Սոնա Մնացականյանի մահ, Երևանի 29-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանի և նրա դեռևս չծնված երեխայի սպանություն, որը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով[1][2][3]։ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքը հանրային լայն հնչեղություն է ստացել[2][4], իրադարձությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվական միջոցներով[2][5]։

Սոնա Մնացականյանը

Մահվան ելքով վրաերթից հետո դեպքի վայրում քաղաքացիները խաղալիքներ, ծաղիկներ են տեղադրել և մոմեր վառել՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա դեռևս չծնված երեխայի[6][7]։

Վրաերթ խմբագրել

 
Սոնա Մնացականյանի սպանության վայրը

2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն[2][8]։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում[2]։

Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։

Քրեական գործ խմբագրել

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ և 244-րդ հոդվածի 1-ին մասով[9]։ Կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենայի վարորդը ապրիլի 26-ին ձերբակալվել է։ Ըստ լրատվականների՝ վրաերթի ենթարկած անձը ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանն է, ով հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով[3][9][10]։

Մահվան ելքով վրաերթն իրականացրած մեղադրյալ Արամ Նավասարդյանն ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ըստ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը[3][11]։

Քննադատություն խմբագրել

Սոնա Մնացականյանի մահացու ելքով վրաերթը հանրային շրջանակներում լայն քննադատությունների է ենթարկվել։ Մահվան ելքով վրաերթին են անդրադարձել մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը[12][13]։ Քննադատվել է հատկապես ավտոշարասյանը ուղեկցող սպայական անձնակազմի գործողությունները, որոնք, ըստ քննադատների, որոշ դեպքերում հասնում են ամենաթողության։

Մահվան ելքով վրաերթի հետ կապված հակասական հայտարարություններ են արել մի շարք պաշտոնյաներ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ վարչապետը, նկատելով գետնին ընկած կնոջը, հրահանգել է շտապօգնություն կանչել և շարունակել մեքենայի ընթացքը[14], իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ վարչապետը տեղյակ չի եղել վրաերթի մասին, այլապես կհրահանգեր կանգնեցնել մեքենան[15]։

Կենսագրություն խմբագրել

Սոնա Մնացականյանը ծնվել է Արարատի մարզի Բերքանուշ գյուղում։ Հայրը բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանն է, իսկ մայրը մանկաբույժ է[16][17]։ Նա «Աջակցենք մեր հերոսներին» (Support Our Heroes - Armenia) կազմակերպության հիմնադիր անդամ էր, Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետությունում կառուցվող «Թևեր» տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը։ Ամուսնացած էր, ապրում էր Երևանում։ Հունիսին կծնվեր նրա առաջին երեխան[18]։

Արձագանք խմբագրել

  • Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտնել է, որ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, իսկ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան չի կանգնել, քանի որ կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ կառաջացներ[19]։
  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ վարչապետը տեղյակ չի եղել վրաերթի մասին, այլապես կհրահանգեր կանգնեցնել մեքենան[20]։
  • Հայաստանի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանելով վրաերթից հետո ավտոշարասյան մեքենաների ընթացքը շարունակելու մասին հարցին՝ հայտնել է, որ կանոնակարգով մեքենաները կանգնելու իրավունք չունեին[21]։
  • Հայաստանի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր զարմանքն է արտահայտել դեպքի առթիվ հանրության լայն արձագանքից՝ հայտնելով, որ ամեն օր նմանօրինակ ողբերգություններ են լինում, ինչո՞ւ հանրությունը դրանք նույնպես չի քննարկում[22]։
  • Ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի՝ վրաերթից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել սպանված կնոջ հոր հետ և ցավակցություն հայտնել[23]։
  Իհարկե չեմ ցանկանում, բայց եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականյան, այլ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ։
- մահացած հղի կնոջ հայր[24]
 

Միջազգային արձագանք խմբագրել

  • 2022 թվականի հուլիսի 6-ին Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ արձագանքել են Սոնա Մնացականյանի սպանությանը։ Մասնավորապես, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել և հայ պատգամավորների ուշադրությունը հրավիրել տեղի ունեցածին՝ խնդրելով ուշադիր հետևել գործին, արդարադատություն հաստատել Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Նրանց նամակում գրված է, որ «Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության համակեցության հիմնաքարերից մեկը, որին Հայաստանը ձգտում է և որը պաշտպանել է նաև Սոնա Մնացականյանը ողջ կյանքում՝ օրենք է, որի առջև բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանց կոչումից և դիրքից ներգրավված»[25]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երեւանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր». news.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ««Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մահացած». «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022թ․)
  3. 3,0 3,1 3,2 «Երևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության մայորը ստորագրությամբ ազատ է արձակվել» հոդված aysor.am լրատվական կայքում, (արխիվացված 29․04․2022 թ․)
  4. «Հղի կնոջ մահացու վրաերթը, հանրության ցասումն ու իշխանության սառը արձագանքը». CIVILNET. 2022 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Մահվան ելքով վրաերթ Երևանում. ըստ հավաքվածների՝ վրաերթը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի կողմից. վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը մահացել է» հոդված shamshyan.com լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022 թ․)
  6. «Քաղաքացիները խաղալիքներ են տանում և մոմեր վառում Երևանում այսօր տեղի ունեցած ողբերգական վրաերթի վայրում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Հղի կնոջը վրաերթի ենթարկելու տեղում քայլերթի մասնակիցները ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր դրեցին» հոդված yerkir.am լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022թ․)
  8. LLC, Helix Consulting. «Մահվան ելքով վրաերթ Պարոնյան-Լեո խաչմերուկում. ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է, մահացածը 28 տարեկան էր - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  9. 9,0 9,1 «Վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը հայտնի բժիշկների դուստրն էր» հոդված shamshyan.com լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022թ․)
  10. «Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022թ․)
  11. «Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխիվացված 29․04․2022թ․)
  12. «Երեկվա մեր քաղաքացու սպանությունը պետք է այս իշխանության կողմից լինի վերջինը՝ Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնենք․ Իշխան Սաղաթելյան» հոդված yerkir.am լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022թ․)
  13. «Նիկո՛լ, մարդասպան, վրաերթի ենթարկված մեր հայրենակիցը 30 րոպե մնացել է փողոցում, հո դուք գի՞ժ չեք․ Արամ Վարդևանյան» հոդված yerkir.am լրատվական կայքում, (արխիվացված 27․04․2022 թ․)
  14. «Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել․ Տարոն Չախոյան». news.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  15. «Վարչապետը տեղյակ չի եղել հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին. ՄԻՊ». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  16. «Վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը հայտնի բժիշկների դուստրն էր. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  17. Lusine. «Երեկ մահացած հղի կինն արցախահայերի աջակցության բարեգործական ծրագրի ղեկավար էր. Սոնան իր առաջնեկին էր սպասում». yerevan.today. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  18. One, Studio. «Երեկ մահացած հղի կինն արցախահայերի աջակցության բարեգործական ծրագրի ղեկավար էր. Սոնան իր առաջնեկին էր սպասում». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  19. «Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը». fip.am. 2022 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  20. «Վարչապետը տեղյակ չի եղել հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին. ՄԻՊ» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 14․05․2022թ․)։
  21. «Կարծում եմ՝ կանոնակարգով հաստատ չի կարելի կանգնել. Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի մասին. News.am». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  22. «Ամեն օր է այսպիսի ողբերգություն լինում, ինչո՞ւ հանրությունը դրանք չի քննարկում. ՔՊ–ական Արմեն Խաչատրյանը՝ վրաերթի մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  23. «Վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  24. Իհարկե չեմ ցանկանում, բայց եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականյան, այլ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացած հղի կնոջ հայր aravot.am
  25. «Բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանց կոչումից և դիրքից. Բունդեսթագի պատգամավորների անդրադարձը՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքին» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 08․07․2022թ․)։