Պոլիէթիլեն [—CH2—СН2—], էթիլենի պոլիմերմամբ ստացվող սպիտակ, ջերմապլաստիկ նյութ։ Պոլիէթիլենի սինթեզն իրականացվում է բարձր (ցածր խտության Պոլիէթիլեն) և ցածր (բարձր խտության Պոլիէթիլեն) ճնշումների տակ։ Հատկությունները կախված են ստացման եղանակից։ Ցածր խտության Պոլիէթիլենի խտությունն է 918-930 կգ/մ3, բյուրեղացվածության աստիճանը՝ 50% (20 °C), բարձր խտության Պոլիէթիլեն՝ 955—968 կգ/մ3, և 75—90%։ Պոլիէթիլենը առաձգական, ձգման նկատմամբ կայուն, էլեկտրամեկուսիչ նյութ է, կարող է օգտագործվել- 120-ից + 100 °C ջերմաստիճաններում։ Կայուն է ալկալիների, օրգանական և չօքսիդացնող թթուների, անկայուն՝ ազոտական թթվի, քլորի, ֆտորի նկատմամբ։ Լուծվում է ածխաջրածիններում և նրանց քլորածանցյալներում։ Արտադրվող ամենաէժան պոլիմերներից է և վերամշակվում է ջերմապլաստիկների համար հայտնի բոլոր եղանակներով։ Աշխարհում ամենաշատ արտադրվող ջերմապլաստիկն է։ Պոլիէթիլենից ստանում են թաղանթներ, խողովակներ, ձևավոր կտրվածքով առարկաներ, պատրաստում են անոթներ, տարողություններ, կենցաղային իրեր, սանհանգույցի սարքեր, օգտագործում են որպես էլեկտրամեկուսիչ և այլն։ Տեխնիկական կարևոր նշանակություն ունեն նաև քլորացված և քլորսուլֆացված Պոլիէթիլենները։ Արտասահմանում Պոլիէթիլեն թողարկվում է մարլեքս, բակելիտ, ալադոն (ԱՄՆ), խոստալեն, վեստոլեն, լուպոլեն (ԳՖՀ), ելտեքս (Իտալիա) և այլ անվանումներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 354