Բացել գլխավոր ցանկը

Ջլաբունոցաբորբ, ջլաձուսպաբորբ, տենդովագինիտ, տենոսինովիտ՝ ջլերի ձուսպային բունոցների բորբոքում։

Ջլաբունոցաբորբ
Tenosynovitis-3.JPG
Տեսակհիվանդություն[1], առողջական խնդիր և հոդախտ[2]
Ենթադասհոդախտ[1][2], synovitis, tendon sheath disorder[2] և tendinitis[1]
Բժշկական մասնագիտությունռեմատոլոգիա
ՀՄԴ-9727.0
ՀՄԴ-10M65
Հիվանդությունների բազա31136
MedlinePlus001242
eMedicine809777
MeSHIDD013717 և D013717
Disease OntologyDOID:970 և DOID:970

Բովանդակություն

ՆկարագրությունԽմբագրել

Յուրաքանչյուր բունոց իրենից ներկայացնում է շարակցահյուսվածքային թաղանթ, որի երկու թերթիկները, գոյացնելով փակ խոռոչ, շրջապատում են մկանների ջլերը։ Ընդ որում՝ ներքին թերթիկը սերտաճած է ջլին։ Խոռոչում՝ թերթիկների միջև, կա ձուսպային հեղուկ, որը թեթևացնում է ջլի սահումը։

Առաջացման պատճառներԽմբագրել

Ջլաբունոցաբորբը առաջանում է հիմնականում դաստակի, ճաճանչադաստակային, հազվադեպ՝ ծնկային և արմնկային հոդերում, ավելի հազվադեպ՝ ոտնաթաթի շրջանում։ Բորբոքումն առաջանում է ջլաբունոցների մեջ թարախածին մանրէների ներթափանցման հետևանքով՝ շրջապատող հյուսվածքների վերքերի, թարախային հիվանդությունների ժամանակ։ Ջլաբունոցաբորբը կարող է առաջանալ նաև առանց վարակի մասնակցության՝ ջլի գերբեռնվածությունից։ Դա լինում է կայուն՝ մասնագիտության հետ կապված (ջութակահարի, մեքենագրողների դաստակի և մատների ջլաբունոցաբորբ), կամ կարճատև, անսովոր (օրինակ՝ ճաճանչ-դաստակային հոդի ջլաբունոցաբորբ՝ լվացք անելուց հետո, և այդ աշխատանքին անսովոր մարդկանց ձեռքերի ջլաբունոցաբորբ՝ լվացքը քամելիս)։

ԸնթացքԽմբագրել

Սուր թարախային ջլաբունոցաբորբն առավել հաճախ ախտահարում է ձեռքի մատները։ Դա բունոցային մատնաշունչն է, որի դեպքում թարախակալումը կարող է արագ տարածվել ափի ջլաբունոցի և նախաբազկի վրա՝ սպառնալով ծանր բարդություններ՝ մինչև արյան վարակում, լավագույն դեպքում՝ մատների կռկվածություն։ Թարախային ջլաբունոցաբորբի ախտանշաններն են սուր ցավերը, որոնք խիստ ուժեղանում են չնչին շարժումներից, ուռածությունը՝ ջլի ընթացքով, տենդային վիճակը։ Գերբեռնվածության հետ կապված ջլաբունոցաբորբի ժամանակ ցավերը սուր չեն, բայց շարժումները ցավոտ են, ուղեկցվում են հոդերում խրթխրթոցով կամ ճռթճռթոցով կամ չխկոցով (տե'ս Չխկացող մատ), ընդհանուր վիճակը չի խանգարվում։ Սակայն առանց ճիշտ բուժման, այդ ջլաբունոցաբորբը կարող է հանգեցնել շարժումների կայուն սահմանափակման կամ անցնել քրոնիկական ձևի։

ԲուժումԽմբագրել

Բուժում է բժիշկը, ժամանակին սկսած բուժումն ավելի արդյունավետ է.

  • Թարախային ջլաբունոցաբորբի ժամանակ, առանձին դեպքերում, պահանջվում է վիրահատական միջամտություն։
  • Գերբեռնվածության հետևանքով առաջացած ջլաբունոցաբորբի ժամանակ վիրահատական միջամտության կարիք չի զգացվում, և բժիշկը սահմանափակվում է ջերմային և այլ բուժարարողություններ ու հանգիստ նշանակելով։
  • Չխկացող մատի բուժումը տե'ս այստեղ:

ԿանխարգելումԽմբագրել

  • Վարակային ջլաբունոցաբորբի կանխարգելման համար անհրաժեշտ է արտադրության մեջ ձեռքի միկրովնասվածքների կանխում, ձեռքերի մաքրության պահպանում, միկրովնասվածքների ժամանակին բուժում (հակաբիոտիկներով) և անձնական հիգիենայի կանոնների պահպանում։
  • Մասնագիտական ջլաբունոցաբորբը կանխելու համար աշխատանքի ժամանակ պետք է ընդմիջումներ անել, ձեռքերին հանգիստ տալ, իսկ աշխատանքը վերջացնելուց հետո՝ կատարել ձեռքերի լոգանքներ, նախաբազուկների մերսում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Скрипниченко Д. Ф. Тендовагинит // Большая медицинская энциклопедия: В 30 томах / Главный редактор Петровский, Борис Васильевич. — 3-е издание. — М.: Советская энциклопедия, 1985. — Т. 24. Сосудистый шов — Тениоз. — С. 539—540. — 544 с. — 150 800 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։