Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան)

Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթան գյուղի հարավ-արևմուտքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթան գյուղի հարավ-արևմուտքում՝ ճանապարհի վրա։ Այն իրենից ներկայացնում է 5-րդ դարի սրահավոր թաղակապ միանավ եկեղեցի, երկլանջ կտուրի տակ[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան)


ՏեղադրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ,
Կուրթան
ԱշխարհԳուգարք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկանգուն
Ակտիվ էոչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան) (Հայաստան)##
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան) (Հայաստան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան) (Լոռու մարզ)##
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան) (Լոռու մարզ)
Վիքիպահեստում

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու աղոթասրահի կիսագլանաձև թաղը ուժեղացված է ուղղանկյուն որմնամույթերից բարձրացող զույգ կամարներով։ Մուտքերը երեքն են՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներից։ Արևմտյանը գտնվում է երկայնական առանցքի վրա, հարավայինն ու հյուսիսայինը շեղված են ինչպես իրարից, այնպես էլ որմնամույթների միջնագծից, որը պայմանավորված է երկայնական ճակատների տարբեր հորինվածքներով։

 
Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավանդատուն

Աղոթասրահը լուսավորվում է վաղ միջնադարին հատուկ մեծ բացվածքներ ունեցող ութ պատուհանով, որոնք դեպի ներս լայնանում են։ Բոլոր մուտքերն ու պատուհաններն ունեցել են պսակներ։ Չեն պահպանվել հյուսիսային մուտքինը և հարավային ճակատի արևելյան պատուհանինը։ Մուտքերի պսակները հորիզոնական ծայրեր ունեցող կիսաշրջանագծային զույգ գոտիների ձևով եզերում են ճակատաքարը։ Արևմտյան մուտքի պսակի վերին գոտին պատած է եռանկյունաձև կամարիկներով։ Պատուհանների պսակները բարավորի ամբողջական քարի վրա քանդակված նույնպես կիսաշրջագծային գոտիներ են՝ հորիզոնական վերջավորություններով, գերազանցապես պատած հարդարանքի միևնույն տարրերի՝ պաև կամարիկների, թեքադիր գալարազարդերի և գնդիկների տարբեր հերթագայությամբ։

 
Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակաատուն

Պահպանվել են դասական հորինվածքի ճակտոնների մնացորդներ, ինչպիսին օրինակ Ապարան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու դահլիճում։ Դրանք հորիզոնական գոտիների քարերն են՝ պայտաձև կամարիկներով։ Արևմտյան ճակատում պահպանվել են ամբողջությամբ, իսկ արևելյան ճակատում՝ միայն մեկ քար։ Արևմտյան ճակատի պատուհանների պսակը համատեղված է ճակտոնի հորիզոնական գոտու հետ։ Այնտեղ եղել են իրար մոտիկ զույգ պատուհաններ, ինչպիսին օրինակ Լեռնակերտ գյուղի 4-րդ դարի միանավ եկեղեցու դահլիճում կամ Ծիծեռնավանքի եռանավ դահլիճում։ Զույգ պատուհանների բաժանիչը չի պահպանվել, որի պատճառով իրար ձուլվել են՝ վերածվելով վերևից զույգ կիսաշրջաններով ընդհանուր բացվածքի։ Երկու պատուհանների համար բարավորը ընդհանուր է և վերևից եզերված է պայտաձև կամարիկներով պատած կիսաշրջանագծային եզրակալով, որի ծայրերը համընկնում է ճակտոնի հորիզոնական գոտու հետ, կապելով պատուհանի երկու կողմի նրա խզված թևերը[2]։

 
Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց

Եկեղեցու հարավային, արևմտյան և հյուսիսային ճակատներումնույն բարձրության վրա ամբողջական տեսքով պահպանվել են պատերի շարվածքի հետ օրգանապես կապված կանոնավոր ձևի պահունակներ (3/4 գլան՝ զուգակցված ուղղանիստ սալի հետ), որոնք, ինչպես նաև նույն ճակատներում պատուհանների անհամեմատ բարձր տեղադրվածությունը վկայում են ի սկազբնե աղոթասրահը երեք կողմից շրջափակող սրահի երբեմնի գոյության մասին։ Դրա հետ են կապված նաև հարավային թևում բաց խորանի առկայությունը, աղոթասրահի մուտքերի շատությունը[3]։ Արտաքին սրահը եղել է փայտաշեն՝ ծածկի երկայնականհորիզոնական հեծանը հենված են պահւնակների վրա։ Արտաքին սրահի գոյությամբ միանգամայն իմաստավորվում է աղոթասրահի շեշտված վերասլացությունը։

Եկեղեցու պատերին, մուտքերի և պատուհանների շրջանում նկատելի են տարբեր ժամանակներում կատարված նորոգումների հետքերը։ Ավագ խորանի պատուհանից ներքև, պատի մեջ արտաքուստ ագուցված է կարմրավուն ֆելզիտից անհավասար թևերով, հարթ մակերևույթով խաչ, որը թվագրվում է 1741 թվականին։ Խաչն իր հորինվածքով, տաշվածքի հետքերի համեմատական թարմությամբ, պահպանվածությմբ միանգամայն մատնում է ուշ շրջանին պատկանելը[4]։

Հուշարձանի պատերը կառուցված են կիսամշակ բազալտե չեչաքարերով, ձևավոր մասերը (խորաններ, գմբեթարդներ, որմնամույթեր, կամարներ, թաղեր, մուտքերի և պատուհանների եզրեր) մաքրատաշ բազալտե և տուֆե քարերով, որոնք կապված են կրաշաղախով։ Հարավային ճակատում երևում է որմնախարիսխը՝ 20 սմ ելուստով, նույնպես բազալտե քարերով։

Ավանդատուն խմբագրել

Ունի պայտաձև խորան, արևելք-արևմուտք ձգված համաչափություններով աղոթասրահ (12.8 x 5.25 մ), որին հարավից կից է քառակուսուն մոտ հատակագծով ավանդատունը։

Կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ, քանի որ արևելյան և միջին պատերը ընդհանուր են երկուսի համար։ Ավանդատունն ունի կիսաշրջանաձև խորան, միակ մուտքը բեմառաջքից է, լուսավորվում է արևելյան և հարավային պատերի մեկական պատուհաններից։ Ծածկված է եղել խաչաձև թաղով, որի մնացորդները պահպանվել են եկեղեցու հարավային պատին և ավանդատան արևմտյան պատի անկյունային մասերում։ Արևմտյան պատը ևս արտաքուստ ունի կիսաշրջանաձև խորան։

Զանգակատուն խմբագրել

Եկեղեցուց 6 մ դեպի հարավ, արևմտյան ճակատին հավասար գծով տեղադրված է քառակուսի բարձր պատվանդանով բազալտե զանգաշտարակ՝ չորսսյունանի ռոտոնդայով, կառուցված 19-րդ դարում։

Գերեզմանոց խմբագրել

Եկեղեցու շուրջը տարածվում է հին գերեզմանոցը։ Այնտեղ են գտնվում նաև 20-րդ դարասկզբի տապանաքարերով և մահարձաններով։

Վերանորոգում խմբագրել

1982-1984 թվականների կատարվել է հուշարձանի ամբողջական վերականգնում։ Վերականգնված են աղոթասրահի որմնամույթերը, թաղածածկը՝ կամարներով, քիվերը, հարավաարևմտյան անկյան պատերը, ավանդատունը, եկեղեցու կտուրը, սալապատված ենհատակն ու բեմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ․Մ․ Հասրաթյան, Տաշիրի սրահավոր միանավ հուշարձաններ, «Լրաբր հաս․ գիտ․» 1974 թվական, թիվ 3, էջ 41-56
  2. Թ․ Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, գ․ 1, Երևան, 1942 թվական, էջ 151
  3. Գ․ Ս․ Շախկյան, Վաղմիջնադարյան երկու հուշարձան Կողբում, «ՊԲՀ», 1979, թիվ 4, էջ 261-267
  4. Փ․ Բյուզանդ, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները, 9-13-րդ դարերի խաչքարերը, Երևան, 1984 թվական, էջ 11

Արտաքին հղումներ խմբագրել