Պալե Ռոյալ թատրոն (Սենտ Օնորե փողոց)

թատրոն Փարզիում՝ Պալե-Ռոյալ ամրոցի արևելյան կողմում

Պալե Ռոյալ թատրոն (կամ` Պալե Ռոյալ սրահ) Փարիզի Սենտ Օնորե փողոցում (ֆր.՝ Théâtre du Palais-Royal), թատրոն Պալե-Ռոյալ ամրոցի արևելյան կողմում, բացվել է 1641 թվականի հունվարի 14-ին Ժան Դեմարեի «Միրամ» ներկայացմամբ։ Թատրոնն օգտագործվել է Մոլիերի խմբի կողմից 1660-1673 թվականներին, այնուհետև դարձել է Փարիզի ազգային օպերայի թատրոնի շենքը։ 1763 թվականին հրդեհի պատճառով ավերվել է[1]։ Այն վերակառուցվել ու բացվել է 1770 թվականին, սակայն կրկին հրդեհվել է 1781 թվականին և այլևս չի վերականգնվել[2]։

Պալե Ռոյալի տեսարանը 1679 թվականին: Թատրոնը գտնվում է պալատի արևելյան կողմում (աջից)

Առաջին թատրոն խմբագրել

Ի սկզբանե թատրոնը հայտնի է եղել Պալե Կարդինալ անվամբ, քանի որ կառուցվել է 1630-ականներին որպես կարդինալ Ռիշելյեի նստավայր[3]։ 1637 թվականին Ռիշելյեն իր ճարտարապետ Ժակ Լեմերսյեին հանձնարարել է սկսել աշխատել թատրոնի շենքի վրա, որը բացվել է 1641 թվականին և ի սկզբանե հայտնի է եղել որպես Պալե Կարդինալ Մեծ սրահ[1][4]։ Ռիշելյեի մահից հետո 1642 թվականին նրա կարողությունն անցել է Լյուդովիկոս XIII արքային, պալատն սկսել է կոչվել Պալե Ռոյալ, չնայած որ Պալե Կարդինալ անվանումն օգտագործվել է նաև հետագայում[3][5]։

Մոլիերի թատրոն խմբագրել

1660-1673 թվականներին Մոլիերի թատերախումբը և իտալացի դերասանները հերթով ներկայացումներ են խաղացել Պալե Ռոյալում[1]։ Մոլիերի առավել հայտնի պիեսները ցուցադրվել են Պալե Ռոյալի բեմում. դրանց թվում են «Կանանց դպրոցը» (պրեմիերան կայացել է 1662 թվականի դեկտեմբերի 26-ին), «Տարտյուֆ կամ խաբեբան» (1664 թվական, մայիսի 12), «Դոն Ժուան» (1665 թվական, փետրվարի 15), «Միզանտրոպ» (1666 թվական, հունիսի 4), «Ժլատը» (1668 թվական, սեպտեմբերի 9) և «Երևակայական հիվանդը» (1673 թվական, փետրվարի 10)[6]։

Փարիզյան օպերա խմբագրել

 
Լյուլլիի «Արմիդայի» վերականգնումը Պալե Ռոյալ դահլիճում, 1761 թվական
 
1763 թվականի հրդեհը

Մոլիերի մահից հետո Ժան Բատիստ Լյուլլին դուրս է մղում նրա խումբը թատրոնից, որը տեղափոխվում է դե Էնո հյուրանոց։ Ինքը կրկին սկսում է թատրոնն օգտագործել որպես Երաժշտության արքայական ակադեմիայի բեմահարթակ։ Լյուլլիի ժամանակ թատրոնը վերակառուցվում է, տեղադրվում է նոր գույք։ Նոր սարքավորումները փոխարինում են 1645 թվականին Ջակոմո Տորելիի կողմից տեղադրված հին սարքերին[1]։ Ձևափոխություններից հետո թատրոնը կարող էր տեղավորել 1270 հանդիսական։ 9,4 х 17 չափերով բեմի դիմաց գտնվում էր 7,6 х 3 չափերով նվագախմբի տեղը[7]։ Լյուլլի որոշ օպերաներ առաջին անգամ բեմադրվել են Պալե Ռոյալում։ Այստեղ է կայացել Անդրե Կամպրի «Նրբագեղ Եվրոպա» բալետ-օպերայի պրեմիերան (1697 թվական, հոկտեմբերի 24), 18-րդ դարում այստեղ էին անցկացվում Ժան Ֆիլիպ Ռամոյի ստեղծագործություններից շատերի պրեմիերաները։ Օպերայի առաջին թատրոնը ոչնչացել է 1763 թվականի ապրիլի 6-ին, հրդեհի պատճառով։

Թատրոնի երկրորդ շենք խմբագրել

Փարիզի քաղաքային իշխանությունները որոշում են նախորդի գտնվելու վայրից դեպի արևելք նոր թատրոն կառուցել[8][9]։ Այդ ժամանակ Օպերայի ներկայացումները բեմադրվում էին Salle des Machines թատրոնում, Տյուիլրի պալատում, որն ավելի համապատասխան էր օպերային ներկայացումների համար[10]։ Հատուկ օպերաների համար նախատեսված առաջին փարիզյան թատրոնի նախագիծը ներկայացրել է Պիեռ Լուի Մորո Դէպրուն։ Նոր Պալե Ռոլայ թատրոնը կարող էր տեղավորել ավելի քան 2000 հանդիսական[11]։ Նոր թատրոնը բացվել է 1770 թվականի հունվարի 20-ին։ Այս շենքում են կայացել Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկի ֆրանսիական օպերաների մեծ մասը, այդ թվում և` «Իփիգենիան Ավլիդում» (1774 թվական, ապրիլի 19), «Օրփեոս և Էվրիդիկե» (ֆրանսիական երկրորդ խմբագրություն, 1774 թվական, օգոսոտոսի 2), «Արմիդա» (1777 թվական, սեպտեմբերի 23), «Իփիգենիան Տավրիսում» (1779 թվական, մայիսի 18) և «Արձագանքն ու Նարցիսը» (1779 թվական, սեպտեմբերի 24)։ Այդ ժամանակվա բեմադրված շատ այլ օպերաների պրեմիերաները ևս կայացել են այստեղ[12]։ Շենքը Օպերայի կողմից օգտագործվել է մինչև 1781 թվականի հունիսի 8-ը, երբ «Օրփեոս և Էվրիդիկա» ներկայացման ժամանակ հրդեհ է բռնկվել, որը մի քանի ժամում ընդգրկել է ամբողջ շենքը։ Զոհերի թիվը եղել է 11-12 մարդ։ Օպերային նոր թատրոնի շենքի կառուցման համար ընտրվել է Սեն Մարտեն բուլվառը։ Երկու ամիս, երբ ընթանում էր արագ շինարարությունը, թատերախումբը ներկայացումներ է խաղացել «Մենյու պլեզիր» (ֆր.՝ des Menus-Plaisirs) սրահում, Բերժերի փողոցում[13]։ Պորտ-Սեն-Մարտեն թատրոնը (ֆր.՝ Théâtre de la Porte-Saint-Martin) բացվել է 1781 թվականի հոկտեմբերի 27-ին` դրամատուրգ Ռազեն դե Սեն Մարկի «Ադել դե Պոնտյո» լիրիկական ողբերգությամբ` գրված ըստ Նիկոլո Պիչինիի երաժշտության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Coeyman, 1998, էջ 60–71
  2. Pitou, 1983, էջ 26–30
  3. 3,0 3,1 Ayers, 2004, էջ 47
  4. Clarke, 1998, էջ 1–2, 19–20
  5. Bjurström, 1962, էջ 123
  6. Garreau, 1984, էջ 417–418
  7. Harris-Warrick, Rebecca (1992). "Paris. 2. 1669–1725" // Sadie (1992) vol. 3, pp. 856–857.
  8. Pitou, 1983, էջ 26
  9. Ayers, 2004, էջ 47-48
  10. Harris-Warrick, Rebecca. «Paris. 3. 1725—1789» // Sadie 1992, vol. 3, pp. 860—864.
  11. Simeone, 2000, էջ 181
  12. Pitou, 1985, էջ 566—567
  13. Pitou, 1983, էջ 26-30

Գրականություն խմբագրել

  • Ayers A. The Architecture of Paris. — Stuttgart: Axel Menges, 2004. — ISBN 9783930698967
  • Bjurström P. Giacomo Torelli and Baroque Stage Design. — 2nd revised edition, translated from the Swedish. — Stockholm: Almqvist & Wiksell, 1962.
  • Clarke J. The Guénégaud Theatre in Paris (1673–1680). — Lewiston, New York: The Edwin Mellen Press., 1998. — Vol. One: Founding, Design and Production.. — ISBN 9780773483927
  • Coeyman B. Opera and Ballet in Seventeenth-Century French Theatres: Case Studies of the Salle des Machines and the Palais Royal Theater // Radice, Mark A., editor (1998). Opera in Context: Essays on Historical Staging from the Late Renaissance to the Time of Puccini / Radice. — 1998. — P.  37–71.
  • Garreau, Joseph E. Molière // McGraw-Hill Encyclopedia of World Drama / Stanley Hochman, editor in chief. — New York: McGraw-Hill, 1984. — P. 397–418. — ISBN 9780070791695
  • Harris-Warrick, Rebecca (1992). "Paris. 2. 1669–1725" // Sadie (1992) vol. 3, pp. 856–857.
  • Pitou S. The Paris Opéra // Encyclopedia of Operas, Ballets, Composers, and Performers. Genesis and Glory, 1671–1715. — Westport, Connecticut: Greenwod Press, 1983. — ISBN 9780313214202
  • Pitou S. The Paris Opera: An Encyclopedia of Operas, Ballets, Composers, and Performers. Rococo and Romantic, 1715-1815. — Westport, Connecticut: Greenwood Press, 1985. — ISBN 9780313243943
  • The New Grove Dictionary of Opera (4 volumes) / Sadie, Stanley, editor. — London: Macmillan, 1992. — ISBN 978-1-56159-228-9
  • Simeone N. Paris: a musical gazateer. — Yale University Press, 2000. — ISBN 978-0-300-08053-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալե Ռոյալ թատրոն (Սենտ Օնորե փողոց)» հոդվածին։