Սեպսիս, արյան վարակում, թարախարյունություն, ընդհանուր թարախային վարակ, ծանր վարակ, հիվանդություն, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Սեպսիսի աղբյուր կարող է դառնալ վարակված վերքը կամ տարբեր տեղադրության, մեծության ու ծավալի թարախային օջախը։ Նորածինների սեպսիսի հաճախակի պատճառներից է պորտի թարախակալումը։ Հետծննդյան սեպսիսը այսպես կոչված ծննդաբերական տենդը, պայմանավորված է արգանդի խոռոչի թարախակալմամբ։ Սեպսիսի հարուցիչներն առավել հաճախ ստաֆիլոկոկերն են, ստրեպտոկոկերը, հազվադեպ՝ պնևմոկոկերը, աղիքային ցուպիկը և այլ մանրէներ։

Սեպսիս
Արյան կուլտուրայով լցված տարա. նարնջագույնը անաէրոբների համար, կապույտը՝ աէրոբների և դեղինը երեխայի սեպսիս։
Տեսակհիվանդություն, ախտանիշ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններընդհատվող տենդ, դող և intermittent fever?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9995.92
ՀՄԴ-10R65.20 և R65.21
 Sepsis Վիքիպահեստում

Պատճառ խմբագրել

Արյան վարակման առաջացմանը նպաստող պատճառ կարող են դառնալ տեղային թարախակալում առաջացնող մանրէների բարձր վարակունակությունը (հիվանդածնությունը), մյուս կողմից՝ կրած վնասվածքների կամ հիվանդությունների, հյուծման, վիտամինային անբավարարության և այլ ուղեկցող հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացումը։

Ախտանիշներ խմբագրել

 
K. pneumoniae բակտերիայի գաղութները ագարի վրա

Արյան վարակման առավել ծանր ձևի ժամանակ մանրէները բազմանում են արյան և այլ հյուսվածքների մեջ՝ դրանք հեղեղելով իրենց կենսագործունեության թունավոր նյութերով, քայքայում են արյան բջիջները։ Վարակումն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, երբեմն առաջանում են մաշկի դեղնախտային գունավորում և տարբեր ցաներ։ Աստիճանաբար առաջանում է հիվանդին մահ սպառնացող ինքնաթունավորում։ Արյան վարակման դեպքում մանրէները երբեմն չեն բազմանում արյան մեջ, այլ դրա հոսքով տարածվում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ, որտեղ նստում են և առաջացնում բազմաթիվ թարախային օջախներ։ Այդպիսի դեպքերում արյան վարակումն ընթանում է ավելի երկարատև՝ հերթական թարախակույտի առաջացման ժամանակ պարբերաբար վատացումներով, թարախակույտը պատռվելու և թարախը դուրս գալու կամ թարախակույտը վիրահատության միջոցով բացելու ժամանակ՝ լավացումներով։

Բուժում խմբագրել

Բուժում են միայն հիվանդանոցում և որքան շուտ սկսվի այն, այնքան հիվանդն արագ կապաքինվի։

Կանխարգելում խմբագրել

Արյան վարակման կանխարգելումը կախված է ցանկացած թարախային գործընթացի (վերքի թարախակալում, ֆուրունկուլ, մատնաշունչ, ֆլեգմոն) դեպքում ժամանակին բժշկի դիմելուց։ Տեղային թարախային գործընթացի առկայության ժամանակ հատկապես պետք է զգույշ լինել նույնիսկ ընդհանուր վիճակի չնչին վատացումից (ջերմաստիճանի բարձրացում, դող)։ Կարևոր նշանակություն ունեն նաև կենցաղային վնասվածքների կանխումը, մանր վնասվածքների (քերծվածք, ճանկռվածք), հատկապես վերքերի ժամանակին մշակումը։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։