Ոզնասունկ փշոտ (լատին․՝ Hericium erinaceum), Hericiaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ոզնասունկ փշոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տեսակ Ոզնասունկ փշոտ
Լատիներեն անվանում
Hericium erinaceum
Հատուկ պահպանություն

Նկարագրություն

խմբագրել

25 սմ տրամագծով, երբեմն երկարավուն, նստած կարճ ոտիկի վրա կամ կպած բնափայտին, երիտասարդ վիճակում սպիտակ, վարդագույն երանգով, կլորավուն կամ տանձաձև պտղամարմինները միամյա են, աճում են խոշոր խմբերով, մակերեսը չոր վիճակում դեղին է, գորշավուն, եզրերի մոտ պատված կոշտ, ծռմռված փշաձև ելուստներով։ Թարմ վիճակում պտղամիսը մսալի է, սպիտակ, չորանալուց հետո՝ դեղնավուն։ Հիմենոֆորը փշաձև է։ Փշերը երկար են, սպիտակ, վարդագույն երանգով, չորանալուց՝ գորշավուն, գլանաձև, սրածայր, ուղիղ կամ ծռմռված։ 5-7 x 4,5-6 մկմ, լայն էլիպսաձև կամ գնդաձև սպորները յուղի կաթիլով են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Եվրոպական մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է 1000-1400 մ բարձրությունների վրա, հանդիպում է կաղնու և հաճարենու կենդանի բների, կոճղերի վրա, լայնատերև անտառներում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Քսիլոտրոֆ է։ Երիտասարդ պտղամարմիններն ուտելի են[1]։

Պահպանություն

խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնասունկ փշոտ» հոդվածին։