Սերովբեներ (եզակի՝ եբրայերեն՝ שׂרף‎, սերովբե, հոգնակի՝ եբրայերեն՝ שׂרפים‎), համաձայն քրիստոնեական ավանդական հրեշտակաբանության (սրա հիմնական փոխանցողը սուրբ Դիոնիսիոս Արիոպագացին է) հրեշտակաց 9 դասերի մեջ առաջին քահանայապետությունը՝ սերովբեներ-քերովբեներ-աթոռներ, անդրանցական ոլորտում խորհրդաբանորեն ակնարկում է Սուրբ Երրորդության երեք Անձերը և եկեղեցական նվիրապետության երեք հիմնական աստիճանները՝

Սերովբեներ Էջմիածնի մայր տաճարի զանգակատան գմբեթի տակ

Հայր Աստված – աթոռներեպիսկոպոս Որդի Աստված – քերովբեներքահանա Հոգի Աստված – սերովբեներ – սարկավագ

Սրանցից ամեն մեկն իր գործունեությամբ իրականացնում են Աստվածության երկնային և երկրային ծրագրերը և բարեխոսում են մեր՝ մարդկանց համար ու օրհնում Աստվածային Երրորդությանը. «Բազմաչեայ հոյլք քրովբէից, երեքսրբեանդ սրովբէից. աթոռք անեղ աստուածութեանն համագոյ երրորդութեանն. բարեխօս լերուք առ տէր վասն մանկանց եկեղեցւոյ. ընդ նոսին որդիք լուսոյ տուք օրհնութիւն երեակ լուսոյն»։

Սրբասաց և վեցթևյան սերովբեները (Ես. 6) Աստվածաշնչում հանդիպում են մի տեղ միայն՝ Եսայի մարգարեի մոտ, ինչն ինքնին բարդություններ է ստեղծում դրա մեկնության շուրջ.

  1. Ոմանք սերովբեներին նմանեցնում են Թվեր 21։6 համարի կոտորող օձերի հետ, քանի որ սերովբե բառի լատիներեն տարբերակը seraphim է, իսկ Թվերի վերոհիշյալ հատվածում լատիներեն թարգմանության մեջ «կոտորող» բառին համապատասխան կիրառված է hasseraphim բառը։ Սրա հետևությամբ կարծում էին, թե սերովբեները իրենց արտաքին տեսքով հիշեցնում էին օձի կամ թռչող վիշապի, որոնք, ըստ նախնիների հավատալիքների հսկում էին աստվածային գանձերը։
  2. Այլ մեկնիչներ կարծում են, թե «սերովբե» բառը առաջացել է saraph (այրել, վառել) բայից և դրանում տեսնում են սերովբեների հրեղեն բնույթի բացահայտումը, ինչի շնորհիվ նրանք մոխրի են վերածում և այրում են ինչի դիպչեն։ Գրիգոր Տաթևացու կարծիքով սերովբեները աստվածային սիրո կրողներն են, սեր, որը մոխրացնում է ամեն տեսակ պղծություն և մաքրագործում է մարդկանց։
  3. Ըստ մեկ այլ կարծիքի «սերովբե» բառը ծագում է արաբերեն scharuf բառից, որը նշանակում է գլխավոր, ինչի հիման վրա շեշտվում է սերովբեների բարձր դրությունը հրեշտակաց դասում։

Այսուամենայնիվ սերովբեների մասին ամենահարուստ տեղեկությունները տալիս է Եսայի մարգարեն։ Նախ այն, որ սերովբեները՝ որպես հրեշտակներ, հոգևոր բանական էակներ են, երևում է այն բանից, որ նրանք երգում ու փառավորում են Տիրոջը, կատարում են Նրա հրամանները (Ես. 6։ 3, 6)։ Նրանք ունեն թևեր, ինչը հետևեցնում է նրանց՝ երկնքի հետ կապ ունենալը, ուժը, աստվածային զորությունը (hին ազգերը՝ բաբելացիները, պարսիկները իրենց թագավորին պատկերների ու քանդակների մեջ կցում էին թևեր՝ մատնացույց անելով արքաների աստվածանմանությունը)։ Վեց թևերը սերովբեներին ծառայում էին իրենց երեսը, ոտքերը, մարմինը Աստծո մեծության առջև ծածկելու և թռչելու համար։ Հնուց ի վեր նրանք համարվում էին ամենաբարձր էակները երկնային նվիրապետության մեջ, սակայն, չնայած սրան՝ նրանք չեն կարող ճանաչել Աստծո էությունը։ Եվ վերջապես, նրանց նկարագրությունից ենթադրելի է, որ ունեն մարդկային տեսք։

Երկնային զորությունները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ Եկեղեցու՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին՝ «Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։

Աղբյուրներ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և #Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Դիոնիսիոս Արիոպագացի, Յաղագս երկնային քահանայապետութեան, Edited by Robert W. Thomson, Lovanii, 1987
  3. Ժամագիրք ատենի, Երուսաղեմ, 1986 թ
  4. Մաղաքիա արք. Օրմանյան, «Տեղիք աստուածաբանութեան», Երուսաղեմ, 1985 թ.։
  5. Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ։
  6. Սբ. Գրիգոր Տաթևացի, Ամառան հատոր, Երուսաղեմ, 1998 թ։
  7. Толковая Библия, Том 1, 2, 3, Стокгольм, 1987 г.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել