Պատմությունը կարդարացնի ինձ

«Պատմությունը կարդարացնի ինձ» (իսպ.՝ La historia me absolverá), Ֆիդել Կաստրոյի՝ 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Մոնկադայի զորանոցի գրոհի գործով դատական գործընթացում, որտեղ նա մեղադրյալ էր, արտասանած ճառի եզրափակիչ բառերը։

Ֆիդել Կաստրոն ձերբակալությունից հետո, 1953 թվական

1953 թվականի սեպտեմբերի 21-ին սկսված դատաքննությանը մասնագիտությամբ իրավաբան Ֆիդել Կաստրոն հրաժարվեց փաստաբանից և որոշեց ինքը իրեն պաշտպանել։ Պաշտպանության ուղղությունը նա որոշեց տանել Ֆ. Բատիստայի բռնատիրական ռեժիմի դեմ պայքարելու և ժողովրդավարական կառավարությունը վերականգնելու իրավունք ունեցող ապստամբների անմեղության թեզով։ Դատաքննության վերջին նիստում նա հանդես եկավ Բատիստայի ռեժիմը դատապարտող երկարաշունչ ճառով։ Ի թիվս շատ փաստերի՝ նա խոսեց այն մասին, որ գյուղացի երեխաների 90 %-ը վարակված է մակաբույծներով, 700 հազար կուբացիներ գործազուրկներ են, իսկ գյուղացիների 30 %-ը չեն կարողանում իրենց անունն անգամ գրել։ Ճառի վերջում նա բռնատիրական ռեժիմը տապալելու անհրաժեշտությունը հիմնավորող մի շարք պատմական փաստեր մեջբերեց (Ֆրանսիական մեծ հեղափոխություն, ԱՄՆ-ի Անկախության պատերազմը և այլն)։ Այդ ճառի եզրափակիչ բառերն էին՝ «Դատապարտեք ինձ։ Դա նշանակություն չունի։ Պատմությունը կարդարացնի ինձ»[1][2]։

Ֆիդել Կաստրոն դատապարտվեց 15 տարվա բանտարկության, բայց, չանցած 2 տարի, համաներմամբ ազատ արձակվեց։

Կաստրոյի այս ելույթը ծրագրային դարձավ հեղափոխականների համար, հայտնի դարձավ նաև որպես «Մոնկադայի ծրագիր» և դրվեց «Հուլիսի 26-ի շարժման» հիմքում։ Այս ծրագիրը ներառում էր Բատիստայի բռնատիրության տապալումը, Կուբայի ինքնիշխանությունը և կախյալության վերացումը, լատիֆունդիզմի ոչնչացումը և հողի բաշխումը հողագործ աշխատավորներին, սոցիալական իրավունքների երաշխիքների ապահովումը և քաղաքացիների կյանքի որոկի բարձրացումը։

Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո Ֆիդել կաստրոյի ելույթը տպագրվեց առանձին հրատարակությամբ՝ սկզբնապես՝ իսպաներենով, ապա նաև՝ շատ այլ լեզուներով[3]։

Կաստրոյի ելույթի եզրափակիչ նախադասությունը թևավոր արտահայտություն է դարձել. այն օգտագործվում է կատակա-հեգնական երանգով՝ ինքնաարդարացման նպատակով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. Макарычев (24.07.2008). «История его оправдала» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Thomas, Hugh The Cuban Revolution. — L., 1986. — ISBN 0-297-78954-6
  3. Шульц Э. Э. Феномен кубинской революции в контексте технологий управления социальным протестом // Приволжский научный вестник. 2014. № 4 (32). С. 145—153.
  4. В. Серов. «Энциклопедический словарь крылатых слов и выражений» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.