Սերբական գրականություն (սերբ.՝ Српска књижевност), սերբերենով գրականությունը։

Սերբական գրականության ակունքները հասնում են IX դարի 2-րդ կեսը, Կիրիլի ու Մեֆոդիի և նրանց աշակերտների գործունեության ժամանակները։ Միջնադարյան գրականությունն ունեցել է առավելապես եկեղեցական–խրատական բնույթ։ Սերբական գրականության առաջին նշանավոր հուշարձաններն են Միրոսլավի Աստվածաշունչը (XII դար), Ստեֆան Պերվովենչաննու (մոտ 1165-1227), Սավվայի (1175-1235), Դոմենտիանի (մոտ 1210–1264 թվականներից հետո) և ուրիշների երկերը։ Սերբիայի մասին պատմական և աշխարհագրական արժեքավոր տեղեկություններ է պարունակում Կոնստանտին փիլիսոփայի ժ/(Կոստենչեսկու, XIV դ․ վերջ-1439 թվականից հետո) «Բռնակալ Ստեֆան Լազարևիչի վարքագրությունը» (1431-1435)։ Սերբական գրականությունը զարգացել է եվրոպական մյուս գրականությունների փոխազդեցությամբ։ XV դ․ վերջին տասնամյակում–XVI դ․ սկզբներին սկսվել է սերբերենով գրքի տպագրությունը։

Թուրքական լուծը (XVI-XVII դդ․) կասեցրել է սերբական գրականության զարգացումը։ XVIII դ․ սերբերի կյանքի հոգևոր կենտրոնը փոխադրվել է Հարավային Հունգարիա։ Ռուսական եկեղեցական գրքերի ու դասագրքերի ազդեցությամբ կազմավորվել է սլավոնա–սերբական լեզուն, որը նկատելի դեր է խաղացել սերբական Լուսավորականության գրականության ստեղծման գործում։ XVIII դ․ սերբերի մշակութային վերածնության ընթացքը առավել լրիվ է արտացոլել աշխարհիկ գրականության հիմնադիր, լուսավորիչ Դոսիտեյ Օբրադովիչը (մոտ 1742–1811)։

XIX դ․ 1-ին կեսին երևան են եկել կուլտուր-լուսավորական ու գիտական ընկերություններ, գրական մամուլը։ Այդ շրջանի գրականության մեջ աչքի ընկնող դեր է խաղացել բանասեր, բանագետ և պատմաբան, ազգային վերածնության գաղափարախոս Վուկ Կարաջիչը (1787-1864), որի գաղափարները որդեգրել են ռոմանտիկները։ Սերբական ռոմանտիզմը առավել ցայտուն է արտահայտվել 1840–1870-ական թվականներին։ Գրական կյանքի կենտրոնը դարձել է Նովի Սադը։

1860-ական թվականներին նկատվել է շրջադարձ դեպի ռեալիզմը, որի ծրագիրը տվել է Ս. Մարկովիչը (1846-1875)։ Առաջին ռեալիստներն են Մ. Գլիշիչը (1847-1908), Լ. Լազարևիչը (1851-1890), Յա. Վեսելինովիչը (1862–1905)։ Վեպի առաջացումը կապված է Յա․ Իգնյատովիչի (1824–1889) անվան հետ։ XIX դ․ վերջին Մ. Մատավուլի (1852-1908), Ս. Սրեմցի (1855–1906), Ս. Ռանկովիչի (1863-1899) ստեղծագործությունը ընդլայնում է ռեալիզմի գեղարվեստական բովանդակության ոլորտը։ Ռեալիզմի զարգացման ասպարեզում հայտնի են Ռ. Դոմանովիչը (1873–1908), Բրանիսլավ Նուշիչը (1864-1938), Վ. Իլիչը (1860-1894)։ Գաղափարա–գեղարվեստական զանազան միտումների փոխազդեցության հետևանքով գրական պրոցեսը 1890-ական թվականների վերջերին բարդացել է։ Այս պայմաններում ռեալիզմի սկզբունքներն է պաշտպանել նշանավոր գրաքննադատ ու գրականության պատմաբան Յո․ Սկեռլիչը (1877- 1914)։ Մոդեռնիստական հոսանքը ներկայացված է Յո. Դուչիչի (1871-1943), Մ. Ռակիչի (1876–1938), Վ. Պետկովիչ Դիսի (1880-1917) ստեղծագործություններով։

Հարավսլավական պետության ստեղծումը (1918) նոր փուլ է եղել նաև սերբական գրականության զարգացման մեջ։ Երևան են եկել էքսպրեսիոնիստ բանաստեղծներ (Ի. Անդրիչ, Մ. Ցռնյանսկի, Մ. Վինավեր, 1891-1955)։ Սերբական գրականության մեջ աչքի ընկնող տեղ է գրավել պատերազմի թեման։ 1920-ական թվականների վերջին երևան են եկել հեղափոխական գաղափարախոսության վրա հենվող «սոցիալական գրականությունը» և սյուրռեալիզմը։ 1930-ական թվականներին սյուրռեալիզմը որպես հոսանք դադարել է գոյություն ունենալուց։ Այդ շրջանի սոցիալական պոեզիայի բարձրակետը չեռնոգորցի բանաստեղծ Ռադովան Զոգովիչի ստեղծագործությունն է։ Նկատելի հաջողությունների են հասել հեղափոխական գրողներ Յո. Պոպովիչը (1905-1952), Չ. Մինդերովիչը (1912-1968)։

Ֆաշիստական օկուպացիայից ազատագրվելուց և ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո Սերբիայում ստեղծվել է (1945) սերբ գրողների միություն։ 1950-ական թվականների սկզբներին կենտրոնական տեղ է գրավել ժողովրդա-ազատագրական պատերազմի, հեղափոխության և նոր կյանքի թեման։ Իրականության ռոմանտիկական ընկալումով են աչքի ընկնում երիտասարդ սերնդի բանաստեղծների՝ Ա. Վուկոսավլևիչի, Ա. Մարկովիչի գործերը։ Սերբական արձակում խոշոր իրադարձություն է եղել Ի. Անդրիչի «Դրինի կամուրջը», «Տրավնիցյան ժամանակագրություն», «Օրիորդ» վեպերի տպագրությունը 1945 թվականին։

1950-ական թվականների սկզբներին սերբական գրականության մեջ տեղի է ունեցել մի կողմից ռեալիզմի, մյուս կողմից մոդեռնիստական զանազան հոսանքների կողմնակիցների խիստ սահմանազատում։ Զգալի չափով փոխվել են թեմատիկան, գաղափարական ուղղվածությունը, հուզական երանգը, արտահայտչաձևերը։ 1950-1960-ական թվականներին հասունացել և բարձր վարպետության է հասել բանաստեղծուհի Դեսանկա Մաքսիմովիչի պոեզիան։ 1950–60-ական թթ․ սերբական արձակը ներկայացված է զանազան գեղարվեստական միտումներով ու ստեղծագործական մեթոդներով։ Կենտրոնական տեղ են գրավում հեղափոխության պրոբլեմատիկան և ետպատերազմյան կյանքը (Բրանկո Չոպիչ, Միխայիլո Լալիչ, Օսկար Դավիչո, Դ. Չոսիչ, էրիխ Կոշ)։ Ռեալիզմի, էքսպրեսիոնիզմի և նատուրալիզմի յուրատեսակ համադրություն են ներկայացնում Միլոշ Ցրնյանսկու վեպերը, ծայրահեղ աբստրակցիոնիզմ՝ Ռ. Կոնստանտինովիչի արձակ գործերը։ Սերբական հայտնի դրամատուրգներից են Մ. Ջուրջևիչը, Ջ. Լեբովիչը, Բ. Միխայլովիչը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։