Սերգիոս Տյուքիկոս
Սերգիոս Տյուքիկոսը (ծնվելու թվականը անհայտ — 835 թվական), պավլիկյան շարժման առաջնորդ։
Սերգիոս Տյուքիկոս | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 835 |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ծնվել է Արմենիակների բանակաթեմի Նեոկեսարիայի գավառի Տաբիա բնակավայրում։ Պավլիկյան շարժումը գլխավորել է 801 թվականից՝ պարտության մատնելով իր գաղափարական հակառակորդին՝ աղանդապետ Վահանին։ Սերգիոս Տյուքիկոսի առաջնորդության տարիներին պավլիկյան շարժումը տրոհված Էր նրա («սերգիոսականներ») և Վահանի («վահանյաններ») հետևորդների միջև։ Սերգիոս Տյուքիկոսը ամրապնդել է պավլիկյան համայնքները, հիմնադրել նորերը (Պոնտոսում, Մոպսուեստիայում, Արգաուսում), վերջնականապես ձևավորել պավլիկյան գաղափարախոսությունը։ Հալածանքների ենթարկվելով Բյուզանդիայի Միքայել I (811- 813 թթ.) և Լևոն V (813 - 820 թթ.) կայսրերից՝ Սերգիոս Տյուքիկոսը իր հետևորդների հետ ապաստանել է Մելիտինեի արաբական ամիրայությունում, այնտեղից զինված հարձակումներ գործել կայսրության արևելյան շրջանների դեմ։ Ենթադրվում է, որ սպանվել է բյուզանդական գործակալի ձեռքով։
Սերգիոս Տյուքիկոսի մահից հետո «սերգիոսականների» և «վահանյանների» միջև կրկին բորբոքված պայքարն ավարտվել է առաջինների հաղթանակով։ Սերգիոս Տյուքիկոսի մերձավորագույն աշակերտները կոչվել են «սինեկդեմոսներ» (ուղեկիցներ), կարգադրություններ գործադրողները՝ «կինոխորիտներ» և «աստատներ»։ Սերգիոս Տյուքիկոսը իր հետևորդներին թողել է գրական ժառանգություն։ Պետրոս Միկիլացու երկում Սերգիոս Տյուքիկոսի նամակներից պահպանված պատառիկները պավլիկյանների ստեղծած գրականության միակ փրկված բեկորներն են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |