Սովորական որոր (լատին․՝ Larus ridibundus), որորների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը ՝ 34-37 սմ է, թևերի բացվածքը՝ 100-110 սմ, կենդանի զանգվածը՝ 250-400 գ։ Կտուցը նրբագեղ է։ Հասունի մեջքը, թևավերևը բաց մոխրագույն են։ Թևավերևի առաջնային փետուրների ծայրերը մուգ են։ Արտաքին առաջնայինները սպիտակ են, ներքին առաջնայինները վերևից՝ մոխրագույն, ներքևից՝ սևավուն։ Բնադրման շրջանում գլուխը մուգ դարչնագույն է, ծոծրակը՝ սպիտակ։ Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, ականջին կա մուգ պուտ։

Սովորական որոր
Սովորական որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Որորներ
Լատիներեն անվանում
Larus ridibundus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Բնակվում է լճակներում, լճերում, գետերում, խոնավ տարածքներում։ Սնվում է կենդանիների և բույսերի տարատեսակներով։ Հաճախ այլ տեսակների հետ սովորական որորները կազմում են խառը երամներ։ Բները հայտնվում են ապրիլի վերջ-մայիսի սկզբին։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ բույսերի կտորտանքից։ Բնադրում է գետնին։ Ձվադրում է մայիս-հունիսին։ Դնում է 52 մմ տրամագծով, խամրած կանաչ՝ դարչնագույն վրձնախազերով 2-3 ձու։ Թխսակալում է 22-24 օր։ Ձագերը բույնը թողնում են կյանքի 10-րդ օրը և թաքնվում մոտակա թփուտներում։ Որպես բնադրող տեսակ՝ մինչև 1970-ական թթ. զբաղեցնում էր Արփի լճի 2 կղզիները՝ կազմելով մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր բնադրագույգեր։ Սովորական որորի մարմնի փոքրությունը և ֆիզիկապես թույլ լինելը 1970-ական թթ. պատճառ դարձան ավանդական բնադրատեղիներից նրա աստիճանաբար դուրսմղման։ Բնադրագաղութներն ամբողջությամբ զբաղեցրել է հայկական որորը և ընդլայնել սեփական բնադրման հնարավորությունները։ Ներկայումս սովորական որորը՝ ՀՀ տարածքում չունենալով համապատասխան էկոմիջավայր, կլոր տարին մնում է հյուրի կարգավիճակով։ Սովորական որորներն աշնանը մեծ քանակությամբ կուտակվում են Արարատյան դաշտի ձկնաբուծական լճակների ծանծաղուտ ափերին, Երևանյան լճում, որտեղ ձմեռում են կամ անցկացնում ողջ տարին։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական որոր» հոդվածին։