Սովորական Լոքո (լատ.՝ Silurus glanis), լոքոյաձկների ընտանիքի ձուկ: Սովորաբար հանդիպում է դանդաղահոս գետերի մերձհատակային մասերում, ՀՀ-ում Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Որոտան, Արփա գետերում, Արարատյան դաշտի ջրանցքներում ու լճակներում։ Խոշոր ձուկ է։ Մարմնի երկարությունը 60-90 սմ է (երբեմն՝ 2-3 մ, զանգվածը՝ 150 կգ և ավելի)։ Պոչային ցողունը երկար է, կողքերից սեղմված։ Գլուխը տափակ է, լայն, մաշկը՝ առանց թեփուկային ծածկի ու լորձնոտ։ Բերանը մեծ է, գտնվում է գնչի ծայրին և զինված է մանր խոզանանման ատամիկներով։ Ստորին ծնոտը վերինից երկար է։ Ունի 3 զույգ բեղիկներ, որոնցից 2-ը (կարճ զույգերը) գտնվում են ստորին ծնոտի տակ, իսկ մյուսը (երկարը)՝ վերին ծնոտի վրա։ Պոչային լողակը զուրկ է կտրվածքից և ունի կոր եզրագիծ։ Մեջքային լողակն ունի 2-4 ճառագայթ, հետնալողակը՝ 81-94: Խռիկային առաջին աղեղի վրա ծառագորտ կա 13-14 առէջ։ Կրծքային լողակի առաջին ճառագայթը խիստ հաստացած է, հետին մասում՝ ատամիկներով զինված։ Մեջքը բաց մոխրագույնից սևակապտավուն է, փորիկը՝ սպիտակ կամ մոխրասպիտակավուն, կողքերը՝ ավելի բաց գույնի։ Կողքերի և փորիկի վրա ցրված են բազմաթիվ մանր, մուգ բծեր։ Ծիածանաթաղանթը դեղին է՝ սև պտերով։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում։ Բազմանում է գարնանը' 18-20 °C ջերմաստիճանային պայմաններում՝ պարզունակ կառուցվածք ունեցող և ջրային բույսերի արանքում գտնվող բներում։ Բեղունությունը կազմում է մինչև 480 հազար ձկնկիթ, որը կպչուն է, տրամագիծը՝ 2-3 մմ։ Ձկնկիթի զարգացումը տևում է 3-10 օր։ Արուն այդ ընթացքում հոգ է տանում ինչպես ձկնկիթի, այնպես էլ թրթուրների նկատմամբ։ Հասնելով 7 մմ երկարության՝ շերեփուկներ հիշեցնող մանրաձկներն անցնում են արտաքին սննդառության։ Գիշատիչ է։ Սնվում է փափկամարմիններով ու զանազան ողնաշարավորներով (ձկներ, գորտեր, թռչուններ, մանր կաթնասուններ)։ Սննդային ակտիվությունը բարձր է գիշերը։ Ցերեկը սովորաբար գտնվում է թաքստոցում։ Արժեքավոր տեսակ է։ ՀՀ գետերում երբեք մեծաքանակ չի եղել։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։

Լոքոյի պատկերով լատվիական նամականիշ
Silurus glanis Rio Ebro Spain 1.jpg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png