Սերգեյ Յակովլևիչ Էֆրոն (ռուս.՝ Сергей Яковлевич Эфрон, սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1941(1941-10-16), Մոսկվա, ԽՍՀՄ), հրապարակախոս, գրականագետ, Սպիտակ բանակի սպա, մարկովական, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալ։ Եղել է Մարինա Ցվետաևայի ամուսինն ու նրա երեք երեխաների հայրը։

Սերգեյ Էֆրոն
Ծնվել էսեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1893
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1941(1941-10-16) (48 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԲուտովոյի հրաձգարան
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ԱմուսինՄարինա Ցվետաևա[1]
ԶավակներԱրիադնա Էֆրոն և Gueorgui Serguéievich Efrón?
 Sergej Efron Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Էֆրոնը ծնվել է նարոդովոլեցներ Ելիզավետա Պետրովնա Դուրնովոյի (1855-1910), որ սերում էր ազնվականական հայտնի տոհմից, և Յակով Կոնստանտինովիչ (Կալմանովիչ) Էֆրոնի (1854-1909) ընտանիքում։ Հայրը եղել է Վիլնայի նահանգից՝ հրեաների ընտանիքից[2]։ Սերգեյ Էֆրոնն արձակագիր և դրամատուրգ Սավելի Կոնստանտինովիչ (Շեել Կալմանովիչ) Էֆրոնի (գրական կեղծանունը՝ Ս․ Լիտվին, 1849-1925) զարմիկն էր[3]։

Ծնողների վաղաժամ մահվան պատճառով Սերգեյ Էֆրոնը նախքան իր չափահաս դառնալը ունեցել է խնամակալ[4]։ Ավարտել է Պոլիվանովի գիմնազիան, սովորել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Գրել է պատմվածքներ, փորձել է խաղալ թատրոնում Ալեքսանդր Թաիրովի մոտ, հրատարակել է ամսագրեր, ինչպես նաև զբաղվել է ընդհատակյա գործունեությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ 1915 թվականին, Սերգեյ Էֆրոնն ընդունվել է սանիտարական գնացք որպես գթության եղբայր։ 1917 թվականին ավարտել է յունկերական ուսումնարան։ Նույն թվականի փետրվարի 11-ին գործուղվել է Պետերգոֆի պրապորշչիկների դպրոց՝ ծառայությունն անցկացնելու համար։ Կես տարի անց ընդունվել է 56-րդ հետիոտնային պահեստային գունդ, որի ուսումնական անձնակազմը գտնվում էր Նիժնի Նովգորոդում։

1917 թվականի հոկտեմբերին Սերգեյ Էֆրոնը մասնակցել է Մոսկվայում բոլշևիկների դեմ ծավալված մարտերին, ապա Սպիտակ շարժմանը․ գեներալ Մարկովի սպայական գնդի կազմում մասնակցել է Սառցային արշավանքին ու Ղրիմի պաշտպանությանը։

Տարագրության մեջ խմբագրել

1920 թվականի աշնանն իր զորամասի կազմում տարհանվել է Գալիպոլի, ապա մեկնել Կոստանդնուպոլիս, դրանից հետո՝ Պրահա։ 1921-1925 թվականներին սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Եղել է ռուս ուսանողների կազմակերպության, ռուս գրողների ու լրագրողների միության անդամ։

Տարագրության մեծ Էֆրոնը շուտով սկսել է կարոտել հայրենիքը, ցանկացել վերադառնալ Ռուսաստան։ Պրահայում նա կազմակերպել է Ռուս ուսանողների դեմոկրատական միությունը և դարձել այդ միության կողմից հրատարակվող «Своими путями» համախմբագիր։ Մասնակցել է եվրասիական շարժման զարգացմանը, որ մեծ տարածում էր գտել ռուս տարագիրների շրջանում որպես կոմունիզմի այլընտրանք։ Սերգեյ Յակովլևիչը հարել է շարժման ձախ մասին, որը համեմատաբար ավելի հանդուրժողականորեն էր վերաբերում խորհրդային կարգերին։

1926-1928 թվականներին Սերգեյ Էֆրոնը Փարիզում աշխատել է որպես եվրասիականությանը մոտ «Вёрсты» ամսագրի համախմբագիր։

1927 թվականին Սերգեյ Էֆրոնը նկարահանվել է «Ննջավագոնների մադոննան» ֆրանսիական ֆիլմում (ռեժիսորներ՝ Մարկո դե Գաստին, Մորիս Գլեզ)[5], որտեղ կատարել է Բաթումի բանտի կալանավոր մահապարտի դեր, որը տևել է 12 վայրկյան և կարծես կանխագուշակել է նրա հետագա ճակատագիրը։

1933 թվականի մայիսի 29-ին դարձել է Փարիզի «Գամայուն» մասոնական ժողովարանի անդամ[6]։ Ժողովարանից հեռացվել է 1937 թվականի նոյեմբերի 8-ին՝ գեներալ Միլլերի առևանգումից հետո։

1930-ական թվականներին Սերգեյ Էֆրոնն սկսել է աշխատել «Հայրենիք վերադառնալու միությունում» (ռուս.՝ «Союз возвращения на родину»), ինչպես նաև համագործակցել է խորհրդային հատուկ ծառայությունների հետ 1931 թվականից։ Սերգեյ Էֆրոնը եղել է Միավորված պետական քաղաքական վարչություն արտասահմանյան բաժնի աշխատակից Փարիզում։ Օգտագործվել է որպես խմբավար և նշանառու-զինվորագրորդ․ անձամբ զինվորագրել է 24 մարդ Փարիզի տարագիրների շարքից։ Նրա զինվորագրած տարագիրներից ոմանք, մասնավորապես Կիրիլ Խենկինը, նրա օգնությամբ ուղարկվել է Իսպանիա՝ մասնակցելու քաղաքացիական պատերազմին։ 1935 թվականից Սերգեյ Էֆրոնն ապրել է Վանվեում՝ Փարիզի մոտ։

Վարկածներից մեկի համաձայն՝ Սերգեյ Էֆրոնը մասնակից է եղել խորհրդային հետախույզ Իգնատի Ռեյսի (Պորեցկի) սպանությանը (1937 թվականի սեպտեմբեր), որ հրաժարվել էր վերադառնալ ԽՍՀՄ[7]։ Սակայն լուրերը հերքվել են, և նա արդարացվել է։

ԽՍՀՄ-ում խմբագրել

1937 թվականի հոկտեմբերին շտապ կարգով գնացել է Հավր, որտեղից շոգեքարշով մեկնել է Լենինգրադ։ Խորհրդային Միություն վերադառնալուց հետո Սերգեյ Էֆրոնին ու նրա ընտանիքին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից տրամադրվել է պետական ամառանոց մերձմոսկովյան Բոլշևոյում։ Սակայն Մարինա Ցվետաևայի վերադառնալուց հետո ձերբակալվել է նրանց դուստրը՝ Արիադնա Էֆրոնը։

ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից Էֆրոնը ձերբակալվել է 1939 թվականի նոյեմբերի 10-ին։ Հետաքննության ընթացքում Էֆրոնին տարբեր միջոցներով (այդ թվում նաև տանջանքների միջոցով, օրինակ՝ ձմռանը տեղավորվել է սառը պատժախցում) փորձել են ստիպել ցուցմունք տալ իր հարազատ մարդկանց, այդ թվում նաև «Վերադարձի միության» ընկերների, ինչպես նաև Մարինա Ցվետաևայի դեմ, սակայն նա հրաժարվել է վկայություն տալ նրանց դեմ[8]։ 1941 թվականի օգոստոսի 6-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից դատվել է Քրեական օրենսգրքի 58-1ա հոդվածով և գնդակահարվել նույն թվականի հոկտեմբերի 16-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Բուտովյան հրաձգարանում մահապատժի դատապարտված 136 կալանավորների խմբի կազմում, որը ձևավորվել էր շտապ կարգով՝ նպատակ ունենալով «թեթևացնել» ռազմաճակատին մոտ գտնվող Մոսկվայի բանտերը։

Արիադնա Էֆրոնը 8 տարի անցկացրել է ուղղիչ-աշխատանքային ճամբարներում և վեց տարի աքսորված է եղել Տրուխանսկի շրջան։ Արդարացվել է 1955 թվականին։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրը՝ Պյոտր Յակովլևիչ Էֆրոն (1881-1914), դերասան, էսէռների կուսակցության անդամ (կինը՝ պարուհի Վերա Միխայլովնա Ռավիչ),
  • Քույրը՝ Աննա Յակովլևնա Տրուպչինսկայա (1883-1971), մանկավարժ
  • Քույրը՝ Ելիզավետա Յակովլևնա Էֆրոն (1885-1976), թատերական ռեժիսոր և մանկավարժ, Ցվետաևների ու Էֆրոնների ընտանիքների արխիվի պահապանը,
  • Քույրը՝ Վերա Յակովլևնա Էֆրոն (1888-1945), Կամերային թատրոնի դերասանուհի (1915-1917), գրադարանավարուհի, նրա ամուսինն է եղել Մոսկվայի պետական համալսարանի ու Կ․ Մարքսի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի պրոֆեսոր, իրավագետ Միխայիլ Սոլոմոնովիչ Ֆելդշտեյնը (1884-1939), որ եղել է գրող Ռաշել Խինի որդին։ Նրանց որդին՝ կենսաբան Կոնստանտին Միխայլովիչ Էֆրոնը (1921-2008), եղել է բնապահպանական շարժման գործիչ ԽՍՀՄ-ում,
  • Եղբայրը՝ Կոնստանտին Յակովլևիչ Էֆրոն (1898-1910),
  • Կինը՝ Մարինա Իվանովնա Ցվետաևա (1892-1941), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներից մեկը,
    • Դուստրը՝ Արիադնա Սերգեևնա Էֆրոն (1912-1975), արձակ և չափածո ստեղծագործությունների թարգմանիչ, հուշագիր, նկարչուհի, արվեստագետ, բանաստեղծուհի,
    • Դուստրը՝ Իրինա Սերգեևնա Էֆրոն (13.04.1917-15 (16?).02.1920), մահացել է լքվածությունից ու սովից Կունցևոյի երեխաների ապաստանում,
    • Որդին՝ Գեորգի Սերգեևիչ Էֆրոն («Մուռ», 01.02.1925—<?>.07.1944), զոհվել է ռազմաճակատում, ըստ («Мемориал» տվյալների բազայի՝ թաղվել է եղբայրական գերեզմանում Բելառուսի Վիտեբսկի մարզի Բրասլավ քաղաքում)։ Հրատարակվել են նրա օրագրերը (03.1940-08.1943)։

Մատենագրություն խմբագրել

  • Эфрон С. Детство. Рассказы. — М.: Оле-Лукойе, 1912.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Швейцер В. А. Цветаева М. И. (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1975. — Т. 8. — С. 377—378.
  2. Дневники Георгия Эфрона
  3. Савелий Эфрон «Из моих воспоминаний о еврейском прошлом»
  4. Էդուարդ Վլադիմիրովիչ Զավադսկի՝ երդվյալ հավատարմատար Սանկտ Պետերբուրգում։
  5. «Сергей Эфрон — 12 экранных секунд». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2001 թ․ մարտի 12-ին.
  6. ДЛ Гамаюн ВЛФ
  7. Натан Маркович Порецкий — Игнатий Рейсс
  8. Документальный цикл передач «Гении и злодеи». Серия «Цветаева и Эфрон». 2006 г. —ОАО «Первый канал», ведущий Лев Николаев

Գրականություն խմբագրել

  • Виталий Шенталинский «Марина, Ариадна, Сергей», Новый мир, № 4 1997
  • Ирина Чайковская «Алмазный венец Цветаевой», Чайка, № 10-11 (21-22) 2004
  • Сергей Эфрон. «Записки добровольца», М., «Возвращение» 1998 г.
  • Эфрон С. «Детство», Книга рассказов. М., 1912 г.
  • Дядичев Владимир, Лобыцын Владимир. Доброволец двух русских армий: военная судьба Сергея Эфрона, 1915—1921 годы. — М.: Дом-музей Марины Цветаевой, 2005. — 139 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Էֆրոն» հոդվածին։