Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ունիվերսալ (այլ կիրառումներ)

Ունիվերսալ (ռուս.՝ универсал, լատին․՝ universalis – «համընդհանուր» բառից), երբեմն՝ վագոն (անգլ.՝ wagon), թեթև ավտոմեքենայի մարդա-բեռնատար փակ թափքի տիպ։ Իրենից ներկայացնում է սեդանի տարբերակ՝ մեծացված բեռնախցիկով և մեքենայի հետնամասում վեր բացվող հավելյալ դռնով[1]։ Բնորոշվում է որպես երկծավալ թափք։

Mercedes-Benz E-Class S213 թափքով ունիվերսալը

Նման նշանակությամբ «ունիվերսալ» տերմինը հիմնականում օգտագործվում է Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և հետխորհրդային մյուս երկրներում (նայի՛ր նաև Միջազգային տերմինաբանություն բաժինը)։

Առանձնահատկությունները

խմբագրել
 
Նույն մեքենայի (Ford Focus Mk1) մոդելային շարքի սեդան, ունիվերսալ և հետչբեք թափքերի տիպային հենաձողային կառուցվածքը

Ունիվերսալի կազմվածքը սկզբունքորեն տարբերվում է սեդանի համեմատ նրանով, որ բեռնախցիկն ու ուղևորասրահը միավորված են, տանիքը երկարացված է մինչև հետին գաբարիտը, իսկ թափքի ետնապատին առկա է հավելյալ դուռ։

Ունիվերսալներն ունեն սովորաբար հինգ դուռ, սակավադեպ՝ երեք դուռ, հետին դուռը ծառայում է մեծացված բեռնախցիկ մուտք գործելու համար։ Այդուհանդերձ, Հյուսիսային Ամերիկայում, որպես կանոն, հաշվի են առնում միայն կողային դռները և խոսում «չորսդռնանի» ու «երկդռնանի» ունիվերսալների մասին։

Ներկայումս բազմաթիվ զարգացած երկրներում համընդհանուր ընդունված է ունիվերսալի սրահի և բեռնախցիկի միջև բաժանարար ցանցի օգտագործումը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ուղևորների՝ տեղափոխվող բեռից վնասվածքներից խուսափելու նպատակով։ Մասնավորապես, նման պահանջ է ընդգրկված Եվրոպական հանձնաժողովի՝ ավտոարտադրողների համար կանոնների կազմում[2]։

Հետչբեքից ունիվերսալը տարբերվում է հետին հատվածի երկարությամբ. հետչբեքի մոտ այն կարճ է, իսկ ունիվերսալի մոտ բազային սեդանի բեռնամասի չափ է կամ հաճախ ավելի երկար է[1]։

Audi 100 Avant ունիվերսալն արտաքինից հետչբեք է հիշեցնում թափքի թեք ետնապատի պատճառով
Ford Country Squire 5th generation մոդելային շարքի մեքենաների մի մասը կահավորված է 10 նստատեղերով
ГАЗ-22 ունիվերսալի հետևի դուռը փեղկերով
Buick Sport Wagon մակնիշը՝ տանիքի բարձրացված հետնամասով և փակվող ապակով
Studebaker Wagonaire ունիվերսալի տանիքի հետին մասը շարժական է և անհրաժեշտության դեպքում բացվում է

Որոշ ունիվերսալներ (Audi 100 Avant) ունեն հետչբեքին բնորոշ թեք ետնապատ, սակայն հետին հատվածի երկարությունը նրանց մեջ մատնում է ունիվերսալ թափքը։ Որոշ երկրներում թափքի նման տիպը՝ սեդանի նման երկար բեռնամասով և թափքի թեք պառկած ետնապատով, կրում են «լիֆտբեք» անվանումը։

Բազմաթիվ ունիվերսալներ ունեն թափքի հետնամասի ձևափոխման հնարավորություն՝ նստատեղերի շարքերի հավաքմամբ, բացի դիմային շարքից։ Ունիվերսալի թափքում նստատեղերի շարքերի ընդհանուր թիվը կարող է լինել երկու, երեք կամ նույնիսկ չորս (ընդարձակ սեդանների և թեթև բեռնատարների շասիի վրա ստեղծված հյուսիսամերիկյան որոշ մոդելներ)։

Ունիվերսալների մեծամասնությունն ունի հետնամասի դռան հասարակ բարձրացվող կամ կողքի վրա բացվող մեխանիզմ, սակայն որոշ մոդելների վրա այն երկփեղկանի է՝ բաղկացած վերին և ստորին իրարից անկախ բացվող փեղկերից։ Ստորին փեղկը կարճ է վերինից և ապակեպատ չէ, այն բացում են հատկապես երկար բեռների տեղափոխության համար։

Սակավաթիվ հյուսիսամերիկյան մոդելների համար նախատեսված է հետևի դռան ապակին ծալվող ստորին հատվածի մեջ թաքցնելու հնարավորություն։ Հազվադեպ դեպքերում այս մեքենաների տանիքի որոշ հատվածը անհրաժեշտության դեպքում հնարավոր բացել։ General Motors-ի 1970-ականների ընդարձակ ունիվերսալների վրա հանդիպում է հետևի դռան յուրահատուկ տիպ (անգլ.՝ Clam shell), որի ստորին հատվածը էլեկտրական շարժիչի միջոցով թաքնվում է թափքի հատակի մեջ, իսկ ապակին միաժամանակ մտնում է տանիքի ներսը (նայի՛ր տեսանյութը)։

Պատմություն

խմբագրել

Մինչպատերազմյան տարիներին ունիվերսալներն իրենցից ներկայացնում էին համեմատաբար հազվագյուտ նեղ մասնագիտացված մարդա-բեռնատար ավտոմեքենաներ՝ շահագործվող հիմնականում փոքր գործարարների կողմից։ Դրանց մեծ մասը հավաքվում էր հոսքագծի վրա, այլ ոչ մեծ ֆիրմաներում, սրոնք թափքի կառուցվածքում լայնորեն փայտանյութ էին օգտագործում։ 1950-ական թվականներին փայտե ոչ պրակտիկ թափքերը ասպարեզից դուրս եկան, սակայն Հյուսիսային Ամերիկայում մինչև այժմ ունիվերսալների (և մինիվենների) կողամասերը Woodie ոճով ձևակերպվելու ավանդույթ կա։

Առաջին լրիվ մետաղական ունիվերսալները ներկայացվել են գործնականում միաժամանակ Wyllis և Plymouth ֆիրմաների կողմից 1940-ական թվականների վերջին, ինչը սկիզբ դրեց այս տիպի թափքով ավտոմեքենաների մասսայական արտադրության ժամանակաշրջանին։

Ունիվերսալների հանրաճանաչության բուռն աճ տեղի ունեցավ 1950-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում՝ պայմանավորված արվարձանային գոտու ակտիվ զարգացմամբ (սուբուրբանիզացիա). արվարձանների բնակչությանը պահանջվում էր բավականին տարողունակ, սակայն դրա հետ մեկտեղ հարմարավետ փոխադրամիջոց։ Արդյունքում մինչև 1970-ականների վերջն ընկած ժամանակահատվածը դարձավ հատկապես ամերիկյան ընդարձակ ունիվերսալների «ծաղկման» շրջան։ Հատկապես այդ տարիներին ի հայտ եկան այնպիսի էկզոտիկ տարբերակներ, ինչպիսիք են ունիվերսալ-հարդթոփներն առանց թափքի կենտրոնական հենաձողերի, երեքդռնանի «սպորտային» ունիվերսալները, նստատեղերի չորս շարքով վագոն թափքերը՝ ստեղծված բեռնատարների բազայի վրա, սրահի հորինվածքի ու հետևի դռան կառուցվածքի բազմազան տարբերակները և այլն։

1973 և 1980 թվականների բենզինային ճգնաժամերը, ինչպես նաև 1980-ական թվականների կեսերին մեծ թվով մինիվենների և հարմարավետ ամենագնացների ի հայտ գալը վերջ դրեց ընդարձակ ունիվերսալների գերիշխանությանը։ Վառելիքի խնայողության ոլորտում 1975 թվականին ներդրված ամերկյան օրենսդրությունը (անգլ.՝ Corporate Average Fuel Economy, CAFE) սահմանում էր ավտոմեքենաների տարբեր դասերի համար վնասակար արտանետումների և վառելիքի ծախսի տարբեր նորմեր, որոնց գերազանցումը հանգեցնում էր տուգանքների ավտոարտադրողների համար։ Նորմերի շչջանցման նպատակով մինիվենները սերտիֆիկացվել են որպես թեթև բեռնստաը ավտոմեքենաներ (light trucks)՝ դրանց թողարկումը դարձնելով շատ ավելի ձեռնտու, քան նույն տարողունակությամբ թեթև ունիվերսալներինը։

Շութինգ բրեյք

խմբագրել
1910 թվականի Rolls-Royce Silver շութինգ բրեյքը
Սպորտային կուպեի բազայով Aston Martin DB6 Shooting Brake մոդելը
«Գրան տուրիզմո» դասի Ferrari FF շութինգ բրեյք տիպի թափքով սպորտքարը
Mercedes-Benz CLS-Class X218 թափքով հինգդռնանի «պայմանական» շութինգ բրեյքը
1928 թվականի Royce Phantom I մակնիշի հինգռնանի շութինգ բրեյքը

Շութինգ բրեյք (անգլ.՝ shooting brake, «որսորդական ճամբար»), երեքդռնանի ունիվերսալ՝ ստեղծված սպորտքարի բազայի վրա, սակայն ի տարբերություն վերջինի՝ ունի մեծածավալ բեռնամաս, որն ընդունակ է խոշոր բեռ տեղավորել։

Սկզբնապես «շութինգ բրեյք» տիպի թափքը ստեղծվել է բացառապես որսորդական նպատակներով, ինչպես նաև հենց որսորդների, նրանց սարքավորումների, զենք-զինամթերքի և որսամսի տեղափոխության համար։ Առաջին նման մեքենաները հավաքվել են Մեծ Բրիտանիայում 1900-ական թվականների սկզբին՝ նմանակելով 19-րդ դարում Եվրոպայում տարածում գտած, որսի համար օգտագործվող ձիաքարշ ֆուրգոններին։ «Որսորդական շրջանում» «շութինգ բրեյք» սեգմենտում ընդգրկված են եղել նաև հինգդռնանի ունիվերսալնեը[3]։

Դասական որսի կամ սաֆարիի համար նախատեսված ֆուրգոնների առանձնահատկությունը եղել է դռների և լուսամուտների ապակիների և բացակայությունը. դրանք փոխարինվել են բրեզենտից պատրաստած հատուկ վարագույրներով։ Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է եղել ավտոմեքենայի միջից կրակելու արգելքով. դռների բացակայության շնորհիվ որսորդները կարող էին առավել արագ լքել տրանսպորտային միջոցը և սկսել որսը։ Բացի այդ բրեզենտը պաշտպանում էր վատ եղանակից։ Հատկանշական է, որ առաջին նման մեքենաների ինտերիերը ունեցել է բարձրակարգ հարդարում, օրինակ օգտագործվել են թանկարժեք փայտանյութ և կտորեղեն, քանի որ այդ ժամանակներում որսորդությամբ զբաղվել են, որպես կանոն, հարուստ և ազդեցիկ անձինք, իսկ «շութինգ բրեյքն» ունեցել է տպավորիչ գաբարիտներ, որպեսզի տեղավորեր ոչ միայն որսորդներին, զինամթերքը, սննդամթերքն ու որսը, այլև շներին և հյուրերին։

1960-ական թվականների սկզբից «շութինգ բրեյք» սեգմենտը փոխակերպվում է և կատարվում է թափքի արտաքին փոփոխություն։ Հենց այդ ժամանակներում այդ անվանումը սկսվեց օգտագործվել սպորտքարների հիմքով մշակված երեքդռնանի ունիվերսալների նկատմամբ։ Միաժամանակ անգլիալեզու երկրներում shooting brake տերմինը սկսեց հաճախ կիրառվել նաև մյուս ունիվերսալների նկատմամբ։

2000-ական թվականների սկզբին թափքի այս տիպը ապրում է վերածննդի գործընթաց, սակայն այլ տեսքով։ Ներկայումս ավտոարտադրողները փորձում են «շութինգ բրեյք» հասկացությունն ընդարձակել՝ նրան թվելով նաև երեքդռնանի հետչբեքները և մի շարք կուպեներ։

Սեգմենտի առավել հայտնի և վիճարկելի ներկայացուցիչներից մեկը հանդիսանում է Mercedes-Benz CLS Shooting Brake մոդելը՝ ներկայացված 2010 թվականին Պեկինի ավտոսրահում։ Քննադատների «հարձակումը» գործնականում միանգամից սկսվեց հինգդռնանի թափքի պատճառով։ Ի պատասխան դիզայներները և կոնստրուկտորները հայտարարում են, որ ժամանակակից «շութինգ բրեյք» մեքենաները որոշվում են ոչ թե դռների քանակով, այլ՝ դիզայներական կատարելագործմամբ և տպավորիչ տեխնիկական բնութագրերով[4]։ Սակայն մի շարք հեղինակավոր աղբյուրներ գտնում են, որ «որսորդական շրջանի» և ժամանակակից «շութինգ բրեյքերի» շարքին դասվում են զուտ երեքդռնանի («երկդռնանի») ունիվերսալները։

Սակայն հարկավոր է նշել, որ մի շարք երեքդռնանի («երկդռնանի») ունիվերսալներ ավտոարտադրողների կողմից բնորոշվել են պարզապես որպես «ընտանեկան» կամ «գործարարական» ունիվերսալներ։

Միջազգային տերմինաբանություն

խմբագրել

ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ունիվերսալն անվանում են station wagon (ի պատիվ ձիաքարշ ծածկակառքերի և մարդա-բեռնատար ավտոմեքենաների, որոնք տեղափոխում էին ուղևորներին և նրանց բեռները երկաթուղային կայարաններից)։ Երբեմն տերմինը կրճատում են մինչև wagon ձևը։ Ավստրալիայում երբեմն գործածվում է նաև station sedan անվանումը։

Բրիտանական անգլերենում այս տերմինին համապատասխանում է estate բառը, կամ պատմականորեն՝ shooting brake անվանումը («որսորդական ճամբար»)։

Ֆրանսիայում օգտագործվող տերմինի ստուգաբանությունը նույնն է, սակայն գրվում է break ձևով (կրճատված break de chasse ձևից, «որսորդական ճամբար»)։ Իտալիայում այն անվանում են giardinetta, Պորտուգալիայում՝ perua։ Զուգահեռաբար ռոմանական լեզուներում ունիվերսալն անվանում են «ընտանեկան» թափք (իտալ.՝ familiare, իսպ.՝ familiar, ֆր.՝ familiale և այլն)։

Գերմանալեզու երկրներում ունիվերսալն անվանում են Kombi (կրճատված Kombinationskraftwagen ձևից, որը գործածվում է նաև թափքի հետնամասում դուռ ունեցող ցանկացած այլ ավտոմեքենայի համար)։ Այս տերմինը (նաև Combi ձևով) օգտագործվում է նաև մի շարք արևելաեվրոպական երկրներում, օրինակ՝ Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում։ Նախկին հարավսլավական երկրներում թափքի այս տիպը կրում է karavan անվանումը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել