Սուրբ Աստվածածին վանք (Անգղ)

Սուրբ Աստվածածին վանք (նաև՝ Անգեղավանք), հայկական առաքելական ավերված վանական համալիր պատմական Արևմտյան Հայաստանի Հայոց ձորի գավառի Անգղ գյուղում, ներկայում՝ Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1][2][3][4]։

Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՀայոց ձորի գավառ, Անգղ գյուղ
ԴավանանքՔրիստոնեություն (հայ առաքելական)
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
ՆվիրվածՄարիամ Աստվածածնին
Ճարտարապետական ոճՀայկական

Անուն խմբագրել

Վանական համալիրը հայտնի է մի շարք անուններով։ Առավել տարածված անունը Սուրբ Աստվածածին վանքն է։ Հաճախ օգտագործում են Անգեղավանք կամ Անգեղա Սուրբ Աստվածածին վանք։ Վանական համալիրը հայտնի է նաև Ձիթատուր վանք, Կապեց ուխտ, Գաբենից վանք անուններով։ Թուրքերը հայկական վանական համալիրն անվանում են Մեյրամ քիլիսե, իսկ քրդերը` Դիրա Մեյրեմ[1]։

Վանական համալիրը Գաբենից Սուրբ Աստվածածին անվամբ հիշվում է 1611 թվականին ստեղծված և վանական համալիրին նվիրաբերված ձեռագրի հիշատակարանում[1][5]։ 1615 թվականին այս անունով է կոչել վանական համալիրը Սահակ աբեղան իր ձեռքով գրված Մաշտոցի հիշատակարանում[1][6]։ 1691 թվականին վանքը նույնպես հիշատակվել է Գաբենից Սուրբ Աստվածածին անունով[7]։

Վանքը Կապեց ուխտ անվամբ հիշվում է 1613 թվականին ոմն Ավետիս աբեղայի ստեղծած Մաշտոցի հիշատակարանում[1][8]։ Նույն անվամբ է հիշատակվում նաև 1614 թվականին վանքում Սահակ աբեղայի կողմից ընդօրինակված ավետարանի հիշատակարանում[1][9]։

Տեղադրություն խմբագրել

Սուրբ Աստվածածին վանքը գտնվում է Անգղ գյուղից 1,5 կմ հարավ-արևելք` համանուն գետի աջ ափին` ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա[1]։

Պատմություն խմբագրել

Սուրբ Աստվածածին վանական համալիրի հիմնադրման ստույգ թվական հայտնի չէ։ Ըստ ավանդության վանքի հիմնադրումը վերագրվում է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկին՝ Թադեոս առաքյալին[1][10]։ Համաձայն տեղեկությունների՝ Անգղավանքի տեղում եղել է հայկական մեհյան, որը քանդվել է Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակ և տեղում կառուցվել քրիստոնեական պաշտամունքի շինություն։ Ըստ այդմ՝ կառույցը հիմնադրել է Թադեոս առաքյալն ու կոչել Սուրբ Աստվածածնի անունով[1][11][12][13][14]։

Ուսումնասիրողների թողած վկայությունների և տեղում ստեղծված բազում ձեռագրերի առկայությունը հուշում է, որ վանական համալիրը 16-ից 17-րդ դարերում ակտիվ մշակութային կյանք է վարել։ Հայտնի է, որ այդ ժամանակաշրժանում Սուրբ Աստվածածին վանքն ունեցել է հսկայական հարուստ գրադարան[1][15][16]։

Համեմատաբար բնականոն պայմաններում վանքն իր իր գոյությունը պահպանում է մինչև 19-րդ դարի կեսերը, որից հետո ավելի են հաճախակիանում վանքի ունեցվածքին տիրելու նպատակով քրդական ցեղերի ոտնձգությունները։ Հայտնի է, որ նախքան 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, վանքում պահվում էր ընդամենը ձեռագիր չորս Ավետարան[1][17][18]։ Քրդական ցեղերի հարձակումները կործանարար դեր են խաղացել վանական համալիրի վրա։ Այդպիսի հարձակումներից մի քանիսի մասին նույնիսկ պահպանվել են հիշատակություններ։ Հայտնի է, որ 1863 թվականին վանքի ենթարկվել է կողոպտման[1][19]։ Քրդական հարձակումներին դիմակայելու նպատակով 1890 թվականին որոշվում է որպես գավառի ամենամեծ և առաջին ուխտատեղի համարվող Անգղավանքը քրդական հարձակումներից ու ավարառություններից պաշտպանելու նպատակով պահապան հրավիրել մի քրդի։ Այնուամենայնիվ, ինչպես այլ վայրերում, այնպես էլ Անգեղավանքում քուրդ պահապանն ինքն է դառնում վանքի ունեցվածքի թալանողը[1][20][21]։ 1895 թվականին հերթական անգամ Սուրբ Աստվածածին վանքը թալանվում է, որից հետո վանքը հայտնվում է ծայրահեղ վիճակում[1][22][23]։

Վերջնականապես Սուրբ Աստվածածին վանքը ամայանում է 1915 թվականի ապրիլին, երբ թուրքական իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվում էր հայերի ցեղասպանություն։ Չնայած հետագա տասնամյակներում վանքը չէր ընդգրկվել Թուրքիայի պետական ծրագրով ոչնչացվող հայկական հուշարձանների ցանկում, սակայն, ինչպես հետազոտողներն են նշում, այն աստիճանաբար ոչնչացվել է և ներկայում գրեթե գոյություն չունի[1]։

Սուրբ Աստվածածին վանական համալիրը բաղկացած է եղել միմյանց մոտ գտնվող երկու եկեղեցիներից, վանականների և ուխտավորների բնակության համար նախատեսված բազմաթիվ սենյակներից, ինչպես նաև շրջապարսպից և գերեզմանոցից։ 1869 թվականին կատարված նկարագրության մեջ նշվում է, որ վանական համալիրը բավականին մեծ է, որը շրջապատված է աղյուսաշեն շրջապարիսպից և 38 փայտաշեն սենյակներից[1][24][25]։ 1873 թվականին Ե․Տևկանցը, նկարագրելով վանական համալիրը, նշել է, որ աղյուսե շրջապարիսպը 245 քայլ է, վանքի ներքին հատվածը երկու մասի էր բաժանված։ Նրա նկարագրությամբ առաջին մեծ բակի մէջ կար փոքր, մեկ գոմ և մեկ պահեստ։ Ներսի փոքր բակի մէջ կար 1 տնտեսական սրահ, 3 խուց։ Վերին հարկում կային 7 սենեակներ, որոնք կառուցված էին անկանոն կերպով։ Այնտեղ կա մի փոքր պարտեզ, որտեղ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին Սուրբ Աստուածածնի եկեղեցին սոյն ներքին բակի մէջն է։ Այն կազմված է երկու տաճարից։ Առաջինի երկարությունը խորանից չափելով 8 ոտք է, իսկ լայնությունը` 18 ոտք, արևելեան կողմից մի փոքրիկ լուսամուտ ունի։ Երկրորդ տաճարը, որը կոչվում է Սուրբ Գևորգ, ունի 8 ոտք երկայնություն և 15 ոտք լայնություն։ Ըստ Ե․Տևկանցի չափումների՝ շրջապարիսպի երկարությունը 38 ոտք է և լայնությունը՝ 42 ոտք[1][26]։

Վանական համալիրի խորաններից մեկի միջից ձիթանման նյութ է արտահոսել, որը մե՛րթ վերագրվել է Մարիամ Աստվածածնի արտասուքին, մե՛րթ Թադեոս առաքյալի քրտինքին[1][3][10][27][28][29]։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ այդ երևույթի առկայությունը նշանակում է տեղում նավթահանքի առկայության մասին[1]։

Հայտնի է, որ 1882 թվականին Սուրբ Աստվածածին վանքում բացվում է Միացյալ ընկերության դպրոց։ Համիդյան ջարդերի օրերին վանքն ու դպրոցը թալանվում և հրդեհվում են[1][21]։

Ճարտարապետություն և կառույցներ խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Վանքի հյուսիսային կողմում գտնվող Սուրբ Աստվածածինը թաղածածկ, քառակուսուն մոտ հատակագծերով գրեթե միահավասար կառույց էր։ Ունի 6,45 x 6,40 մ և 6,0 x 5,55 մ արտաքին չափերով։ Սուրբ Աստվածածին եկեղեցին խորանից բացի հարավային կողմում ունի նաև ավանդատուն։ Աչքի ընկնող գլխավոր առանձնահատկությունը խորանի ուղղանկյունաձև հորինվածքն է։ Եկեղեցու մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Կառուցված է եղել անմշակ և կիսամշակ տեղական քարով ու կրաշաղախով։ Ներքուստ սվաղված է եղել։ Կիսամշակ քարն օործածվել է միայն արտաքին երեսապատման մեջ[1]։

2015 թվականի դրությամբ հարդարանքի տարրեր կամ արձանագրություններ չեն պահպանվել, քանի որ եկեղեցին գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Հանդիպել են հատուկենտ խաչքարերի մնացորդներ[1]։

Սուրբ Գևորգ եկեղեցի խմբագրել

Վանքի հարավային կողմում գտնվող Սուրբ Գևորգը թաղածածկ, քառակուսուն մոտ հատակագծերով գրեթե միահավասար կառույց էր։ Ունի 6,45 x 6,40 մ և 6,0 x 5,55 մ արտաքին չափեր։ Սուրբ Գևորգը երկխորան եկեղեցի է։ Կառուցված է եղել անմշակ և կիսամշակ տեղական քարից ու կրաշաղախից։ Ներքուստ սվաղված է եղել, որից առկա են հատվածական մնացորդներ։ Կիսամշակ քարը գործածվել է միայն արտաքին երեսապատման մեջ։ Աչքի ընկնող գլխավոր առանձնահատկությունը թերևս երկու խորանների ուղղանկյունաձև լուծումն է։ Հայտնի է, որ եկեղեցու հարավային խորանն օծված է եղել Սուրբ Հովհաննեսի անվամբ։ Եկեղեցու մուտքը բացված է արևմտյան ճակատից, իսկ դեպի ներս լայնացող ընդհանուր թվով 6 լուսամուտները` մեկական բոլոր խորաններից և արևմտյան ճակատներից[1]։

2015 թվականի դրությամբ հարդարանքի տարրեր կամ արձանագրություններ չեն պահպանվել, քանի որ եկեղեցին գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Հանդիպել են հատուկենտ խաչքարերի մնացորդներ[1]։

Ուսումնասիրող Ժ-Մ. Թիերրին իր աշխատության մեջ նշում է Սուրբ Գևորգ եկեղեցու Սուրբ Հովվանես-Մկրտիչ խորանում ամրացված հնաոճ խաչքարի մասին՝ այն անվանելով «Սուրբ Թադեոսի» խաչքար[1][30]։ Թիերրին 1964 թվականին Սուրբ Գևորգ եկեղեցու հարավային որմի հիմնամասում նկատել է որպես շինաքար օգտագործված մի հարթաքանդակ, որի վրա քանդակված էր «Դանիելն առյուծների գբում» տեսարանը։ Նրա կարծիքով այն տեղում գոյություն ունեցած ավելի հին կառույցին պատկանող հարթաքանդակ էր։ Ներկայում այն գոյություն չունի։ Ըստ Թիերրիի՝ հարթաքանդակը հնարավոր է առնչություն է ունեցել Վարդանանց պատերազմին նվիրված հուշարձանի և հնարավոր է թվագրվում էր 5-րդ դարով։ Վանքի շրջապարիսպը 1960-ականներին դեռևս առկա էին հում քարաշարի վրա բարձրացող հում աղյուսով կառուցված որմերը։ Ներկայում շրջապարիսպը նույնպես գոյություն չունի[1][30][31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 253։
  3. 3,0 3,1 Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 98
  4. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 342․(ֆր.)
  5. ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, Երևան, 1974, էջ 454։
  6. ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, Երևան, 1974, էջ 551։
  7. Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000, էջ 104:(իտալ.)
  8. ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, Երևան, 1974, էջ 493։
  9. ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, Երևան, 1974, էջ 522, 523, 529։
  10. 10,0 10,1 Ա. Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 10, 20 մարտ, էջ 5։
  11. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 134-136։
  12. «Արաքս», 1897, էջ 20-21։
  13. «Հանդէս ամսօրեայ», 1942, էջ 165։
  14. Ոսկեան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Գ, Վիեննա, 1947, էջ 747-752։
  15. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», գիրք Զ, Թիֆլիս, 1900, էջ 844։
  16. «Հանդէս ամսօ¬րեայ», 1942, էջ 165։
  17. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 54։
  18. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 152։
  19. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  20. Նաթանեան Ն., Տեղագրական ճանապարհորդական նկատողութիւնք, «Մասիս», 1885, N 3751, էջ 558։
  21. 21,0 21,1 Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 100։
  22. «Արարատ», 1896, Բ, էջ 88։
  23. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. առաջին, Վենետիկ, 1903-1905, էջ 177։
  24. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869, էջ 213։
  25. Մատենադարան, թղթ. 54, վավ. 13-III, թղթ. 54, թ. 39:
  26. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 279։
  27. Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 255։
  28. Սօս-Վանի, Մեր երկրին ջուրին խաղերը, «Վարագ», 1955, դ 11, էջ 15
  29. Այվազեան Ա., Ալաշկերտի մէջ եւ Վանի շուրջը, «Բիւրակն», 1899, N 50-51-52, էջ 824։
  30. 30,0 30,1 Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 346-347:(իտալ.)
  31. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989 էջ 344։