Ջերմային դիսոցում, ջերմային քայքայում, նյութերի քայքայման դարձելի քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են ջերմաստիճանը բարձրացնելու հետևանքով։

Ջերմային դիսոցման հետևանքով մեկ նյութից առաջանում է մի քանի կամ մեկ ավելի պարզ նյութ։

Հավասարակշռություն խմբագրել

Ջերմային դիսոցման հավասարակշռությունը ստեղծվում է ըստ զանգվածների ներգործության օրենքի և կարող է բնորոշվել հավասարակշռության հաստատունով կամ դիսոցման աստիճանով (քայքայված մոլեկուլների թվի և ելանյութի մոլեկուլների ընդհանուր թվի հարաբերությամբ)։ Ջերմային դիսոցումը մեծ մասամբ ուղեկցվում է ջերմության կլանումով (էնթալպիան աճում է), այդ պատճառով տաքացումը ուժեղացնում է այն։

Ճնշման մեծացումը արգելակում է ջերմային դիսոցմանը, եթե այն ուղեկցվում է գազային նյութերի մոլերի թվի աճմամբ։ Հակառակ դեպքում դիսոցման աստիճանը կախված չէ ճնշումից։

Պինդ նյութերի (օքսիդներ, բյուրեղահիդրատներ և այլն) ջերմային դիսոցումն իրականացնելու համար կարևոր է իմանալ այն ջերմաստիճանը, որում անջատվող գազի ճնշումը հավասարվում է արտաքին ճնշմանը, այդ ջերմաստիճանում պինդ նյութի քայքայումը խիստ արագանում է։

Նշանակություն խմբագրել

Գործնական նշանակություն ունեն ջրի և ածխաթթու գազի քայքայումը, ածխաջրածինների դեհիդրումը (հոմոգեն ռեակցիաներ), կարբոնատների, սուլֆիդների դիսոցումը (հետերոգեն ռեակցիաներ), որոնցով են պայմանավորված բազմաթիվ ջերմատեխնիկական, քիմիական և մետալուրգիական պրոցեսներ (կրաքարի բովումը, ցեմենտների արտադրությունը և դոմենյան պրոցեսը)։

Գրականություն խմբագրել

  • Е. С. Андреева, С. С. Андреев. Промышленная экология
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։