Պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ

Հրեշտակների միջին և վերջին դասերն էլ (տերություններ, զորություններ, իշխանություններ և պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ) առաջինների նման երեք աստիճաններով համապատասխանում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, իսկ նվիրապետության վերջին աստիճանները խորհրդանշում են նաև Միքայել հրեշտակապետին (պետություններ), որն օժտված է կառավարելու, թագավորելու շնորհով, Գաբրիելին (հրեշտակապետեր), որն ունի վերին խորհուրդը ավետարանելու շնորհ և Ռաֆայելին (հրեշտակներ), որը պահպանում է մարդկանց և հասցնում աղոթքները։ Ցավոք, բավարար չեն միջին և վերջին քահանայապետությունների մասին տվյալները։ Հիմնական տեղեկությունը կարելի է քաղել սբ. Ներսես Շնորհալի հայրապետի «Արարչական» երգի երկուշաբթի օրը երգվող հատվածից, ուր սուրբ հայրապետը համառոտ կերպով ներկայացրել է Դիոնիսիոս Արիոպագացու վարդապետությունը միջին և վերջին դասերի մասին։ Այսպես՝ տերությունների (Կող. 1։16), զորությունների, իշխանությունների (Եփ. 1։21, Կող. 1։16) վերաբերյալ երգվում է. «Գերագոյն իշխանութիւնք եւ անփոփոխ միշտ տերութիւնք, անհաղթելի սուրբ զորութիւնք ի յարարչին փառատրութիւն. աղաչեսցուք զտէրն ողորմած անտես չառնել զգործս ձեռաց. ընդ նոսին որդիք լուսոյ տուք օրհնութիւն երեակ լուսոյն»։ Իսկ հրեշտակաց վերջին դասի՝ պետությունների (Կող. 1։16), հրեշտակապետների (Ա Թես. 4։16, Հուդա 9) և հրեշտակների կամ զինվորությունների մասին երգվում է. «Դասք անմարմնոցն պետութեանց, հրեշտակապետք բարձրութեանց. հոգիք հրեղեն և սպասավորք հրեշտակաց զինւորութիւնք, մաղթեցեք զտէրն տէրանց վասն մարդկան երկրաւորաց. ընդ նոսին որդիք լուսոյ տուք օրհնութիւն երեակ լուսոյն»։ Այս վերջին քահանյապետությունից Սբ. Գրքում հատկապես բացահայտված են հրեշտակապետերը, որոնք շատ հաճախ հրեշտակներ էլ են կոչվում։ Որպես հրեշտակապետեր՝ Սբ. Գրքում հիշատակված են երեքի անունները՝ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել։ Եզրասի Գ գրքում, որը բացակայում է հայ Եկեղեցու աստվածաշնչական կանոնից, հիշատակվում են նաև Երեմիելը և Ուրիելը։ Ընդհանրապես մեզ հայտնի հրեշտակապետերի թիվը հասնում է 11-ի, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը, ինչը բնորոշում է նրա ծառայությունը և դիրքը Աստծո առաջ (յուրաքանչյուր անվան վերջում առկա է «Էլ» վերջավորությունը, որը եբրայերենում Աստծո անվան կարճ տարբերակն է)։ Հրեշտակապետերի անուններն են՝

  • Գաբրիել – Աստծո պատկեր
  • Միքայել – Աստծո նման, Աստծո հզոր
  • Ռաֆայել – Աստծո բժշկություն
  • Անայել – Աստծո լրում
  • Ուրիել – Աստծո տեսում
  • Դակուէլ – Ինքն աստվածային
  • Բարաքիել – Աստվածային սկիզբ
  • Ադոնիել – իմ տերն Աստված է
  • Փանուել – Աստծո հայտնություն
  • Երեմիել
  • Սաղաթիել

Երկնային զորությունները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ Եկեղեցու՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին՝«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Դիոնիսիոս Արիոպագացի, Յաղագս երկնային քահանայապետութեան, Edited by Robert W. Thomson, Lovanii, 1987.
  3. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 թ։
  4. Սբ. Գրիգոր Տաթևացի, Ամառան հատոր, Երուսաղեմ, 1998 թ։
  5. Ժամագիրք ատենի, Երուսաղեմ, 1986 թ։