Ռետինե բադիկ, բադի տեսքով խաղալիք, որը, որպես կանոն, լինում է դեղին գույնի։ Այն կարող է պատրաստված լինել ռետինից կամ փրփրապլաստից։ Ռետինե դեղին բադիկը զուգորդվում է լողի հետ։

Ռետինե բադիկներ

Պատմություն

խմբագրել

Բադիկի պատմությունն սկիզբ է առել դեռևս 1800-ական թվականներից, երբ ռետինն սկսել է ավելի ու ավելի հաճախ օգտագործվել։

Ջիմ Հենսոնը բարձրացրել է բադիկի վարկանիշը՝ կատարելով «Ռետինե բադիկ» երգը (անգլ.՝ Rubber Duckie):

«Սեզամ փողոց» ֆիլմում Էռնին նույնպես պրոպագանդել է բադիկը, քանի որ այն նրա սիրելի խաղալիքն էր։ Էռնին հաճախ էր խոսում բադի հետ, տանում իր հետ տարբեր շոուների ժամանակ, խաղում նրա հետ, դա չէր կարող չգրավել հեռուստադիտողների ուշադրությունը։ Էռնին նաև գրել էր «Ռետինե բադիկ» երգը (ըստ երևույթին՝ Հենսոնի երգի պարոդիա)։

2001 թվականին հաղորդագրություն է հայտնվել, որ Եղիսաբեթ II թագուհին վաննայում ռետինե բադիկ ունի[1]։ Կարճ ժամանակում բադիկների վաճառքն աճել է 83 %-ով։

Բադիկների կոլեկցիոներներ հանդիպում են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում։ 2007 թվականին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2583 եզակի, միմյանցից տարբեր բադիկների հավաքածուի ռեկորդ։ Նաև այդ թվականին հոլանդացի նկարիչ Ֆլորենտիյն Հոֆմանն սկսել է տարբեր քաղաքներում ստեղծել ռետինե հսկայական բադերի քանդակներ, այդ թվում նաև աշխարհի ամենամեծ քանդակը, որի չափսերն են 26×20×32 մետր, իսկ զանգվածը՝ 600 կգ, այն գտնվում է Սեն-Նազերում[2][3][4][5]։

Բացի սովորական դեղին բադիկներից, կան նաև այս խաղալիքի տոնական, մարզական, քաղաքական և այլ թեմաներով տարբերակները։ Բադիկները կարող են լինել տարբեր գույների՝ վարդագույնից մինչև սև, կանաչից մինչև կարմիր։

Մրցավազքեր

խմբագրել

Բադիկների ժողովրդականությանը զուգահեռ հայտնվել են նոր խաղեր, որոնց մասնակցում են նույն բադիկները։ Բադիկները նետում են ջրի, ջրավազանի կամ ցանկացած այլ ջրամբարի մեջ։ Նա, ում բադիկն առաջինն է հասնում եզրափակիչ գծին, հայտարարվում է հաղթող։

 
Բադիկների մրցավազք Ֆրայբուրգում

Ամբողջ աշխարհում կան բադիկների մասնակցությամբ հարյուրավոր մրցավազքեր։ Բադիկների ամենամեծ լողը տեղի է ունեցել Օհայո նահանգում՝ Ցինցինատիում։ Դրան մասնակցել է ավելի քան 100000 բադիկ։

Սինգապուրում 1998 թվականից մինչև 2007 թվականն ամեն տարի (բացի 2004, 2005, 2006 թվականներից) անցկացվել է Սինգապուրյան բադերի մեծ մրցավազք (Great Singapore Duck Race): Նշանակված օրը Սինգապուր գետ է թափվել ռետինե 100000 բադիկ՝ վիճակախաղի տոմս, յուրաքանչյուրը 10 սինգապուրյան դոլար արժողությամբ։ Նա, ում բադն առաջին է հասել եզրափակիչ գծին, ստացել է 1 միլիոն սինգապուրյան դոլար մրցանակ։ 2007 թվականին անցկացվել է վերջին մրցավազքը՝ պայմանավորված Սինգապուրի գետը ջրամբարի վերածելու որոշումով[6]։

Լոնդոնում անցկացվում է Մեծբրիտանական բադերի մրցավազք (The Great British Duck Race), 2009 թվականին նրան մասնակցել է ռետինե 205000 բադիկ։ 2010 թվականին մրցավազքն անցկացվել է չորրորդ անգամ[7]։

Ռետինե բադիկները օվկիանոսագիտության մեջ

խմբագրել
 
Կյորտիս Էբսմեյեր

1992 թվականի հունվարի 10-ին Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած փոթորկի ժամանակ ծովն են թափվել Friendly Floatees բաղնիքի պլաստիկ 29000 խաղալիքներ, որոնք զբաղեցնում էին 40 ոտնաչափ բեռնարկղ[8]։ Բադիկների երկու երրորդ մասը լողալով հեռացել է դեպի հարավ և երեք ամիս անց հասել Ինդոնեզիայի, Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի ափերը։ Մնացած 10000 բադիկները բարձրացել են Ալյասկայի հյուսիս, և այնուհետև, Ճապոնիայի շուրջն ամբողջական պտույտ կատարելով, ընկել Խաղաղ օվկիանոսի մեծ աղբավայր։ Բադերի մեծ մասը հետո անցել է Ալյասկայի ու Ռուսաստանի միջև ընկած Բերինգի նեղուց և գերի ընկել արկտիկական սառույցներին։ Նրանք սառույցներով անցել են օրական 1 մղոն արագությամբ և 2000 թվականին երևացել Հյուսիսային Ատլանտիկայում։ Բադիկների տեղաշարժը հետևել է ամերիկացի օվկիանոսագետ Կյորտիս Էբսմեյերը։

Այդ դեպքից հետո ՆԱՍԱ-ի փորձագետները որոշել են օգտվել ստորջրյա հոսանքները դիտարկելու ընթացքում ձեռք բերված փորձից։ Խաղալիքները ընկղմել են Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկի կողքին։ Յուրաքանչյուր բադիկի մեջ տեղադրված է եղել գրություն, որում նշվել էր, որ գտնողը կստանա մրցանակ, եթե գտածի մասին հաղորդագրություն ուղարկի նշված հասցեով[9]։

Տեխնիկայում

խմբագրել

Արվեստում

խմբագրել

Գեղարվեստական գրականություն

խմբագրել

Օվկիանոսներում ռետինե բադիկների ճանապարհորդությանն են նվիրված մանկական երկու նկարազարդ գրքեր. 2004 թվականին հրատարակվել է Էվա Բանտինգի «Ducky» գիրքը, որի նկարազարդումների հեղինակը Դեյվիդ Վիշնևսկին է (երկուսն էլ Կալդեկոտայի մեդալի դափնեկիր են), իսկ 2005 թվականին մեկ այլ հայտնի գրող Էրիկ Կարլը տպագրել է «Ռետինե տասը բադիկներ» (10 Little Rubber Ducks) գրքույկը[10][11].

«Հիթմեն» ֆիլմում (2007) երկու անգամ ցուցադրվում է լոգարանի համար նախատեսված ռետինե բադիկ։ Այն սյուժեում ընդգրկված չէ։ Այն հղում է Hitman համանուն խաղերի շարքը։

Հակակոռուպցիոն հիմնադրամի «Նա ձեզ համար Դիմոն չէ» քննչական ֆիլմում դեղին բադիկն օգտագործվել է որպես փոխաբերություն Ռուսաստանում չափազանց կոռումպացված իշխանությունների համար։

Անիմացիա

խմբագրել

2014 թվականին Disney Channel և Disney Junior հեռուստաալիքները ցուցադրել են «Երջանիկ բադիկը» անիմացիոն ֆիլմը, որը մասամբ հիմնված է Friendly Floatees պատմության վրա[12][13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Queen goes quackers at bath time» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  2. «Canard de Bain St. Nazaire 2007». Florentijn Hofman. www.florentijnhofman.nl. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  3. Whitehead, Kate (2013 թ․ մայիսի 2). «Hong Kong's giant rubber duck». CNN Travel. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  4. «Reuze gele badeend». De Standaard.
  5. Sophia Sun (2013 թ․ ապրիլի 25). «6個不可不知的Rubber Duck解碼». Yahoo!.
  6. «The SCS Great Singapore Duck Race 2007: Return of the Rubber Duckies!» (անգլերեն). youth.sg. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  7. «Duck Day» (անգլերեն). thegreatbritishduckrace.co.uk. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  8. Curtis C. Ebbesmeyer and W. James Ingraham Jr. Pacific Toy Spill Fuels Ocean Current Pathways Research(անգլ.) // Earth in Space : journal. — 1994. — Т. 7. — № 2. — С. 7—9, 14. Архивировано из первоисточника 5 Հոկտեմբերի 2006.
  9. Յուրօրինակ փորձն անցկացնում են ՆԱՍԱ-ի փորձագետները, որոնք զբաղվում են գլոբալ տաքացման խնդիրներով
  10. Карл Эрик Десять резиновых утят. — Розовый жираф, 2015. — ISBN 978-5-4370-0062-5
  11. Десять резиновых утят
  12. Lucky Duck | Disney Junior
  13. Lucky Duck (TV Movie 2014) - IMDb

Արտաքին հղումներ

խմբագրել