Ջինջառ
Ջինջառ, սպիտակ ձյունանման նստվածք, որն առաջանում է ծառերի և թփերի ճյուղերին, փշատերևների, հաղորդալարերի, մետաղալարե ցանկապատերի և այլ բարակ առարկաների, ինչպես նաև առարկաների ելուստների, անկյունների և եզրերի վրա։
Առաջացում
խմբագրելԱռաջանում է գերսառած մառախուղի կաթիլների (հատիկային Ջինջառ) և գոլորշու (բյուրեղային Ջինջառ՝ երկարությունը՝ մինչև 1 սմ, հազվադեպ՝ մի քանի սմ) սառելու հետևանքով, թույլ քամու (0,1-2,5 մ/վ) և -15 °C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ երեկոյան և գիշերային ժամերին։
Տարվա ընթացքում Ջինջառով քիչ օրեր լինում են Հայաստանի հյուսիս-արևելքում, Սևանա լճի արևելյան ափին և հարավ-արրելյան ցածրադիր վայրերում։ Ջինջառով շատ օրեր դիտվում են Ախուրյանի վերին ավազանում (30 օր), Արագած բլկում (64), Սիսիանի լեռնանցքում (68)։
Ջինջառը կուտակվելով էլեկտրալարերի և հեռախոսալարերի վրա՝ հաճախ դրանց կտրվելու պատճառ է դառնում։
Տեսակներ
խմբագրելԲյուրեղային
խմբագրելՈչ ուժեղ սառնամանիքների (-2--7 °C և երբեմն ավելի ցածր) դեպքում ջինջառն առաջանում է մառախուղի գերսառած կաթիլների` առարկաներին սառել-կպչելու հետևանքով։ Մառախուղի կաթիլներն առարկաներին հպվելիս այնքան արագ են սառում, որ չեն հասցնում կորցնել իրենց ձևը և առաջացնում են աչքով չտարբեվող սառցային հատիկներից բաղկացած ձյունանման սառցակալում[1]։ Այդպիսի ջինջառն աճում է առավելապես առարկաների հողմակողմ մասում և, երբեմն հասնելով մեծ չափերի, պատճառ է դառնում տարբեր տեսակի ավերածությունների առաջացման։ Օրինակ, ծառերի ճյուղերի կոտրատում, հաղորդալարերի վնասում։ Օդի ջերմաստիճանի աճման և մառախուղի կաթիլների խոշորանալու ժամանակ ջինջառի խտությունն աճում է և այն աստիճանաբաչր անցնում է մերկասառույցի։
Հատիկավոր
խմբագրելԱվելի ուժեղ սառնամանիքների (-11–25 °C և երբեմն ավելի ցածր) դեպքում ջինջառը սառույցի բարակ կառուցվածք ունեցող, բյուրեղներից կազմված սպիտակ տեղումի տեսք ունի[1]։ Ծառերի ճյուղերի, մետաղալարերի և այլնի վրա նստելիս ջինջառն ունենում է շարանների (ծաղկաշղթաների) ձև, որոնք հեշտությամբ թափվում են ցնցումներից։ Այդպիսի ջինջառը հաճախ առաջանում է գիշերային ժամերին, երբ երկինքը պարզկա է կամ ամպերը բարակ են, կամ եղանակը հանդարտ է և նկատվում է մառախուղ։ Այդ պայմաններում ջինջառի բյուրեղները գոյանում են մառախուղի կաթիլների գոլորշացումից առաջացած ջրային գոլորշիների անմիջապես սառույց դառնալուց (սուբլիմացիա)։ Առանձին, առավելապես շատ ուժեղ սառնամանիքների (-30 °C-ից ցածր) դեպքում բյուրեղային ջինջառը կարող է գոյանալ առանց մառախուղի` ի հաշիվ օդի մեջ եղած ջրային գոլորշիների։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Թ. Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 2014 թ.:
- Գ. Ա. Ալեքսանդրյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |