ է եղել։

Սպանության պատվիրատուն` Ալբադալեխո Կորեդերան, մահացել է բանտում։ Նրա ներկայացրած արհմիությունները շուտով լուծարվել են։

Ատոչա փողոցի զոհերի հուղարկավորությունը վերածվել է ձախ ուժերի 100.000-ոց ցույցի։ Այս իրադարձությունը դարձել է ժողովրդավարության նշաձող` նպաստելով հասարակական տրամադրությունների ձախ տեղաշարժին։

Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը լեգալացվել է դեպքից երեք ամիս անց` 1977 թվականի ապրիլին, ավելի շուտ, քան նախատեսել էր կառավարությունը։

«Նոր ուժին» և նեոֆալանգականներին սկսել են ասոցացնել կարմիր ահաբեկչության հետ, հասարակության մեջ վրդովմունք է նկատվել նրանց նկատմամբ և որոշակի մեկուսություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել