Ռենտգենաբանությունը և ուռուցքաբանությունը Հայաստանում

Ռենտգենաբանություն և ուռուցքաբանություն,

Ռենտգենաբանություն խմբագրել

Ռենտգենաբանության առաջին հիմնարկները Հայաստանում կազմակերպվել են Բ. Ֆանարջյանի և Վ. Աբգարովի նախաձեռնությամբ. 1927 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում հիմնադրվել է ռենտգենաբանության ամբիոն, 1946 թվականին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտը (1971 թվականից՝ Բ. Ֆանարջյանի անվան, այժմ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն1980-ականների սկզբին ԵԲԻ-ի ուռուցքաբանության ամբիոնում (վարիչ՝ Վ. Բարսեղյան) բացվել է ռենտգենաբանության դասընթաց (ղեկ.՝ Հ. Դանիելյան)։ Ուսումնասիրվել են չարորակ ուռուցքների համաճարակաբանության և պատճառագիտության, ուռուցքային հիվանդությունների կլինիկայի, ախտորոշման և բուժման համակցված եղանակների մշակման, կերակրափողի, ստամոքսի, խթաղիքի և վերջնաղու ախտահարումների ռենտգենաբանության ախտորոշման խնդիրները (Բ. Ֆանարջյան, Զ. Մովսիսյան, Հ. Գրիգորյան)։ Բ. Ֆանարջյանն առաջարկել է 12-մատնյա աղիքի և նրա կոճղեզի ռենտգենաբանության հետազոտության նոր եղանակ, բացահայտել կոճղեզում խոցի տեղակայման որոշակի օրինաչափություն («Ֆանարջյանի օրինաչափություն»)։ Մշակվել է ստամոքսի պատի իսկական կամ կեղծ ուռուցքային ինֆիլտրացիայի տարբերակման նոր եղանակ՝ պրոզերինի օգնությամբ (Բ. Ֆանարջյան, Հ. Դանիելյան), ինչպես նաև պարիետոգրության եղանակը։ Հետազոտության ռենտգենաբանական և ընդերադիտական համակցված եղանակների կիրառման շնորհիվ զգալիորեն բարելավվել է ստամոքսի հիվանդությունների ճիշտ ախտորոշումը (Հ. Սաղաթելյան)։ Բացահայտվել են զստակույրաղիքային շրջանի ուռուցքների և բորբոքումների ռենտգենաբանական տարբերակիչ ախտորոշման նշանները։ Նկարագրվել են շնչափողի, բրոնխային ծառի շնչառական գործունեությունը բնականոն պայմաններում, քաղցկեղի և թոքերի թարախակալման դեպքերում, ինչպես նաև թոքերի էխինոկոկոզի ռենտգենաբանության ախտորոշման նոր ախտանշաններ (Ս. Հովհաննիսյան, Բ. Ֆանարջյան, Վ. Կարապետյան)։ Մշակվել են ոսկրային, միզասեռական ու ավշային համակարգերի, լսողական ապարատի, վահանաձև գեղձի ախտահարումների ռենտգենաբանության տարբերակիչ ախտորոշման հարցերը, նկարագրվել են ոսկրային սարկոմաների ռենտգենաբանական պատկերի նոր ախտանշաններ, մշակվել տարբերակիչ ախտորոշման եղանակներ (Բ. Ֆանարջյան, Հ. Տագեր)։

Ուռուցքաբանություն խմբագրել

Մշակվել են վահանագեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման (Գ. Ղազարյան), ինչպես նաև հանգուցավոր խպիպի չարորակված կղզյակների ռադիոիզոտոպային ախտորոշման համակցված եղանակ։ Ուսումնասիրվել են ստամոքսաղիքային համակարգի և կաթնագեղձի չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման (Հ. Գալստյան), լյարդի և ներքին այլ օրգանների ուռուցքային հիվանդությունների ռադիոակտիվ իզոտոպներով հայտնաբերման հարցերը։ Ստեղծվել է սկենագրի քանակ, գնահատման սարք։ Ապացուցվել է կրծքագեղձի նախաքաղցկեղային հիվանդությունների և քաղցկեղի դեպքերում համակցված հետազոտությունների անհրաժեշտությունը (Մ. Աթանեսյան)։ 21-րդ դարի սկզբին ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնից առանձնացվել է ճառագայթային ախտորոշման ամբիոնը (վարիչ՝ Ա. Համբարձումյան)։ ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան անդրաձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտը ԵՊԲՀ-ում բացել են անդրաձայնային ուսուցողական համալսարան, կենտրոն (հիմնադիր՝ Ֆիլադելֆիայի Ջեֆերսոնի համալսարանի պրոֆեսոր Լևոն Նազարյան), որտեղ անդրաձայնային հետազոտության ամենաարդիական սարքերի օգնությամբ կատարվում են ներքին օրգանների, մասնավորապես սրտի համակողմանի հետազոտություններ (տնօրեններ՝ Ա. Համբարձումյան, Հ. Սիսակյան)։ Ամբիոնի գերակա ուղղությունը չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումն է։ 2010 թվականին ՀԲԸՄ-ի մասնակցությամբ ԵՊԲՀ-ում բացվել է Լևոն և Քլոտիա Նազարյաններ ռադիոլոգիայի կենտրոնը, որը ճառագայթային ախտորոշման ամբիոնի (վարիչ՝ Գ. Ավետիսյան) հիմնական հենակետն է։ Կենտրոնում տեղադրված ճառագայթային ախտորոշման նորագույն սարքավորումների օգնությամբ մշակվել են գլխուղեղի, ողնաշարի, ողնուղեղի, անոթների և ներքին օրգանների ախտահարումների վաղ ախտորոշման մի շարք եղանակներ (Գ. Ավետիսյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։