Բացել գլխավոր ցանկը

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում (2017)

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում 2017(թուրք.՝ 2017 Türkiye anayasa değişikliği referandumu), սահմանադրական հանրաքվե Թուրքիայում, որը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 16-ին[2]: Հանրաքվեին փոփոխության են դրվել Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև: Բացի այդ նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնի վերացում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորների թվի ավելացում և բարեփոխում[3][4]:

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում (2017)
Թուրքիա
Ապրիլի 16, 2017
Ընտրողների ներկայացում 58427207
Turkish constitutional referendum 2017.png
Թեկնածու «Այո»«Ոչ»
Կուսակցություն ԱԶԿ
ԱՇԿ
ԱՀԿ
ԱԴԿ
Ընտրաձայների քանակ: 24811383 (51,34 %) 23518232 (48,66 %)

Տեսակ Հանրաքվե

Թեկնածուներ yes?[1] և no?[1]

ՆախապատմությունԽմբագրել

Նախագահական կառավարման ձևին անցում կատարելու մասին գաղափարը առաջարկել է Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը դեռևս 2005 թվականին: Այն ժամանակ գաղափարը խրախուսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[5]: Այդ ժամանակվանից սկսած Արդարություն և զարգացում կուսակցության պարագլուխները բացահայտորեն պաշտպանում են գաղափարը[6]: Սահմանադրության փոփոխության առաջարկությունը մտցվել է մեջլիսի քննարկմանը Արդարություն և զարգացում կուսակցության կողմից՝ 2011 թվականի ընտրություններից անմիջապես հետո: Սահմանադրական բարեփոխման նախագծի ձևավորման համար ստեղծվել է միջկուսակցական կոմիտե, որտեղ ներկայացված էին խորհրդարանական բոլոր ֆրակցիաները: Բարեփոխման ծրագրի հաստատման համար անհրաժեշտ էր կոմիտեի բոլոր անդամների միաձայն համաձայնությունը[7]: Կոմիտեն, ավելի քան 2 տարվա աշխատանքի ընթացքում, կարողացել է կազմել նոր սահմանադրության 60 հոդվածներ, սակայն անդամների միջև առկա են եղել տարաձայնություններ իշխանության ճյուղերի բաժանման, նախագահի լիազորությունների, ապակենտրոնացման, մայրենի լեզվով կրթության, ինչպես նաև գործող սահմանադրության առաջին 4 հոդվածների վերաբերյալ, որոնք բնութագրում են պետության բնույթը: Արդյունքում իշխող կուսակցությունը դուրս է եկել կոմիտեից, որի արդյունքում 2013 թվականի դեկտեմբերին կոմիտեն կազմալուծվել է[8][9]:

Նախագահական կառավարման ձևին անցնելու գործընթացը ավելի ուժեղացավ, երբ 2015 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը ստացավ 317 պատգամավորական մանդատ: Հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը (330 պատգամավոր):

2016 թվականի վերջին Ազգայնական շարժման կուսակցությունը, ով նախկինում հավանություն չէր տալիս նախագծին, համաձայնվեց համագործակցել կառավարության հետ՝ սահմանադրական բարեփոխումների հարցով[10][11]: Դեկտեմբերի 10-ին ԱՇԿ-ի և ԱԶԿ-ի միջև համաձայնության արդյունքում, սահմանադրական բարեփոխումների նախագիծը մտավ խորհրդարան[12]: Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական օրենսդրության կոմիտեն 2016 թվականի դեկտեմբերի 30-ին վերջնական հավանություն տվեց նախագծին[13]: 2017 թվականի հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը պառլամենտի պատգամավորները հաստատեցին 18 փաթեթից բաղկացած սահմանադրական բարեփոխումների նախագիծը: «Կողմ» քվեարկեց 339 պատգամավոր, իսկ «դեմ»` 142 պատգամավոր, հիմնականում Ազգային հանրապետական կուսակցության կամ անկախ պատգամավորներ: Հինգ պատգամավոր դատարկ քվեաթերթիկ է հանձնել, իսկ երկու ձայն ճանաչվել է անվավեր: Մնացած պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը, այդ թվում նաև Ազգերի դեմոկրատական կուսակցությունը: Նրանք բոյկոտել են քվեարկությունը[3][14][15]:

ՓոփոխություններԽմբագրել

Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների նկարագրությունը[16]
Համար Հոդված Փոփոխությունների նկարագրությունը
1 9 Դատական համակարգի անաչառության և անկողմնակալության պարտավորություն:
2 75 Պատգամավորների թվի ավելացում 550-ից մինչև 600:
3 76 Ընտրությունների ժամանակ որպես թեկնածու մասնակցելու տարիքային ցենզի նվազեցում՝ 25-ից 18 տարեկան, չեղարկվել է պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու հանգամանքը: Անձինք, ովքեր կապ են ունեցել զինված ուժերի հետ, չեն կարող առաջադրվել որպես թեկնածու:
4 77 Խորհրդարանի իրավասությունների ժամկետի երկարաձգում 4-ից 5 տարի: Խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հինգ տարին մեկ անգամ՝ միևնույն օրը:
5 84 Խորհրդարանը իրավունք չունի հարցաքննել նախարարներին, կանչել կառավարությանը պատասխանի, ինչպես նաև պարտադրել նախարարին որոշակի ժամկետներում ընդունել այս կամ այն որոշումը:
6 98 Չեղարկվել է նախարարների պարտականությունը բանավոր պատասխանելու պատգամավորների հարցերին:
7 101 Թեկնածությունը առաջադրելու համար, թեկնածուն պետք է ունենա առնվազն մեկ կուսակցության օժանդակություն, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել է ձայների ավելի քան 5%-ը: Նախագահը, ստանձնելով պաշտոնը, կարող է չհրաժարվել կուսակցական պատկանելիությունից:
8 104 Նախագահը համարվում է պետության և կառավարության ղեկավարը, ով իրավունք ունի նշանակելու և ազատելու նախարարներին և փոխնախագահներին: Նախագահը իրավունք ունի նշանակելու հանրաքվեներ:
9 105 Խորհրդարանը իրավունք ունի սկսել հետաքննություն, եթե կարծում է, որ նախագահը իրականացրել է քրեական հանցագործություն: Հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը: Ստացված արդյունքները նա կարող է ներկայացնել Բարձրագույն դատարանին, եթե կողմ է որոշմանը պատգամավորների 3/5-ը:
10 106 Նախագահը կարող է նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահներ:
11 116 Նախագահական և խորհրդարանական ընտրությունների միաժամանակյա անցկացում:
12 119 Նախագահին է պատկանում արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավունքը, սակայն անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը:
13 142 Վերացվել են ռազմական դատարանները:
14 159 Դատավորների և դատախազների խորհրդի բարեփոխումներ: Խորհրդի նախագահ կդառնա երկրի արդարադատության նախարարը:
15 161 Պետական մարմինների ծախսերը իրականացվելու են պետական բյուջեի համաձայն, որը ներկայացվելու նախագահին՝ ֆիսկալ տարվա սկզբից առնվազն 75 օր առաջ:
16 մի քանի հոդվածներ Անցումային ժամանակաշրջանից անցում դեպի նոր կառավարման ձևի:
17 Կարգավորում է նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
18 Նախագահը չի դադարեցնում իր անդամակցությունը որևէ կուսակցությանը՝ ընտրվելուց անմիջապես հետո:

Հանրաքվեի ընթացքը և արդյունքներըԽմբագրել

Ապրիլի 15-ին թուրքական TRT 1 պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նախագահ Էրդողանը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին մասնակցել սահմանադրական հանրաքվեին: Էրդողանը նշել է, որ հարգում է սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող քաղաքացիների կարծիքը, սակայն չի կարող հավասարության նշան դնել «այո» և «ոչ» տարբերակների միջև: Նա հավելել է, որ դեմ արտահայտվողները որևէ այլընտրանք չունեն: Էրդողանը նաև նշել է, որ հանրաքվեի դրական արդյունքները «խելագարության» կհասցնեն Արևմուտքին և ահաբեկիչներին: Էրդողանի կարծիքով հանրաքվեի դրական արդյունքները «լավ դաս կտան» Արևմուտքին[17]:

Առաջին ընտրատեղամասերը 32 արևելյան նահանգներում բացվել են առավոտյան ժամը 07:00-ին, իսկ ժամը 08:00-ին բացվել են կենտրոնական և արևմտյան 49 նահանգների ընտրատեղամասերը: Թուրքիայում բացված 167140 ընտրատեղամասերում կքվեարկի 55,3 միլիոն քաղաքացի: Բացի այդ 461 ընտրատեղամասեր էլ կբացվեն կալանավայրերում: Երկրից դուրս բնակվող քաղաքացիները քվեարկել էին ապրիլի 12-ին[18]:

Դիարբեքիրի նահանգի Յաբանարդը գյուղում երկու խմբերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 2 մարդ: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, կրակոցների հավանական պատճառը եղել է խմբերի ունեցած քաղաքական դիրքորոշումները: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գյուղի դպրոցի մոտ, որտեղ տեղակայված է եղել ընտրատեղամասը: Տարածված տեղեկությունների համաձայն բախումները տեղի են ունեցել ԱԶԿ-ի և քրդամետ Ազգերի դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միջև[19]:

«Ջումհուրիյեթ» թերթի փոխանցմամբ հանրաքվեն ընթանում է լուրջ ընտրախախտումներով: Մասնավորապես, իշխող կուսակցության ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ նախագահ Էրդողանի օգտին քարոզչական պաստառները չեն հանվել ընտրատեղամասերից: Մայրաքաղաք Անկարայի ընտրատեղամասերից մեկում քվեարկություն է իրականացվել առանց կնիք քվեաթերթիկներով: Ազգայնական շարժման կուսակցության Մարաշի գրասենյակի պատասխանատու Էրսալ Քոչը հանձնաժողովի անդամների մոտ բաց է քվեարկել և լուսանկարահանել քվեարկության գործընթացը: Արևելյան մի շարք նահանգներում էլ ոստիկանները բռնություններ են կիրառել քուրդ ընտրողների վրա, հատկապես քրդամետ «Ազգերի դեմոկրատական կուսակցության» համակիրների նկատմամբ[20]:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում մասնակցել է քվեարկությանը՝ կնոջ Էմինե Էրդողանի և թոռների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայի քաղաքացին կքվեարկի ավելի արագ բարեփոխումների և փոփոխությունների օգտին: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր քաղաքացիական պարտքը կատարել է Իզմիրի ընտրատեղամասերից մեկում: Վարչապետը հայտարարել է, որ իրենք հարգանքով կվերաբերեն ժողովրդի ցանկացած որոշման, քանի որ ժողովրդի որոշումը լավագույնն է[21]:

Ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության պատգամավոր հայազգի Սելին Դողանը իր քաղաքացիական պարտքը կատարել է Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում: Հայազգի պատգամավորը «ոչ» է քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին դեմ քվեարկել նախագահի լիազորությունները մեծացնող փոփոխությունների փաթեթին[22]:

Ժամը 18:00-ին երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր ընտրատեղամասերում սկսվել են արդյունքների հաշվարկումը: Սպասվում է, որ առաջինը հայտնի կդառնան արևելյան նահանգների արդյունքները: Թուրքիայում թե ընտրությունների, և թե հանրաքվեների ժամանակ արգելված են էքզիթ փոլերը[23]:

Ստամբուլում դադարեցվել է Թաքսիմ հրապարակի երթևեկությունը: Ստամբուլում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկումը: Ըստ նախնական տվյալների, երկրի խոշորագույն քաղաքում հաղթանակ է տարել «ոչ»-ի թևը[24]:

Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկի արդյունքում 51,45 %-ով հաղթանակ է տարել «այո»-ի թևը: Ինչպես փոխանցում է Անադոլու գործակալությունը, Թուրքիայի 81 նահանգներից 48-ում հաղթանակ է տարել «այո»-ի թևը: «Ոչ»-ը հաղթանակ է տարել Դիարբեքիրի, Վանի, Աղրըի, Մարդինի և արևելյան այլ նահանգներում: «Ոչ»-ը հաղթանակ է տարել նաև մերձծովյան նահանգներում՝ հատկապես Անթալիայի, Մերսինի, Մուղլայի և Իզմիրի նահանգներում: Ըստ նախնական տվյալների, Անկարայում և Ստամբուլում, աննշան տարբերությամբ, նույնպես հաղթել է «ոչ»-ի թևը[25]:

Ադրբեջանի տարածքում քվեարկած Թուրքիայի քաղաքացիների 60,97 %-ը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների փաթեթին: Քվեարկությունը իրականացվել է Բաքվում տեղակայված դեսպանատան և Գյանջայում և Նախիջևանում տեղակայված գլխավոր հյուպատոսություններում բացված ընտրատեղամասերում[26]:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մեղադրել են իշխող կուսակցությանը՝ ընտրությունների արդյունքները մանիպուլյացիայի ենթարկելու համար: Ազգայնական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էրդալ Աքսյունգերը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի բոլոր նահանգներից ստանում են տեղեկություններ, համաձայն որի հանրաքվեի արդյունքում հաղթանակ է տանում «ոչ»-ի թևը, սակայն իշխանության կողմնակիցները մանիպուլյացիայի են ենթարկում արդյունքները[27]:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմ և ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիին, ովքեր սատարել են «այո»-ի թևին՝ շնորհավորելու հանրաքվեի արդյունքները: Նախագահը նշել է, որ արդեն պարզ են հանրաքվեի արդյունքները: Ըստ նրա, 51,3 %-ով հաղթանակ է տոնել «այո»-ի թևը: Ընդդիմադիր առաջնորդներն էլ հայտարարել են, որ իրենք կկազմակերպեն լայնամասշտաբ ցույցեր՝ ընդդեմ «կեղծված» ընտրությունների[28]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Türkiye Geneli Canlı Referandum Sonuçları - İllere Göre Evet Hayır Oy Oranları
  2. «Референдум по конституционным поправкам проведут в Турции 16 апреля.»։ РБК։ 2017-02-11։ Վերցված է 2017-02-11 
  3. 3,0 3,1 Suzan Fraser (2017-01-21)։ «Turkish assembly passes polemic bill to boost Erdogan powers»։ Associated Press։ Վերցված է 2017-01-21 
  4. «Новая турецкая республика: мечты и действия Реджепа Эрдогана»։ Европейская правда։ Վերցված է 2017-04-16 
  5. «Gündem başkanlık tartışması» (թուրքերեն)։ NTV։ 3 January 2005։ Վերցված է 29 October 2016 
  6. «AKP'den başkanlık açıklaması: Nisan ayında referanduma gidilebilir» (թուրքերեն)։ BirGün։ Վերցված է 29 October 2016 
  7. COMMISSION STAFF WORKING DOCUMENT TURKEY 2012 PROGRESS REPORT. Constitution
  8. 2014 Progress Report on Turkey. Constitution
  9. «Turkey’s draft constitution appears dead»։ Al-Monitor (en-us)։ 2013-11-21։ Վերցված է 2017-04-16 
  10. Sputnik։ «Turkish Ruling Party, Nationalists to Jointly Introduce Draft Constitution»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է 2017-04-16 
  11. «AK Party, MHP reach agreement on presidential system, CHP uncooperative»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  12. «Constitutional reform to step up Turkey’s democratization process»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  13. «Parliamentary constitutional committee passes draft law on constitutional amendments»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  14. Nordland Rod (2017-01-20)։ «Amid Fistfights, Turkey’s Parliament Backs a New Constitution»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-04-16 
  15. «Парламент Турции одобрил законопроект о внесении поправок в Конституцию»։ Interfax.ru (ru-RU)։ 2017-01-21։ Վերցված է 2017-04-16 
  16. «Parliament adopts 18 articles of constitutional amendment package»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  17. «Հանրաքվեի դրական արդյունքը խելագարության կհասցնի ողջ Արևմուտքին և ահաբեկիչներին. Էրդողան»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  18. «Թուրքիայի 167140 ընտրատեղամասերում Հանրաքվեին կքվեարկի 55,3 միլիոն քաղաքացի»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  19. «Դիարբեքիրում փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  20. «Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին խախտումներ են գրանցվում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  21. «Թուրքիայի ղեկավարները քվեարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-04-16 
  22. «Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը «Ոչ» է քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  23. «В Турции закрылись участки для голосования на референдуме»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-16 
  24. «В Стамбуле перекрыли площадь Таксим — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2017-04-16 
  25. «Сторонники конституционных изменений набирают 51,3% на референдуме в Турции»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-16 
  26. «Турки в Азербайджане проголосовали против Эрдогана»։ Վերցված է 2017-04-16 
  27. «Оппозиция Турции обвинила власти в манипуляциях на референдуме»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-16 
  28. «Erdoğan'dan referandum açıklaması»։ NTV։ 2017-04-16։ Վերցված է 2017-04-16