Ստեփանոս Օրբելյան (1250/60-1303), հայ պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս։ Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303)։ Տարսայիճ Օրբելյանի որդին, Օրբելյանների իշխանական տոհմից։

Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան Սմբատի կողմից, կրթություն է ստանում Տաթևի վանքում, հավանաբար նաև Գլաձորի համալսարանում։ 1273 թվականին, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ Օրբելյանի ընտանիքը տեղափոխվում է Վայոց ձորի իշխանանիստ Եղեգիս գյուղաքաղաքը։ Ստեփանոս Օրբելյանը ուսումը շարունակում է Ամաղուի Նորավանքի դպրոցում, կարգվում դպիր, սարկավագ, կուսակրոն քահանա (1280 թ)։ 1285 թվականին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դառնում է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական գավազան ստացած Ստեփանոս Օրբելյանը ուղարկվում է Կիլիկյան Հայաստան՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար։ Ձեռնադրվում է եպիսկոպոս և Սյունյաց մետրոպոլիտ՝ Հայոց կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցու կողմից Հռոմկլայում և 1287 թվականին վերադառնում է Սյունիք։ Հոր աջակցությամբ միավորում է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկում իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով։ Մահացել է 1303 թվականին։ Ամփոփված է Նորավանքի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։

(մանրամասն...)