Սուլֆանիլամիդներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, հակամանրէային դեղամիջոցների խումբ, սուլֆանիլաթթվի ածանցյալները։ Հակամանրէային հատկությունը հայտնաբերել է գերմանացի գիտնական Գերհարդ Դոմագկը, 1934-1935 թվականներին Գերմանիայի Bayer քիմիական ընկերությունում[1]։ Քիմիական կառուցվածքով նման են պարաամինաբենզոյական թթվին (ՊԱԲԹ), որը մանրէների աճման և բազմացման անհրաժեշտ գործոն է։ Սուլֆանիլամիդների ազդեցության հիմնական մեխանիզմը ՊԱԲԹ-ի հետ մրցակցությունն է՝ մանրէային բջջի որոշակի ֆերմենտների հետ կապվելը, որի հետևանքով բակտերիաները կորցնում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ վիտամին Вс (ֆոլաթթու) սինթեզելու և նյութերի այլ փոխարկումներն իրականացնելու հատկությունը (նշված փոխարկումներն ընթանում են ՊԱԲԹ-ի ներկայությամբ)։

Սուլֆանիլամիդներ
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներսպիտակ ստրեպտոցիդ
պրոնտիզոլ (կարմիտ ստրեպտոցիդ)
Ավանդական անվանումհակաբիոտիկներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սուլֆանիլամիդները ազդում են ստրեպտակոկերի, պնևմոկոկերի, ստաֆիլակոկերի, գոնոկոկերի, մենինգոկոկերի, որոշ խոշոր վիրուսների և այլնի վրա։ Տարբերվում են կարճատև (ստրեպտոցիդ, էթազոլ, սուլֆադիմեզին) և երկարատև (սուլֆապիրիդազին, սուլֆադիմետոքսին) ազդեցություն ունեցող սուլֆանիլամիդներ։ Սուլֆանիլամիդների մեծ մասը լավ է ներծծվում ստամոքսաաղիքային համակարգում և արագ է կուտակվում արյան մեջ ու օրգաններում։ Օգտագործում են անգինայի, կարմիր քամու, միզապարկի բորբոքումների և այլ դեպքերում։ Որոշ սուլֆանիլամիդները (ֆթալազոլ, սուլգին և այլն) ստամոքսաաղիքային համակարգում վատ են ներծծվում, բարձր կոնցենտրացիաներով երկար են մնում աղիքներում և կիրառվում են աղիքային վարակիչ հիվանդությունների (օրինակ, դիզենտերիա) դեպքում։ Որոշ սուլֆանիլամիդները (օրինակ, բութամիդ) օժտված են արյան մեջ շաքարի քանակությունն իջեցնող հատկությամբ և օգտագործվում են շաքարային հիվանդության բուժման նպատակով։ Սուլֆանիլամիդները կարող են առաջացնել կողմնակի երևույթներ, ալերգիական ռեակցիաներ, սրտխառնոց, փսխում, լեյկոցիտաքչացում, նյարդաբորբեր, երիկամների գործունեության խանգարումներ և այլն։ Օգտագործվում են միայն բժշկի նշանակմամբ։

Սուլֆանիլամիդների ներծծումը օրգանիզմումԽմբագրել

Սուլֆանիլամիդների ներծծման համար անհրաժեշտ է աղաթթու, այդ պատճառով այն պետք է ընդունել ուտելուց մեկից երկու ժամ հետո, երբ ստամոքսն արդեն դատարկ է, սակայն դեռևս արտադրվում է աղաթթու։ Սուլֆանիլամիդների մեծ մասը օրգանիզմից հեռանում է ացետիլացված արգասիքների տեսքով, որոնք ջրում փոքր լուծելիության պատճառով կարող են բյուրեղների վերածվել մեզում և երիկամային քարերի առաջացման պատճառ դառնալ։ Այդ պատճառով սուլֆանիլամիդային թերապիայի ժամանակ պետք է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել, հատկապես հիմնային բնույթի[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Otten H (1986). "Domagk and the development of the sulphonamides". Journal of Antimicrobial Chemotherapy. 17 (6): 689–696. PMID 3525495. doi:10.1093/jac/17.6.689.
  2. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան Դեղերի անհամատեղելիությունը, էջ 79
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 186