Ոփավոր, Օփավեր կամ Օփավոր, ավերակ ամրոց Հայաստանի Գորիս քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա` Քարահունջ տանող ճանապարհին՝ Վարարակ գետի աջ ափին։ Ամրոցի պարիսպների մնացորդները պահպանվել են վեր խոյացող հսկա ժայռի վրա։ Երևում են նաև արհեստական քարայրեր, որոնք ժամանակին ծառայել են որպես կացարաններ[1]։ Ժայռի աչքի ընկնող հիմնական առանձնահատկություններից է խոռոչների տեսք ունեցող այր-կացարանների առկայությունը։

Ոփավոր
ՏեղագրությունՀայաստան Հայաստան
ԵրկիրՀայաստան

Ավանդություն խմբագրել

Ոփավոր տեղանվան ծագման վերաբերյալ կա երկու ավանդազրույց, որ հաղորդել է գորիսեցի Հայրապետ Մաթևոսյանը, և գրի է առել Սերո Խանզադյանը 1946 թվականին։ Ըստ դրանցից մեկի՝ այստեղ ապրել է մի հարուստ կին, որը կերակրել է հարյուրավոր որբերի ու անտուն մարդկանց։ Նրանք այդ կնոջը անվանել են որբամեր, այսինքն՝ որբամայր, որբերի մայր։ Այստեղից էլ ծագել է վայրի անունը՝ որբամեր՝ Ոփավոր[1]։

Մյուս ավանդազրույցի համաձայն՝ այստեղ ապրել է աղքատներին առատ ողորմություն բաժանող մի հարուստ կին։ Մի անգամ էլ այստեղ է եկել մի դերվիշ և կանգնելով բերդի մոտ՝ կնոջից իր համար էլ է բաժին է ուզում, ասելով՝ «Օ՜ փայ վեր, օ՜ փայ վեր՝ Օ՜ բաժին տուր․․․»։ Դրանից հետո բերդի անունը մնացել է Օփավեր[2][3][4][5]։

Անվան ծագում խմբագրել

Կան Օփավերի անվան ծագումհը բացատրող մի քանի տարբերակներ։

Արմեն Ղարագյոզյանը Օփավեր–ը մեկնաբանում է որպես Ափավեր՝ «ափից վեր գտնվող»[6]։ Սակայն անվան հետևյալ բացատրությունը անհավանական է՝ մասնավորապես առաջին ձայնավորների անհամապատասխանության պատճառով։

Երվանդ Լալայանը տեղանունը հիշատակում է Ոփաւոր տեսքով[7]։ Այս տարբերակը, Օփավեր–ին զուգահեռ, հիշատակվում է նաև ՀայՏեղԲառ–ում[8]։ Այս տարբերակը կարող է ենթադրել –աւոր ածանցով կազմություն՝ ձայնավորային հայտնի զարգացմամբ, ինչպես օրինակ՝ թագաւոր–թըքավըէր։ Նկատենք, որ Գորիսի բարբառում բազմավանկ բառերի սկզբնային ո– ձայնավորից առաջ վ բաղաձայնի հավելում չկա, ինչպես օրինակ ողողել–ըղօղէլ, որոճե/ալ–ըրօճէ/ալ[9]։ Եթե բառը ենթարկենք բառակազմական վերլուծության և հիմք ընդունենք Լալայանի –աւոր ածանցի տարբերակը, ապա կտեսնենք, որ տեղանվան հիմքում ընկած է ոփ արմատը և –աւոր ածանցը, որը կազմությունը կարող է մեկնաբանվել որպես «ոփ ունեցող»։ Ժայռի աչքի ընկնող առանձնահատկությունը խոռոչների տեսք ունեցող այր-կացարանների առկայությունն է, որը հուշում է, որ ժայռի անվանումը բնականորեն կարող էր նշանակել «խոռոչավոր»։ Եվ իսկապես, հայերենն ունի ոփ արմատ, որը հայ մատենագրության մեջ վկայված է մի քանի անգամ՝ սկսած Բարսեղ Կեսարացու «Վեցօրյակ»–ի թարգմանությունից և պահպանվել է մի քանի արևմտյան բարբառներում[10]։ Հիմնական իմաստը հետևյալն է՝ «խոռոչ կամ փոս, որի մեջ ջուր է հավաքվում»[11]։ Նոր Հայկազյան բառարանում նույնպես ոփ–ը բացատրվում է որպես խոռոչ, ծերպ, ծակ[12] և օրինակ է բերվում Բարսեղ Կեսարացու «Յաղագս վեցալրեայ արարչության» գրքից հետևյալ հատվածը․ «Ոչ զետեղակալ ջոլրցն մալրացելոց ասեմ, որ պաշարեալ դետ եղեալ զմի ել զնոյն կայանս ունին, որ առանց գնացից ել առանց շարժելոյ են՝ ըստ ալրինակի ոփո ց պսոարելո ց որ զետղ առեալ կան արդելեալ ի պաշարանի», որից կարելի է եզրակացնել, որ քարայր–կացարանները հինգերորդ դարում սովորական և հայտնի են եղել, և ոփ բառը օգտագործած է այստեղ հենց քարայր–կացարան իմաստով։

«Բառագիրք հայոց»–ում ոփ բառը բացատրված է որպես վիհ կամ գուբ[13]։ Այս ամենից ելնելով կարող ենք եզրակացնել, որ ոփ նշանակում է փոս, խոռոչ, ծերպ, հետևաբար Ոփ–աւոր կշանակի ծերպավոր կամ խոռոչավոր։

Նկարագրություն խմբագրել

Այն, որ ոփ բառը կարող է հանդես գալ Սյունիքի մի տեղանվան կազմում՝ քարայր–կացարան նշանակությամբ, հստակ երևում է Տաթևի վանքից մեկ կիլոմետր հյուսիս–արևելք՝ Որոտան գետի աջ վտակ Աղանձուգետի (այժմ՝ Տաթևի գետ) կիրճի ձախ լանջին վեր խոյացող «Ոփա քար» ժայռի անունից։ Այս ուղղաձիգ ճակատով ժայռի միջնամասում՝ 190 մետր բարձրության վրա՝ գետի հունից 100 մետր բարձր, կա մի անառիկ քարայր, որն էլ, ամենայն հավանականությամբ, հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայած քարանձավային կացարանն է։ Պատմիչ Օրբելյանի տված տեղեկության համաձայն՝ քարանձավը գտնվում Է «․․․ի սուրբ ուխտիս Հայրապետանոցիս Տաթևոլ...», այսինքն Տաթևի վանքի շրջակայքում։ Քարանձավի մուտքը պատված է եղել արհեստական կրաշաղախ պատով, որը ունի 50 սանտիմետր հաստություն, 24 մետր ընդհանուր երկարություն և 1,5–2 մետր բարձրություն։ Այն կառուցված է բազալտի և կրաքարի խոշոր ու մանր բեկորներից։ Բազալտի բեկորները բերվել են Տաթևի վանքի մոտակայքից, քանի որ քարայրի տեղանքում տարածված են միայն կրաքարային ապարներ։ Արհեստական պատի կառուցման համար անհրաժեշտ շինանյութերը քարանձավ են բարձրացվել պարաններով։ Պատից այժմ պահպանվել են 1–1,5 մետր բարձրությամբ առանձին հատվածներ։ Արհեստական պատի անհավասարաչափ քայքայվածությունը ցույց է տալիս, որ այն նաև ունեցել է մեկ կամ երկու պատուհաններ[14]։

Արևելյան պատի տակ գտնվել է կրակարանը, որի տեղում պահպանվել են մոխրի և փայտածուխի մնացորդներ[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լալայեան1898, 32, Ղանալանյան1969, 457 ծնթ. 556, Ղարագյոզյան 1985, 62 և ծնթ. 23, ՀայՏեղԲառ 4, 1998, 188։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Ղարագյոզյան Արմեն, 1985, Ձագաձորի տեղադրությունը. ԼՀԳ1985, № 11. 59-62
  7. Լալայեան Ե., 1898 Զանգեզուր, Նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար. Ազգագրական հանդէս, 3-րդ տարի, Դ գիրք, Թիֆլիս, 1898, № 2. 7-116:
  8. Հայ. Տեղ. Բառ. 1-5, 1986-2001, Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, 1986, հտ. 2, 1988, հտ. 3, 1991, հտ. 4, 1998, հտ. 5, 2001, Երևանի համալսարանի հրատարակչություն
  9. Մարգարյան Ա. Ս., 1975, Գորիսի բարբառը. Երևանի համալսարանի հրատարակչություն
  10. Մուրադյան Կիմ, 1984, ԲարսեղԿեսարացի, Յաղագս վեցաւրեայ արարչութեան. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն
  11. Մուրադյան Կիմ, 1984, Բարսեղ Կեսարացի, Յաղագս վեցաւրեայ արարչութեան. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. ՀԱԲ 3, 619; 4, 659b
  12. Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, Հ. 11, Էշ 56
  13. Ամալյան Հ. Մ., 1975, Բառգիրք հայոց, Երևան, ՀՍՍ ՀԳ Ա հրատարակչություն
  14. 14,0 14,1 Ազիզբեկյան Հ. Գ., 1988, Տաթևի Ոփաքարի քարայր-ապաստարանը. ՊԲՀ 1988, № 1. 138-146