Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ

Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ՝, Մոսկվայի պետական համալսարանի գիտահետազոտական հաստատություն։ Կրում է ռուս աստղագետ, հեղափոխական գործիչ Պավել Շտեռնբերգի (1865-1920 թվականներ) անունը։ Կազմակերպվել է 1931 թվականին Մոսկվայի համալսարանի սատղադիտարանի (գործում է 1830 թվականից), Աստղագիտագեոդեզիական գիտահետազոտական ինստիտուտի (հիմնադրվել է 1922 թվականին) և Աստղաֆիզիկայի պետական ինստիտուտի (հիմնադրվել է 1923 թվականին) միավորումով։ Բացի գիտական հետազոտություններից, այստեղ ուսումնական աշխատանքներ են տարվում Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնի ուսանողների հետ։ Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի կազմի մեջ են մտնում Լենինյան բլուրներում և Կրասնայա պրեսնյայում գտնվող աստղադիտարանները (հիմնադրվել են 1954 թվականին և 1830 թվականին), մերձմոսկովյան Կուչինո վայրում գտնվող աստղաֆիզիկական աստղադիտարանը (հիմնադրվել է 1924 թվականին), Ղրիմի Հարավային կայանը (հիմնադրվել է 1956 թվականին) և Ալմա Աթայից ոչ հեռու, ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա գործող (1957 թվականից) մշտական կայանը։

Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Մասն էՄոսկվայի պետական համալսարան[1]
Հիմնադրված է1931
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի խոշորագույն աստղադիտակը՝ 125 սմ-անոց ռեֆլեկտորը, տեղադրված է Ղրիմում։ Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտում կատարվում են աստղաֆիզիկական և ռադիոաստղագիտական հետազոտություններ, ինֆրակարմիր սպեկտրասկոպիայի մեթոդներով ուսումնասիրվում են մոլորակների մթնոլորտները, Արեգակի վրա ընթացող ֆիզիկական պրոցեսները, կազմվում են աստաղաչափական քարտացուցակներ, աշխատանքներ են տարվում երկնային մեխանիկայի և գրավիմետրիայի բնագավառներում։ Զարգանում է արտագալակտիկական աստղագիտությունը։ Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտը հրատարակում է «Տրուդի» («Труды», 1922 թվականից) և «Սոոբշչենիյա» («Сообщения», 1947 թվականից) ամսագրերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579