Ռուբեն Ֆիլյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Ռուբեն Ֆիլյան (դեկտեմբերի 10, 1952, Երևան - հունվարի 7, 1983, Գոա, Հնդկաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, յոգայի և կարատե մարտարվեստի ուսուցիչ։

Ռուբեն Ֆիլյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1952(1952-12-10)
Վախճանվել էհունվարի 6, 1983(1983-01-06) (30 տարեկան)
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ռուբեն Ֆիլյան Վիքիքաղվածքում
Ռուբեն Ֆիլյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին[1]։ Պատմվածքներն առաջին անգամ հրապարակվել են «Գարուն» ամսագրում։ Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 1980 թվականին։ 1981 թվականին Ռուբեն Ֆիլյանը հեռանում է Խորհրդային Հայաստանից։ Նա մեկնում է Ֆրանսիա, ապա ճամփորդում է Եգիպտոս, Հորդանան, և վերջնականորեն հաստատվում է Հնդկաստանի Գոա նահանգում՝ Արամբոլ հայտնի լողափում, ուր դասավանդում է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն։ Ռուբեն Ֆիլյանի կյանքն ընդհատվում է 1983 թվականի հունվարի 7-ին Արամբոլում։ Աճյունն ամփոփված է Երևանի Զեյթուն թաղամասի գերեզմանատանը[2]։

Ստեղծագործություն խմբագրել

1992 թվականին նրա հոր՝ Պարգև Ֆիլյանի հովանավորությամբ լույս է տեսնում Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը, որտեղ ընդգրկված են համանուն վեպը, պատմվածքներ, մանրապատումներ։ Խորհրդային Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ռուբեն Ֆիլյանը թարգմանաբար մշակել է հնդիկ հոգևոր փիլիսոփա՝ Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանի» կոթողային տրակտատը[3][4]։ Ինչպես վեպը, այնպես էլ կարճ արձակը, հեքիաթ-պատմվածքները, ոչ միայն ապրում են Ֆիլյանի կողմից ուղղակի դիտավորությամբ ստեղծված հեքիաթային աշխարհի մեջ, այլև ցույց են տալիս մարդկային կեցության ու փորձառության աբսուրդային երևույթները։ Ռուբեն Ֆիլյանի արձակը երկխոսություն է հայ միջնադարյան բնագրերի, Սեմյուել Բեքեթի, Իտալո Կալվինոյի, Ռոբերտ Վալզերի ստեղծագործությունների հետ։

  Եվ ահա մեր օդանավը մի փոքր շրջան կատարեց Քո երկրի վրա՝ Քո լուսավոր երկրի, որ Բանի մեծ ու փոքր հայելիներից էր լոկ ու երևում էր այնպես, ինչպես մենք մեզ հայելում ենք տեսնում… քանզի ամեն ինչը, որ Բանին էր պատկանում՝ մերն էր… Եվ ամենաբարձր գագաթներն էլ, ահա, ընկղմվում էին ծովն այդ խոնավ լույսերի, սուզվում էին լուսավոր հուշի մեջ՝ կորցնելով սահմանագիծը թաց երկնքի հետ, որտեղից անշարժ արեգակը, լուսաղբյուրի նման, ապագայի հուշերն էր պարզաջրում, և մենք թռչում էինք այդ խոնավ ծովի մակերևույթից շատ ու շատ բարձր և սլանում էինք ամենավեր, ու մեր հոգին սավառնում էր այդ լուսե ջրերի վրա և մեզ էր հասցնում միայն Ետևից լսվող ձայնի ՁԱՅՆԸ, ՈՐ ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ։
- «Քո երկրի դեսպանը»
 
 
- Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը, որովհետև բոլորն էլ հավանում էին դրանք, ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։
 
 
- Եվ այդքանից հետո դեռ ծովը ալեկոծվո՞ւմ է։ Արձագանք է... Անշուշտ արձագանք է...
 
 
- Հազացի... Չեմ ուզում հավատալ, որ այդ մասին աշխարհում ոչ ոք չգիտի...
 
  Հայ գրականության մեջ Ռուբեն Ֆիլյանը բացառիկ հեղինակ է։ Նրա գրականության պակասը միշտ զգացվել է, բայց նա եղել է մեր մեջ։
- արձակագիր Արամ Պաչյանը Ռուբեն Ֆիլյանի մասին
 
  Գրող էր ծնվել, բայց գրողների հետ հազվադեպ էր առնչվում, քանզի ատում էր գրքայնությունն ու հույժ խորհրդայնացված գրող-գրող խաղը։ Իր ընկերական մեծ շրջապատի անդամները հիմնականում նկարիչներ էին, դերասան-ռեժիսորներ. նրա բազմախորհուրդ հոգին մատչելի էր միայն նրանց, ում համար հատկապես և առաջին հերթին էր կարևոր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կարգախոս-տեսլականը։ Գրող էր ծնվել, բայց ոչ երբեք խորհրդային հասարակարգում ապրել-ստեղծագործելու համար։ Այդ հասարակարգում առաջ գնալու, պաշտոնների հասնելու բյուր հնարավորություններ ուներ, բայց այդ հնարավորություններից վայրկյան իսկ չօգտվեց, զի ողջ հոգով էր ատում սուտը, կեղծիքը, սին փառքն ու սնապարծությունը։
- Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյան. «Ուխտագնացություն դեպի երկինք»
 

Գրքեր խմբագրել

  • «Անծանոթ ինքնակենսագրություն», Երևան, «Սովետական գրող», 1980, 120 էջ[5]։
  • «Քո երկրի դեսպանը», Երևան, «Նաիրի», 1992, 256 էջ[6]։
  • «Անծանոթ ինքնակենսագրություն», 2-րդ հրատարակություն Երևան, «Դարակ», 2021, 144 էջ։
  • «Քո երկրի դեսպանը», 2-րդ հրատարակություն, Երևան, «ԱՐԻ գրականության հիմնադրամ», 2022, 135 էջ[7]։։
  • Շրի Շանկարաչարյա «Վիվեկա Չուդամանի», Երևան «Newmag», 2022, էջ 132 (թարգմանաբար մշակել է Ռուբեն Ֆիլյանը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. info@f-s.am, FutureSystems. «Ռուբեն Ֆիլյան». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  2. Հանդիպում ափաչափ արձակի հետ
  3. Ռուբեն Ֆիլյան, «Վիվեկա Չուդամանի. ադամանդը զանազանման թագի» | Թրեյլեր, Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին
  4. «Շրի Շակարաչարյա | Վիվեկա Չուդամանի | Գրանիշ». Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  5. Ֆիլյան, Ռուբեն Պարգևի (1980). Այվազյան, Ա Հ (ed.). Անծանոթ ինքնակենսագրություն։ Պատմվածքներ. Երիտասարդ ձայներ. Երևան: Սովետական գրող.
  6. Ֆիլյան, Ռուբեն Պարգևի; Շեկոյան, Ա Հ (1992). Քո երկրի դեսպանը։ Վեպ, պատմվածքներ. Երևան: Նաիրի.
  7. ԱԶԳ (2022 թ․ հոկտեմբերի 14). «Ռուբեն Ֆիլյանի չուշացած վեպը». Ազգ. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել