Սինձ, այծամորուս կամ քոշմորուք, (լատ.՝ Tragopógon), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով 84) տեսակ[1]։
Բուսաբանական նկարազարդումը գրքից О. В. Томе «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885
Գիտական անվանումը ծագել է հին հունարեն՝ τράγος (tragos) - այծ և πώγων (pogon) - մորուք բառերից, որը բացատրվում է նրանով, որ բույսը այծի մորուսի տեսք ունի[2]։
Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ)։ Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն։ Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է։ Ծաղկում է
մայիս-օգոստոսին։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր։
Տարածված Եվրոպայի բարեխառն գոտում։ Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը։ Հայաստանում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն։ Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։
Մեղրատու է։ Սինձը կարելի է ուտել թարմ քաղելուց հետո, քաղցրահամ է։ Սինձից հայկական գյուղերում պատրաստվել է ձութ։ Տերևները, ցողուններն ու արմատներն օգտագործվում են սննդի մեջ։ Նաև կերաբույս է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ։
Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 462—476. — 512 с. — 300 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։