Ջեննի Գերհարդ (անգլ.՝ Jennie Gerhardt), ամերիկյան գրող Թեոդոր Դրայզերի երկրորդ վեպը՝ առաջին անգամ հրատարակված 1911 թվականին։ Դրայզերը սկսել է ստեղծագործել 1901 թվականի հունվարին։ Սյուժեի հիմքում ընկած է Թեոդոր Դրայզերի ավագ քրոջ՝ Մերիի կյանքի իրական պատմությունը։

Ջեննի Գերհարդ
Jennie Gerhardt
ՀեղինակԹեոդոր Դրայզեր
Տեսակգիրք
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1911 թվական
Նկարագրում էՉիկագո
Էջեր452
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarper & Brothers
Հրատարակման տարեթիվ1911
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/28988

Սյուժե խմբագրել

Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի մարդիկ դատապարտում են աղջկան։

Երեխայի ծնվելուց հետո Ջեննին ընտանիքով տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ Ջեննին աշխատանքի է անցնում մի մեծահարուստ տիկնոջ մոտ՝ որպես աղախին։ Ծանոթանում է Լեսթեր Քեյնի՝ խոշոր արդյունաբերողի որդու հետ։ Ջեննին սիրահարվում է Լեսթերին։ Վերջինիս զգացմունքները աղջկա նկատմամբ այդքան էլ լուրջ չեն։ Նրանք տեղափոխվում են Չիկագո և բնակվում են միասին շքեղ առանձնատանը։ Նրանց ամուսնացած չլինելու և Ջեննիի անցյալի մասին տեղեկությունները տարածվում են, որն առաջ է բերում Լեսթերի ընտանիքի զայրույթը։ Դրա համար Լեսթերի հայրը մահից առաջ այնպես է փոխում կտակը, որ Լեսթերը կարողանա ստանալ ժառանգության իր բաժինը միայն Ջեննիից բաժանվելու դեպքում։ Լեսթերը երկար ժամանակ չի կարողանում որոշում ընդունել։ Լեսթերի եղբայր Ռոբերտը Ջեննին հայտնում է կտակի մասին։ Ջեննին որոշում է զոհաբերել սեփական երջանկությունը հանուն Լեսթերի և համոզում է նրան թողնել իրեն։

Որոշ ժամանակ անց սենատոր Բրանդերի և Ջեննիի աղջիկը մեռնում է։ Դստեր մահը մեծ ցավ է պատճառում Ջեննին։ Մի քանի տարի անց հիվանդանում է Լեսթեր Քեյնը։ Նրա կինը այդ ժամանակ գտնվում է արտասահմանում և նա խնդրում է Ջեննին այցելել իրեն։ Ջեննին խնամում է նրան։ Եվ Լեսթերը վերջապես սեր է խոստովանում նրան։ Մի քանի օր անց Լեսթերը մահանում է։ Ջեննին գաղտնի կերպով ներկա է գտնվում նրա թաղմանը։

Հերոսներ խմբագրել

  • Ջեննի Գերհարդ - վեպի գլխավոր հերոսուհին։ Նա սկսում է աշխատել որպես հավաքարարուհի Կոլումբիայի հյուրանոցներից մեկում։ Ավելի ուշ նա աշխատում է որպես աղախին Քլիվլենդում։ Լեսթերի՝ նրան լքելուց հետո, նա տեղափոխվում է Սենդվուդ՝ Չիկագոյի փոքրիկ քաղաքներից մեկը։ Ջեննի ամբողջական անունն է Ջենևիև։ Նա ունի 5 եղբայր և քույր։
  • միսիս Գերհարդ - Ջեննիի մայրը
  • Վիլյամ Գերհարդ - Ջեննիի հայրը։ Նա գերմանացի է։ Աշխատում է որպես ապակեգործ։ Նա հիվանդանում է վեպի ավարտին։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Օհայո նահանգի Յանգսթոն քաղաք։ Մահանում է ծեր տարիքում
  • Սեբաստիան Գերհարդ - Ջեննիի եղբայրը։ Հայտնի է Բես անունով
  • Ջորջ, Մարթա, Վիլյամ, Վերոնիկա - Ջեննի մյուս քույր-եղբայրները
  • սենատոր Բրենդեր - միջին տարիքի տղամարդ, ԱՄՆ-ի սենատոր, որը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Մահանում է տիֆից մինչև ամունսնանալը
  • Լեսթեր Քեյն - Ջեննիի երկրորդ սերը։ Նա Ջեննիին հանդիպում է, երբ այցելում է իր ընկեր Բրեյսբրիջին
  • Էմի, Իմոջին, Լուիս - Լեսթերի քույրերը
  • Միսիս Յակոբ Ստենդալ, միստր և միսիս Կարմիշել Բուրկ, Հենսոն Ֆիելդ, Թիմոթի Բիլինջեր, միստր Գրեյգ, Սոմերվիլլ - Ջեննիի և Լեսթերի հարևանները Հայդ պարկում
  • Սեմուել Է․ Ռոս - անշարժ գույքի գործակալ, ում հետ աշխատում է Լեսթերը
  • Լեթի Պեյս - հարուստ այրի, ում հետ ամուսնանում է Լեսթերը
  • միսիս Դեյվիս, 50-ամյա տնտեսուհի, որն օգնում է Ջեննին, երբ Վեստան մահանում է
  • Ռոզի Պերպետուա և Հենրի Սթովեր, երկու որբուկներ, որոնց Ջեննին որդեգրում է Վեստայի մահից հետո։

Գրական նշանակություն և քննադատություն խմբագրել

1903 թվականին Թեոդորոս Դրայզերը հրաժարվեց վեպը գրելուց[1]։ 1910 թվականին Դրայզերը որոշեց շարունակել վեպը[1], նրա կարծիքով Ջեննի կերպարի մեջ նա իր բնավորությունն էր արտացոլել։

Տարիներ անց Դրայզերը Claude Bowers-ին տված հարցազրույցում ասել է, որ այս վեպը չի սիրում[2]։

Մեջբերումներ խմբագրել

  • Եթե ուզում ես հաջողության հասնել, ուշքդ գլխիդ պահիր, իսկ դրա համար հարկավոր է մտերմանալ կամ ձևացնել, թե մտերիմ ես նրանց հետ, ովքեր առաջին տեղերն են գրավում այս աշխարհում, որտեղ արտաքին, ցուցադրական փայլն ամեն ինչից վեր է։
  • Եթե մարդիկ լավ են հագնված, մատանիներ ու քորոցներ են կրում, ինչ էլ որ անեն՝ լավ է։
  • Լինում են այնպիսի հազվագյուտ, յուրահատուկ բնավորության տեր մարդիկ, որոնք աշխարհ են գալիս չիմանալու ինչու և կյանքից հեռանում են այդպես էլ ոչինչ չհասկանալով նրանից։
  • Գոռոզության ու ագահության այս աշխարհը իդեալիստին ու երազողին խեթ է նայում։ Եթե երազողը նայի բարձրում սլացող ամպերին, նրան կկշտամբեն պարապ-սարապ մնալու համար։ Եթե նա ականջ է դնում քամու երգին, որը շոյում է նրա հոգին, այդ նույն ժամանակ շրջապատի մարդիկ շտապում են տիրանալ նրա ունեցվածքին։ Եթե ամբողջ այսպես կոչված՝ ո՛չ շնչավոր աշխարհը հափշտակում է նրան, հրապուրելով այնպիսի նուրբ ու թովիչ ձայներով, որ թվում է, թե դրանք չեն կարող կենդանի ու բանական չլինել, երազողը կործանվում է տարերքի հարվածների տակ։ Իրական աշխարհը միշտը էլ իր չանչերը մեկնում է այդպիսի մարկանց վրա և տիրապետում է նրանց։ Հենց այդպիսիններին է, որ կյանքը հնազանդ ստրուկներ է դարձնում։
  • Դուք բախտավոր եք, որ ջահել եք։ Դա կյանքում ամենալավ, ամենաթանկ բանն է։
  • Ցավալի բան կլիներ մեռնել՝ առանց ստանալու այն, ինչ այնքան ցանկանում ես։
  • Նա ունեցել էր կորուստի ապրումներ, ճաշակել էր բախտի հարվածները, նրա մեջ կար այնպիսի մի բան, որ աշխույժ երևակայություն ունեցող մարդկանց մեջ համակրանք էր հարուցում։
  • Ինչու՞ շղթաներ հագնել ոտքերին, եթե կարելի է ազատ թռչուն մնալով ստանալ ամեն բան, ինչ ուզում ես։
  • Որքան ավելի երկար էր հեռու մնում նրանից, այնքան ավելի էր փափագում նորից տեսնել նրան։
  • Առաքինությունը մարդկանց բարի ցանկանալու և բարիք գործելու ընդունակություն է։ Առաքինի մարդը մեծահոգի մարդն է, որն ուրախությամբ պատրաստ է ծառայելու ամենքին ու բոլորին, բայց հասարակությունն այնքան էլ չի գնահատում այդ հատկությունը։
  • Եթե դուք ձեզ էժան գնահատեք, ձեզ բանի տեղ չեն դնի, ոտքի տակ կտան ձեզ։ Եթե դուք ձեզ թանկ գնահատեք, թեկուզև ոչ ըստ արժանվույն, ձեզ կհարգեն։
  • Հասարակությունն ընդհանրապես շատ վատ է ճանաչում մարդկանց։ Նրա միակ չափանիշն է` ինչ կասեն ուրիշները։ Ինչպես երևում է, շատ քչերն են ընդունակ ինքնուրույն դատողություն անելու։
  • Մեր կյանքում տեղի ունեցող արտաքին ու ներքին փոփոխությունների նշանակությունը միշտ չէ, որ միանգամից մեզ պարզ է լինում։ Մենք ցնցված ենք, վախեցած, իսկ հետո կարծես վերադառնում ենք նախկին վիճակին, բայց փոփոխությունն արդեն տեղի է ունեցել։ Երբեք և ոչ մի տեղ մենք արդեն նախկինը չենք լինի։
  • Մարդ բարձրագույն լարման րոպեներին ամենից ավելի նկատելի է աճում։ Նա ուժերի և ընդունակությունների հզոր հորձանք է զգում։ Մենք դեռ դողում ենք, վախենում ենք սխալ քայլ անել, բայց մենք աճում ենք։ Ոգևորության բռնկումներն են ղեկավարում մեզ։
  • Ամեն տուն հաստատված է նախ և առաջ մոր վրա, բայց այդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն վախճանը մոտիկ է։
  • Լավ բարեկամներն իրարից չպետք է բաժանվեն, դա վտանգավոր է։
  • Բնությունը ոչ ոքի չի մերժում։ Եթե միջավայրը կամ հասարակությունը մեզանից երես են դարձնում, մենք էլի բարեկամ ենք մնում այն ամենին, ինչ գոյություն ունի։ Բնությունը մեծահոգի է։ Քամին ու աստղերը քո բարեկամներն են։ Միայն բարի եղիր ու զգայուն և դու կհասնես այդ մեծագույն ճշմարտությանը։ Գուցե և այն քեզ չի հասնի ձևակերպված ֆորմուլաներով, բայց կհասնի հրճվանքի ու անդորրի զգացողությամբ, որը և, վերջին հաշվով, կազմում է իմացության էությունը։
  • Անդորրի մեջ ձեռք ես բերում իմաստություն։
  • Մենք ստիպված ենք լինում խիստ շատ բան ընկալել։ Ասես անծայրության իմաստությունը փորձում է իր համար ճանապարհ բացել դեպի նեղվածք գանգերը և տեղավորվել սահմանափակ ուղեղներում։
  • Կյանքը պայքար է, և եթե ուզում ես մի բան ստանալ, պետք է պայքարես։
  • Մեղմ, զիջողամիտ, անշահախնդիր մարդը միշտ էլ ավար է դառնում ամբոխի համար։ Մարդիկ հեռվից զգում են նրա անպաշտպան լինելը։
  • Սիրո մեջ, ինչպես և ճակատամարտում, յուրաքանչյուրն իր բախտն ունի։
  • Ամեն խելք չի կարելի չափել մի ինչ-որ անմիտ արարքով։ Ամեն մեկին չի կարելի դատել նրա մի ինչ-որ կրքով։
  • Ծերունիներին ու երեխաներին միշտ կապում է մի ինչ-որ անբացատրելի բարեկամություն, մի սքանչելի և հուզիչ ներքին մոտիկություն։
  • Ամեն մի խոհուն մարդու կյանքում լինում է ժամանակ, երբ նա նայում է անցյալին և ինքն իրեն հարց է տալիս, թե ի՛նչ արժեք ունի ինքը և՛ մտավոր, և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ նյութական տեսակետներից։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պատանեկան խելահեղ ժամանակներն արդեն անցել են, երբ առաջին ինքնուրույն քայլերն ու ամենաեռանդուն ջանքերն արդեն արված են, և այն ամենը, ինչին ձգտել ես ու հասել, քո աչքում դառնում են անճիշտ ու անհաստատ։ Եվ շատերի գիտակցության մեջ սողոսկում է հոգին ցամաքեցնող մի միտք կյանքի ունայնության մասին, մի միտք, որ ամենից լավ արտահայտել է Եկլեսիատեսը։
  • Կինը պետք է իր սիրած միակ մարդու առաջ բաց անի իր ամբողջ հոգին։
  • Եթե մարդ հարուստ է, նա հիշեցնում է զանգակը վզից կախված կատվին։ Ամեն մի մուկ ճիշտ գիտե, թե որտեղ է նա և ինչ է անում։
  • Ամեն մի թուլություն, նույնիսկ թուլության նշան խրտնեցնում է մարդկանց։ Նրանք բնազդաբար հեռու են փախչում ձախորդներից, խուսափում են նրանցից, ասես վախենալով, թե կվարակվեն։
  • Երբեք մի՛ ստիր, երբեք մի՛ փորձիր փաստերն այնպես չներկայացնել, ինչպես ինքդ ես տեսնում։ Ճշմարտությունը կյանքի շունչն է, բոլոր արժանիքների հիմքը, և գործի մթնոլորտում էլ այն լավ համբավ է ապահովում նրա համար, ով հաստատորեն ճշմարտության կողմ է պահում։
  • Ամեն մարդու կյանքում լինում են վճռական րոպեներ, երբ նա տատանվում է պարտքի ու արդարության խստիվ պահպանման և երջանկություն ստանալու հրապուրանքի միջև, որին կարելի է հասնել, հարկավոր է միայն վարվել ոչ այնպես, ինչպես հարկն է։
  • Ոչ մի բան չկա իրական և հավիտենական, բացի բարությունից, սրտագին, մարդկային բարությունից։ Մնացած ամեն ինչը անցողական է երազի պես։
  • Այս աշխարհում սերը բավական չէ։ Հարկավոր է նաև դաստիարակություն, հարստություն, իր ուզածը կատարելու և բանսարկելու կարողություն։
  • Լավ կին՝ դա անբացարելի հանելուկ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Richard Lingeman, 'The Biographical Significance of Jennie Gerhardt ', in Dreiser's "Jennie Gerhardt": New Essays on the Restored Text, James L. W., III West (ed), Philadelphia: University of Pennsylvania Press, 1995, page 10, Google Books
  2. Claude Bowers, My Life: The Memoirs of Claude Bowers, New York: Simon & Schuster, 1962, p. 156

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ջեննի Գերհարդը bookmark.am֊ում
  • Donald Pizer (2000). «Dreiser's Critical Reputation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.