Պեր Գյունտ (սիմֆոնիկ սյուիտ)

Պեր Գյունտ (նորվ.՝ Peer Gynt), սիմֆոնիկ սյուիտ` ստեղծված 1875 թվականին նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի համանուն պիեսի հիման վրա։ Հեղինակ՝ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգ։ Գրիգի երաժշտության հետ պիեսի համադրության պրեմիերան կայացել է 1876 թվականի փետրվարի 24-ին Քրիստիանիա (նորվ.՝ Christiania) քաղաքում՝ ներկայիս Օսլոյում։

Պեր Գյունտ
նորվ.՝ Peer Gynt
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրbühnenmusik?
ԿոմպոզիտորԷդվարդ Գրիգ
Սյուժեի աղբյուրՊեր Գյունտ
Գործողությունների քանակ26 երաժշտական կոմպոզիցիա
Ստեղծման տարեթիվ1875
Հրատարակման տարեթիվփետրվարի 24, 1876
 Peer Gynt (Grieg) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Հենրիկ Իբսենի նամակը Էդվարդ Գրիգին (23 հունվարի, 1874 թ.):

Հաճախ դրամատիկական հանդիսությունների ժամանակ հնչում է երաժշտություն, որի նպատակերն են պարզապես հատուկ տրամադրություն ստեղծելը, հանդիսականներին հուզելը՝ հարուցելով մերթ նրանց ծիծաղը, մերթ էլ ստիպելով արտասվել։ Եվ պատմությանը հայտնի տարբեր դեպքեր, երբ հենց երաժշտությունն է դրամատուրգի հեղինակած պիեսը հասցրել համաշխարհային ճանաչման։ Այդպիսին էր, օրինակ, Գյոթեի «Էգմոնտ» պիեսը, որի բեմադրությունը 1787 թվականի հաջողություն չէր ունեցել, բայց հանկարծ վերածնվեց և երկրորդ կյանք ապրեց 1810-ականներին՝ շնորհիվ Բեթհովենի գրած երաժշտության։ Նրանում վեր հառնեց մեծ ողբերգության հերոսական ոգին։ Նման ճակատագրի արժանացավ նաև նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսը։ Նորվեգիայում և Դանիայում պիեսը խիստ բացասական վերաբերմունքի արժանացավ։ Օրինակ Հանս Քրիստիան Անդերսենն այն անվանեց կատարյալ անիմաստություն։ Այդպիսի անհաջողությունից հետո Իբսենը դիմեց Գրիգին՝ իր պիեսի համար երաժշտություն գրելու խնդրանքով։ Եվ միայն կոմպոզիտորի ստեղծած անմահ երաժշտության շնորհիվ էր, որ նորվեգական մի գյուղում ծնված Պերի կյանքի և արկածների մասին պիեսը սկսեց հետաքրքրել աշխարհին։ Էդվարդ Գրիգն իր ոգեշնչման աղբյուրը համարում էր նորվեգական ժողովրդական երաժշտությունը։ Առհասարակ նրա ստեղծագործությունների մեջ՝ թվով 66 «Քնարական պիեսների», դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտների, ռոմանսների ու երգերի մեջ նա օգտագործել է նորվեգական ժողովրդական երգերն ու մեղեդիները՝ երաժշտության միջոցով մի նոր որակով պատկերելով իր հայրենիքի բնությունը, բարձրաբերձ լեռներն ու դրանց շուրջ ծնված բանահյուսական պատումները։ Իսկ «Պեր Գյունտ» սիմֆոնիկ սյուիտով, որը Գրիգի ամենանշանակալի ստեղծագործությունն է, նա դարձավ նորվեգական երաժշտության խորհրդանիշը։ 1876 թվականի փետրվարի 24-ին Քրիստիանիայում կայացավ «Պեր Գյունտ»-ի պրեմիերան՝ Գրիգի երաժշտության համադրությամբ։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ դա պատմության մեջ մտավ որպես դրամատուրգի և կոմպոզիտորի առաջին համաշխարհային փառքը։

Ժողովրդական ավանդությունը և Իբսենի պիեսը

խմբագրել
 
Նորվեգական բանահյուսության հերոս Պեր Գյունտը (1896 թվականին լույս տեսած «Նորվեգական բանահյուսություն») գրքից:

Իբսենի պիեսում դրսևորվում է արվեստի հավերժական սյուժեներից մեկը՝ մարդու դեգերումները՝ երջանկություն փնտրելիս։ Պիեսի հերոս Պեր Գյունտը նորվեգական մի գյուղում ապրող երիտասարդ է։ Նորվեգական գյուղերից մեկի բնակիչները հեղինակին պատմել էին, որ իրենց գյուղում իսկապես ապրել է մի մարդ, որ մշտապես երազել է հեռավոր երկրներ ճանապարհորդության մասին։ Եվ մի օր էլ, նա իսկապես, մեկնել է երջանկություն փնտրելու։ Պերը երազող է։ Երկու կարևոր մարդ կա նրա կյանքում՝ մայրը՝ Օզեն, և գեղեցկուհի Սոլվեյգը՝ «այնքան լուսավոր», որ նայելով ցանկացած մեկի աչքերին, կարող է ցնծություն առաջացնել նրա հոգում։ Նույնիսկ նրա անունը՝ Սոլվեյգ, նորվեգերենից թարգմանաբար նշանակում է Արևային ճանապարհ։ Մոր և Սոլվեյգի հանդեպ սերը, գրավիչ պատմելու կարողությունը և երազկոտությունը Պերի հոգու լավագույն հատկանիշներն են։ Բայց և միաժամանակ նա այնքան եսասեր է, այնքան ձգտում է հարստության, որ դաժանությունն ու ագահությունը ստվերում են նրա բարությունն ու մարդասիրությունը։ Լուրջ զանցանքների համար նրա համագյուղացիները վտարում են Պերին հարազատ վայրերից։ Տառապանքից ու կսկիծից մահանում է մայրը։ Իսկ նրանից լքված Սոլվեյգը մնում է միայնակ։ Երկար ու ձիգ քառասուն տարիներ նա պետք է սպասի Պերին հեռավոր անտառային մի խրճիթում։ Աշխարհում թափառելով Պերը մի քանի անգամ հասնում է իր երազանքին՝ հեքիաթային հարստության։ Բայց դա ձեռք բերելով խաբեության շնորհիվ, ամեն անգամ էլ կորցնում է ամեն ինչ։ Քառասուն տարի անց, հյուծված և ուժասպառ, Պերը վերադառնում է հայրենիք։ Նա ծեր է և միայնակ։ Նրան համակում է խոր հիասթափություն. իր կյանքը վատնված է իզուր։ Կա միայն մեկ փրկություն՝ Սոլվեյգի սերը, ում նա կրկին գտնում է խրճիթում։ Այս սյուժեի համար Գրիգի գրած երաժշտությունն այնքան դուր եկավ հանրությանը, որ հետագայում, որպեսզի այն չհնչի միայն դրամատիկական թատրոններում, այլ նաև համերգասրահներում, կոմպոզիտորը գրեց երկու սյուիտ՝ նվագախմբի համար։ Դրանք երկուսն էլ կազմված են չորս մասից։

Սյուիտները և դրանց պիեսները

խմբագրել

Սյուիտ N1

  • 1 Առավոտ
  • 2 Օզեի մահը
  • 3 Անիտրայի պարը
  • 4 Լեռնային թագավորի քարայրում

Սյուիտ N2

  • 1 Ինգրիդի գանգատը
  • 2 Արաբական պար
  • 3 Պեր Գյունտի վերադարձը
  • 4 Սոլվեյգի երգը

«Առավոտ»

խմբագրել
 
Էդվարդ Գրիգի լուսանկարը (1888 թ.:)

Այս բնապատկերային պիեսով սկսվում է առաջին սյուիտը։ Ներկայացման մեջ այն հնչում էր որպես Պերի հուշերը հայրենիքի մասին։ Մեղեդին, որ հիշեցնում է ժողովրդական հովվական նվագ, հանդարտ է ու լուսավոր, հաղորդում է ոչ միայն լուսաբացի երանգները, այլև այն հոգեվիճակը, որ արթնացնում է ծագող արևի պատկերը։ Նրանում զգացվում է խաղաղություն և անդորր։ Երաժշտությունը մեր առջև պատկերում է աստիճանաբար արթնացող բնությունը՝ արևը, որը շողում է ծվատվող ամպերի միջից, նոր արթնացող ու դեռևս քնաթաթախ թռչունների ծլվլոցը, քամուց օրորվող տերևների սոսափյունը և վճիտ աղբյուրների կարկաչյունը։

Տեմպը նշելիս կոմպոզիտորն ավելացրել է «pastorale» բառը, որ նշանակում է «հովվերգական»։ Այդպես կոչվում են այն ստեղծագործությունները, որոնք պատկերում են բնանկարներ և գյուղական կենցաղի տեսարաններ։ Պիեսում մենանվագով հանդես եկող փողային նվագարանների՝ ֆլեյտայի և հոբոյի տեմբրները հիշեցնում են հովվական նվագներ, իսկ գալարափողը հնչում է ինչպես որսորդական եղջերափող։ Մեղեդու հնչեղությունը piano-յից (մեղմ) աճում է մինչև forte (ուժգին)։ Մեղեդային կառուցվածքում հետզհետե ընդգրկվում են նորանոր նվագարաններ։ Հնչողությունը դառնում է հզոր և պայծառ։ Հատկապես գունեղ է հնչում պիեսի միջին հատվածը։ Կարծես արթնացող արևի շողերի տակ առավոտյան մշուշի միջից կամաց-կամաց ուրվագծվում են առարկաների ձևերն ու արտահայտվում նրանց գույները։ Այդ տեսարանը կոմպոզիտորը ստեղծել է հարմոնիայի միջոցով։ Ամեն անգամ ասես երաժշտական թեման ավելի ու ավելի է ծաղկում։

Միջին հատվածի կենտրոնում մեղեդին անհետանում է՝ տեղը զիջելով հարմոնիային, գունեղ և համարձակ ակկորդների համադրությամբ։ Դրանց գեղեցիկ հաջորդականությունը թողնում է հյուսիսի բնանկարի գույների խտացման տպավորություն։ Այդ «այգաբացային» մոդուլյացիան «Առավոտ» պիեսի կուլմինացիոն հատվածն է։ Այստեղ հնչում է ամբողջ նվագախումբը՝ զուրեղ հնչեղությամբ (fortissimo): Այնուհետև հնչեղությունը հետզհետե թուլանում է՝ կրկին դառնալով պարզ ու վճիտ։ Ֆլեյտայի վերջին ելևէջներով լռում են ակկորդները։

«Առավոտ» պիեսը միայն բնապատկեր չէ։ Երաժշտությունը երբեք չի սահմանափակվում կյանքի ինչ-որ հատվածի արտահայտմամբ։ Նրանում մշտապես արտացոլվում են մարդկային զգացմունքները, նրա մտքերն ու ապրումները։ Եվ այս պիեսով փոխանցվում է մարդու հոգում կատարվող բերկրալից զարթոնքը, նրա հիացմունքը բնության գեղեցկությամբ։

Օզեի մահը

խմբագրել

«Պեր Գյունտի» պրեմիերայից հետո նորվեգական թերթերը գրեցին, որ «Օզեի մահը» «փոքրիկ սիմֆոնիկ գլուխգործոց է։ Երաժշտությունը ցնցում է ունկնդրին վշտի և ցավի ուժգնությամբ, որ արտահայտված է զարմանալի պարզությամբ ու անկեղծությամբ»։ ... Պերը նստած է մեռնող մոր մահճակալի մոտ և նրան պատմում է իր ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը. նրանք երկուսով հրավիրված են կախարդական դղյակ։ Ագռավներն արդեն ճամփա են ընկել, նրանք թռչում են ձյունածածկ դաշտերի ու անտառների վրայով։ Նրանց հանդիպում է ինքը՝ Սուրբ Պետրոսը։ Թող կախարդակն դղյակի տերը հատուցի Օզեին բարության և հոգատարության համար, որը նախկինում Պերը չէր գնահատում։ ... Բայց այդտեղ Պերը նկատում է, որ մայրը մահանում է։ Մտնելով կախարդական, հեքիաթային աշխարհը, Օզեն փակում է աչքերը՝ մահվան քնով։ Պիեսն սկսվում է թախծոտ և ազդեցիկ մեղեդու ուրվագծմամբ։ Andante doloroso («Անշտապ վշտալից») - այսպես է նախանշում կոմպոզիտորը պիեսի տեմպն ու բնութագիրը։ Մեղեդային գիծն ասես զարգանում է դժվարությամբ. ծանրությամբ ելնելով ոչ բարձր մակարդակի, այն կրկին տրտմագին իջնում է։ Պիեսի ավարտը համեմված է միատոն, ասես կաշկանդված երաժշտական պատկերով, որի ռիթմը նրան հաղորդում է թաղման թափորի բնույթ։ Ակկորդների խիստ և հանդիսավոր հնչողությունը (որ հիշեցնում է եկեղեցական երգեցողություն), սի մինորի մռայլ տոնայնությունը և դանդաղ տեմպը հաղորդում են խղճալի տրտմությունից եկող թմրության տպավորություն։ Վշտի ավելի ու ավելի աճից հետո, հանկարծ, ասես մեկ ակնթարթ ինչ-որ բարձր մի տեղ թույլ ճառագում է լուսո մի շող։ Հավանաբար դա այն հեքիաթային դղյակ-դրախտի լույսն էր, որտեղ, Իբսենի դրամայի համաձայն, Պերը վարգում է մոր հետ ձի հեծած։ Ավանդույթի համաձայն, Սուրբ Պետրոսի մոտ են դրախտի բանալիները, և նա ներս է թողնում միայն արժանիներին, իսկ մեղավորներն ընկնում են դժոխք։ Եվ երաժշտությունն էլ այստեղ թախծոտ է. մեղեդային պատկերում գերակշռում են նվազող գծերը, մեղեդին հյուսված է կիսատոն «հառաչանքներով», հարմոնիայում շարունակում են հնչել լարված ակկորդներ։ Հետզհետե երաժշտության գույները խամրում են, երաժշտական թեման անցնում է ցածր ռեգիստր և ընդհատվող շարժումները կանգ են առնում։ Պիեսն ավարտվում է թախծոտ և նվազող ինտոնացիաներով։ «Օզեի մահը» պիեսը նվագախմբի շնորհիվ ունի պաթետիկ, սրտաշարժ հնչողություն։ Կոմպոզիտորն ընտրել է ոչ փողային նվագարանները, որոնք սովորաբար ուղեկցում են թաղման թափորներին, այլ լարայինները, որոնք ապահովում են նվագախմբի ամենաջերմ, «երգող» տեմբրները։

Անիտրայի պարը

խմբագրել

Հարստացած Պերը երազում է իշխանության և փառքի մասին։ Ճանապարհորդելով Արաբական կիզիչ անապատում, Պեր Գյունտն ընկնում է բեդվինների ցեղային առաջնորդի մոտ։ Վերջինիս դուստր Անիտրան ձգտում է հրապուրել Պերին իր գեղեցկությամբ։ Պերից դրամ և թանկարժեք իրեր խնդրելով, Անիտրան հանկարծ մտրակով խփում է նրա ձեռքին և վարգով ետ դառնում դեպի անապատի խորքերը՝ Պերին թողնելով մենակ։ Շնորհիվ նվագախմբային այս պիեսի, որտեղ հաջորդաբար հանդես են գալիս լարային նվագարանների տարբեր խմբեր, ուրվագծվում է պարային տեսարան։ Մեղեդին հնչեցվում է ջութակներով՝ arco հնարքով, որ կատարվում է աղեղով, իսկ պիցցիկատո (pizzicato) հնարքով (այսինքն՝ մատներով ձգելով լարերը, և ոչ թե աղեղը քսելով նրանց) նվագակցում են թավջութակները և կոնտրաբասները։ Լարային նվագարանների հիանալի հնչողությունը զարդարվում է եռանկյունու հնչյուններով, որոնք, կարծես, գեղեցկուհու հագուստի վրայի թանկարժեք քարերի փայլատակումը լինեն։ «Անիտրայի պարի» երաժշտությունը հագեցած է հակադրություններով։ Առավել ցայտուն դրանք ի հայտ են գալիս ստեղծագործության միջին հատվածում։ Այստեղ, ինչպես խճանկարում, փոխվում են թեմաները։ Տրամադրությունների այդ կամակոր փոփոխություններում կարելի է կռահել արևելյան գեղեցկուհու անկայուն, քմահաճ բնավորությունը։ Պիեսի ավարտն ունի առավել գունեղ ու հարուստ հնչողություն, քան առաջին մասը։ «Անիտրայի պարը» ոչ միայն նվագախմբային նուրբ պիես է, այլև հրաշալի պարուհու երաժշտական դիմանկար։

Լեռնային թագավորի քարանձավում

խմբագրել

Սա Իբսենի պիեսի դրվագներից մեկի երաժշտական ձևավորումն էր։ Թափառելով, Պեր Գյունտն ընկնում է տրոլների՝ երևակայական չար արարածների թագավորությունը։ Այն սրահում, որտեղ դրված է գահը, հավաքվում են լեռնային թագավորի պալատականները՝ տրոլներ, թզուկներ, կոբոլդներ՝ տոնելու համար իրենց արքայադստեր ամուսնությունը Պերի հետ։ Պերն անտեղյակ է վտանգի մասին և քիչ է մնում զոհվի մռայլ քարայրում՝ շրջապատված խավարի ոգիներով։ Գրիգի երաժշտությունը վառ ու տեսանելի կերպով պատկերում է այդ ֆանտաստիկ երթը։ Պիեսի հիմքում ընկած է քայլերգ հիշեցնող միայն մեկ երաժշտական թեմա։ Այն մի քանի անգամ կրկնվում է՝ մնալով անփոփոխ։ Փոխարենը կոմպոզիտորն ամեն անգամ դնում է տարբեր նվագակցություն։ Գալարափողի հանդարտ ու խորհրդավոր նվագից հետո սկսվում է տրոլների թեման։ Այն հնչում է զգուշավոր ու թեթև (pianissimo): Լարային գործիքների թեթև պիցցիկատո նվագակցությունը, որ հնչում է ցածր ռեգիստրում, արտահայտում է տրոլների գողեգող քայլերը։ Երաժշտությունը պարունակում է խիստ խորհրդավորություն։ Աստիճանաբար երաժշտությունը փոխադրվում է ավելի բարձր ռեգիստր, թեմայի տևողությունը գնալով ավելի է կարճանում՝ տրոլների շարժման մեջ բերելով որոշակի իրարանցում։ Այստեղ արդեն հանդես է գալիս ամբողջ նվագախումբը։ Հնչեղությունն ավելի է ուժգնանում, արագանում է տեմպը, որը վերջում դառնում է չափազանց արագ։ Եվ թվում է, թե քարայրի հեքիաթային բնակիչները, ասես մղված մի անհայտ ուժից, սկսում են հորձանուտի պես առաջ նետվել։ Հանկարծ ամեն ինչ ընդհատվում է կտրուկ ակկորդներով։ Եվս երկու անգամ մեղեդին, կարծես, փորձում է թափ հաղորդել իր անսանձելի վազքին։ Բայց համառ ակկորդները, ասես քարանձավի տիրակալի ձեռքի շարժումով, դադարեցնում են հոսքը։ Հեքիաթային տեսիլն ակնթարթորեն անհետանում է։

«Սոլվեյգի երգը»

խմբագրել

Երկրորդ սյուիտի ամենահայտնի պիեսն է։ Սոլվեյգը սպասում է Պերին ամբողջ քառասուն տարի, և նա վերջապես վերադառնում է։ Սոլվեյգի երգը ներկայացման ընթացքում հնչում էր մի քանի անգամ։ Այն դարձավ սիրո և հավատարմության խորհրդանիշ։ Գրիգը գրում էր. «Թերևս սա միակն է իմ երգերից, որտեղ կարելի է հայտնաբերել ժողովրդական երգի ուղղակի ընդօրինակում»։ Երգն ունի կարճ մուտք և ավարտվում է ժողովրդական շունչ ունեցող թախծոտ մեղեդիով։ Այն բաղկացած է երկու քառատողից, որոնիցից յուրաքանչյուրն ունի երկու հակադրվող մասեր՝ երգ և կրկներգ։ Երգի մեղեդին ունի պատմողական հանդարտ բնույթ։ Երաժշտության մեջ արտահայտված են և՛ դառն թախիծ, և՛ հնազանդություն ճակատագրին, և՛ լուսավոր զգացումներ, և, ամենակարևորը՝ հավատ։ Իսկ կրկներգն ունի նրբագեղ ու թեթև հնչողություն՝ կենսուրախ պարի բնույթով։ Կրկներգի երաժշտությունն արտահայտում է Սոլվեյգի հուշերը, երբ առաջին անգամ նա հանդիպեց Պերին։ Այն ժամանակ այդ պարերգը հնչում էր գյուղական աղմկոտ տոնակատարության ժամանակ։ Եվ այն հնչել է Սոլվեյգի հոգում ամբողջ կյանքի ընթացքում։ Դա աղջկա համար եղել է հույսի և երջանկության մեղեդի։ Երգի թախծոտ ու նրբին մեղեդին Գրիգի ամենաոգևորիչ ստեղծագործություններից մեկն է։

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեր Գյունտ (սիմֆոնիկ սյուիտ)» հոդվածին։