Սոճի էլդարյան

բույսերի տեսակ

Սոճի էլդարյան (լատին․՝ Pinus eldarica Medw.), սոճազգիների ընտանիքի, սոճի ցեղի բույս։

Սոճի էլդարյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Սոճի
Տեսակ Սոճի էլդարյան
Լատիներեն անվանում
Pinus eldarica
Medw.
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Ոչ մեծ, մշտադալար ծառեր են՝ մինչև 15 մ բարձրությամբ և լայն, տարածված սաղարթով։ Ցողունը ուղղահայաց է կամ ծռմռված։ Փշատերևները Փնջերում նստած են զույգ-զույգ, դեպի առաջ թեքված, վառ կանաչ, 6-10 կամ 12-13 սմ երկարությամբ։ Կոները 1-ական են կամ 2-4-ական, կարճ կոթունների, ճյուղերի վրա նստած են ուղղահայաց կամ թեք, երկարավուն-ձվաձև, ուղիղ կամ մի փոքր կեռ, 5-8 սմ երկարությամբ և 3—5 սմ լայնությամբ, բաց կարմրաշագանակագույն։

Ամենաչորադիմացկուն սոճիներից մեկն է։ Հատկապես պիտանի է չոր, քարքարոտ, աղքատ հողատարածություններն ու լանջերը կանաչապատելու համար։ Հայաստանում մշակվող բոլոր սոճիների համեմատությամբ էլդարյան սոճին ունի այն մեծ առավելությունը, որ նրա սերմնաբույսերը չեն վախենում արևահարությունից և ստվերացման հետ կապված ծախսերը բացառվում են։ Այս տեսակի սերմնաբույսերը չնչին չափով են վարակվում սնկային հիվանդություններով։ Բավարար խնամքի դեպքում էլդարյան սոճու երկու տարեկան սերմնաբույսերը հասնում են մինչև 70 սմ բարձրության և վերատնկումը տանում են համեմատաբար լավ։ Ամենաանբարենպաստ պայմաններում անգամ էլդարյան սոճու 6 տարեկան տնկիները հասնում են 3,1 մ բարձրության, տալով մինչև 50 սմ տարեկան միջին աճ։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում աճում է միայն Արևելյան Հարավային Կովկասում՝ էլդարյան տափաստանում Էլդար-Օուղա լեռան հյուսիսային և հյուսիսարևելյան լանջերին, ծովի մակերևույթից 400—600 մ բարձրության վրա։ Հայաստանում հանդիպում է Իջևանում, Այգեհովիտում, Նոյեմբերյանում և Մեղրիում։ Երևանում ցրտահարվում է առաջին իսկ ուժեղ սառնամանիքներից։ Իջևանի (Այգեհովիտի) մերձարևադարձային տնկարանում կան 38 — 40 տարեկան մի քանի ծառեր, որոնց բարձրությունը կազմում է 14 — 15 մ, իսկ բնի տրամագիծը՝ 45—50 սմ։ Բավականին լավ են աճում, առողջ տեսք ունեն, առատորեն պտղակալում են, չեն ցրտահարվում, վնասատուներով և հիվանդություններով չեն վարակվում։ Ընդհանրապես հյուսիսային Հայաստանի կանաչ տնկարկներում տարածված է մասսայական կարգով։ Իջևանում 20 տարեկանում առատորեն ծաղկում և պտղաբերում են, տալով ծլունակ սերմեր։ Իջևանի փորձնական անտառային տնտեսությունը արդեն 1968 թվականին զբաղվում է այս տեսակի բազմացմամբներքին անտառային գոտուչոր և աղքատացած հողերում այդ կուլտուրան հիմնավորելու նպատակով։

Կիրառություն խմբագրել

Էլդարյան սոճին կարելի է խորհուրդ տալ միայն Հայաստանի մերձարևադարձային շրջանների և հատկապես Մեղրու շրջանի բնակավայրերի կանաչապատման համար։ Երևանի և Վանաձորի համար հեռանկարային չէ։ Էկոլոգիական խումբը՝ III, մշակության հավանական շրջանները՝ 9, 32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 66։