Քերովբեներ (հոգնակի՝ եբրայերեն՝ כרובים‎; եզակի՝ եբրայերեն՝ כרוב‎, քերովբե), Աստվածաշունչ մատյանում հիշատակվող երկնային թռչող էակ։

Համաձայն քրիստոնեական ավանդական հրեշտակաբանության (սրա հիմնական փոխանցողը սուրբ Դիոնիսիոս Արիոպագացին է) հրեշտակաց 9 դասերի մեջ առաջին քահանայապետությունը՝ սերովբեներ-քերովբեներ-աթոռներ, անդրանցական ոլորտում խորհրդաբանորեն ակնարկում է Սուրբ Երրորդության երեք Անձերը և եկեղեցական նվիրապետության երեք հիմնական աստիճանները՝ Հայր Աստված – աթոռներ – եպիսկոպոս Որդի Աստված – քերովբեներ – քահանա Հոգի Աստված – սերովբեներ – սարկավագ Սրանցից ամեն մեկն իր գործունեությամբ իրականացնում են Աստվածության երկնային և երկրային ծրագրերը և բարեխոսում են մեր՝ մարդկանց համար ու օրհնում Աստվածային Երրորդությանը. «Բազմաչեայ հոյլք քրովբէից, երեքսրբեանդ սրովբէից. աթոռք անեղ աստուածութեանն համագոյ երրորդութեանն. բարեխօս լերուք առ տէր վասն մանկանց եկեղեցւոյ. ընդ նոսին որդիք լուսոյ տուք օրհնութիւն երեակ լուսոյն»։

Բազմաչյա քերովբեները Սբ. Գրքում հանդիպում են Ծննդ. 3։24, Ելք 25։22, Եզեկ. 10։1-20 հատվածներում։ «Քերովբե» բառը թարգմանաբար նշանակում է գիտության բազմություն և իմաստության հեղում, ինչը խորհրդանշում է աստվածային իմաստությունից հեղվող գիտությունը։ Քերովբեները, ընկալելով Աստծո գիտության և իմաստության լույսը՝ որպես իմացական հայելի, փոխանցում են այն միջին դասի հրեշտակներին։

Ըստ Սաղմ. 17։11-ի քերովբեները Աստծո կամքի կատարողներն են։ Ծննդոց գրքում նրանք դեպի Կենաց ծառը տանող ճանապարհի պահպանողներն էին (Ծննդ. 3։24)։ Նրանք իրենց վրա են կրում Աստծո աթոռը, կամ մինչև իսկ ծառայում են իբրև աթոռ՝ գահ։ Սբ. Գրքում շատ ենք հանդիպում (Ա Թագ. 4։4, Բ Թագ. 6։2, Սաղմ. 79։1) Աստված, «որ նստի ի քերովբես» (որ նստում է քերովբեների վրա) արտահայտությանը։ Որպես աթոռի կրողներ՝ նրանք առավել լավ հանդես են գալիս Եզեկիելի մարգարեության 10-րդ գլխում։ Հետաքրքրական է, որ այստեղ հրեշտակները հանդես են գալիս քառադեմ՝ չորեքկերպյան. «Եվ քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկը քերովբեի դեմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առյուծի, իսկ չորրորդը՝ արծվի» (Եզեկ. 10։ 14)։ Նրանք ներկայացված են ութ կամ չորս (եբրայերեն տարբերակ) թևերով և ամեն կողմից ծածկված են աչքերով (Եզեկ 10։12, 21), ինչի համար էլ անվանվում են «բազմաչյա»։ Սակայն երկնային արարածների մի նկարագրության հանդիպում ենք նաև Եզեկիելի մարգարեության 1 գլխում, ուր թեև չի ասվում, թե դրանք քերովբեներն են, սակայն նկարագրության մեջ զուգահեռներ կան 10-րդ գլխի քերովբեների հետ. «Դրա մեջ 4 կենդանի էակների կերպարանքներ կային։ Եվ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունեին։ Ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը չորս թև։ Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթի կճղակների և դրանցից կայծեր էին թափվում, ինչպես պղնձի փայլատակումներից։ Նրանց թևերն արագաշարժ էին։ Նրանց թևերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային, նրանց երեսները չորսն էին։ Չորսի թևերն էլ կցված էին միմյանց։ Գնալիս երեսները հետ ին դարձնում. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում։ Նրանց չորսի էլ դեմքի տեսքը աջից մարդու և առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից՝ եզան և արծվի կերպարանք։ Այս էր նրանց տեսքը» (Եզեկ. 1։5-10)։ Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է, որ քերովբեների չորեքկերպյան դեմքերն իրականում երկնքում այդպիսին չեն, այլ խորհրդի ձևով այդպես հայտնվել են տեսնողների աչքին։ Նկատելի է, որ չորեքկերպյան դեմքերից երեքը՝ առյուծ, մարդ, արծիվ, համապատասխանում են երկու տեսիլքներում. տարբերությունը միայն քերովբեների և եզան դեմքերի մեջ է։ Տաթևացի վարդապետը «Գիրք հարցմանցում» անդրադառնում է այդ կերպարների խորհուրդների բացահայտմանը։ Ըստ եռամեծար վարդապետի՝ այդ կերպարները բացահայտում են երկնայինների որակները։ Այսպես՝ մարդը մատնանշում է խոսքը, առյուծը՝ ցասումը, եզը՝ ցանկությունը, արծիվը՝ ամենից վեր թռչելը։ Եվ այն, որ կերպարներից ամեն մեկը մի ուրույն թագավորության գլուխ են ներկայացնում (մարդը բոլոր արարածների արքան է, առյուծը՝ գազանների, եզը՝ անասունների, արծիվը՝ թռչունների) ցույց է տալիս նրանց հզորությունն ու ուժը։

Երկնային զորությունները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ Եկեղեցու՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին՝ «Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Դիոնիսիոս Արիոպագացի, Յաղագս երկնային քահանայապետութեան, Edited by Robert W. Thomson, Lovanii, 1987.
  3. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 թ։
  4. Հակոբ Քյոսեյան, Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995 թ.
  5. Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ։
  6. Սբ. Գրիգոր Տաթևացի, Ամառան հատոր, Երուսաղեմ, 1998 թ։
  7. Толковая Библия, Том 1, 2, 3, Стокгольм, 1987 г.

Արտաքին հղումներ խմբագրել