Ուղեղաբորբեր, էնցեֆալիտներ, մարդու և կենդանիների գլխուղեղի բորբոքային հիվանդությունների խումբ, հարուցիչները վիրուսներն են, բակտերիաները, նախակենդանիները և ախտածին այլ միկրոօրգանիզմներ։ Տարբերում են առաջնային և երկրորդային ուղեղաբորբեր․։

Առաջնային ուղեղաբորբեր խմբագրել

Զարգանում են գլխուղեղում նյարդալուծիչ (նեյրոտրոպ) վիրուսների թափանցումից (համաճարակային ուղեղաբորբ, տզային ուղեղաբորբեր, մոծակային ուղեղաբորբեր)։ Առաջնային ուղեղաբորբերին բնորոշ են բնական օջախայնությունը և սեզոնայնությունը։ Հարուցիչի աղբյուր են կրծողները, թռչունները, փոխանցողները՝ մոծակները, տզերը։ Հարուցիչները գլխուղեղ են թափանցում արյան միջոցով, հազվադեպ՝ նյարդաթելերով։

Երկրորդային ուղեղաբորբեր խմբագրել

Ընդհանուր կամ տեղային վարակիչ հիվանդությունների (ռևմատիզմ, գրիպ, կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, կատաղություն և այլն) հետևանք են։ Բորբոքային պրոցեսը կարող է տեղակայվել նյարդային համակարգի տարբեր բաժիններում, գորշ կամ սպիտակ նյութերում՝ (գլխուղեղային նյարդեր, ենթակեղևային հանգույցներ, ցողուն), երբեմն ընդգրկել ողնուղեղը, ուղեղապատյանները և ծայրամասային նյարդերը։ Ուղեղաբորբերի մեծամասնության ընթացքը սուր է։ Հիմնական ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հաճախ գիտակցության կորուստ, ջղաձգություններ և այլն։ Նյարդային երևույթներ՝ (կիսալուծանք, զգացողության, գլխուղեղային նյարդերի ֆունկցիաների խանգարումներ են)։ Անբարենպաստ ընթացք ունեն կարծրախտային ուղեղաբորբեր (առաջանում են մանկական և պատանեկան տարիքում, բնորոշվում են հիշողության, ինտելեկտի խանգարումներով, էպիլեպսանման նոպաներով և այլն) և թարախային ու մեռուկային ուղեղաբորբեր։ Տզային ուղեղաբորբերի դեպքում վարակումից 10–12 օր անց առաջանում են մկանաթուլություն և մաշկի որոշ հատվածների թմրածություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Բնորոշ են նաև ուսապարանոցային մկանների լուծանքներն ու կիսալուծանքները, գլխուղային նյարդերի ախատահարումները, ուղեղապատյանների գրգռվածության ախտանշանները։ Մեծ մասամբ ընթացքը թեթև է։

Բուժումը խմբագրել

Հակաբորբոքային, հակամանրէային, ապագերզգայնացնող դեղամիջոցներ (հորմոններ, սալիցիլատներ, անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, դիմեդրոլեն

Կանխարգելումը խմբագրել

Պայքար փոխանցողների դեմ, իմունացում, մոծակների խայթոցից պաշտպանվելու անհատական միջոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։