Նորագույն շրջանի հայկական կինո

Նորագույն շրջանի (1991-2011 թվականներին) կինոն Խորհրդային Միության փլուզումից հետո կինոն հայտնվել է նոր որոնումների բեկումնային փուլում։ Անկախության առաջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում նկարահանվել են 30-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։ Հիմնվել են մի շարք անկախ կինոստուդիաներ, որոնց մի մասը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով փակվել է։

Գործունեությունը խմբագրել

Հայկական կինոյի ավանդական հիմքի վրա ստեղծվել են Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ» (1991 թվական), Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ» (1991 թվական), Առնոլդ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թվական), Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի» (1992 թվական), Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» (1991 թվական) և «Աղետ» (1993 թվական), Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ» (1993 թվական), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» (2000 թվական) և այլ ֆիլմեր։

Ա. Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (ըստ Զորայր Խալափյանի, 5 սերիա) ֆիլմ-վիպերգությունը հայկական առաջին բազմասերիանոց կինոնկարն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի դրամատիկ, շրջադարձերով հագեցած կյանքի մի ողջ ժամանակահատված՝ խորհրդային կարգերի հաստատումից մինչև 1970-1980-ական թվականներ։ Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» երգիծական վեպի էկրանավորումով Ա. Մանարյանն ստեղծել է արևմտահայ դասականների երկերը կինոլեզվով ներկայացնելու ուշագրավ օրինակ։ Նոր ժամանակների պատմական, սոցիալ-հոգեբեբանական հակասության փոփոխություններին յուրովի են արձագանքել թե՛ ավագ, թե՛ միջին, թե՛ երիտասարդ սերնդի ռեժիսորները։ Ս. Իսրայելյանի «Պատանդներ» ֆիլմի՝ իշխանություն և բարձր հասարակական դիրք ունեցող հերոսը, գործելով «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով, կործանվում է։ Ա. Մկրտչյանը «Ուրախ ավտոբուս» կինոնկարով եզրափակել է Գյումրիին նվիրված իր եռերգությունը. երկրաշարժից ավերված քաղաքի փողոցներով ամեն օր երթևեկող «ուրախ» ավտոբուսը ծիծաղելու ունակությունը երբեք չկորցնող մարդանց հավաք, խորհրդանիշն է։ Նոր կենսամտածողությունն առավելապես արտահայտվել է դեռևս 1980-ական թվականներից ստեղծագործող ռեժիսորների ֆիլմերում Սուրեն Բաբայանի «Արյուն» (1991 թվական), Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» (1991 թվական), Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» (1991 թվական), «Տէր ողորմեա» (1997 թվական),Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1995 թվական) և այլն։ 1990-ական թվականների կինոնկարներից ուշագրավ են Էդգար Բաղդասարյանի «Խաղերը» (1990 թվական), «Սև պատը» (1997 թվական), Տիգրան Խզմալյանի «Սև-սպիտակ» (1996 թվական), «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» (2000 թվական) և այլն։ Ժամանակի ոգին ցայտուն կերպով է դրսևորվել է. Բաղդասարյանի «Սև պատը» կինոնկարում։ Անցյալի ու ներկայի փոխհարաբերություններն են պատկերված Տիգրան Խզմալյանի «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» ֆիլմում, որի առանցքը խորհրդային ռեժիմի օրոք ծեր ծաղրածուի փշրված ճակատագիրն է, նրա կյանքի ու սիրո տխուր պատմությունը։ Ստեղծագործ, բարդ ուղի է անցել նաև հայկական վավերագրական կինոն, որն առավել անմիջականորեն է արձագանքել կյանքի փոփոխություններին և երկրում կատարվող իրադարձություններին։ Տնտեսական ճգնաժամը համեմատաբար քիչ է ազդել հայկական մուլտկինոյի զարգացման վրա։ Անկախության 2-րդ տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում նկարահանվել են մոտ 60 լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր։ Նոր ժամանակների իրականությունն են արտացոլել Սուրեն Բաբայանի «Խենթ հրեշտակ» (2001 թվական), «Ժանո» (2004 թվական), «Մի նայիր հայելուն», (2009 թվական), Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» (2001 թվական), «Մաեստրոն» (2009 թվական), Հ. Խաչատրյանի «Վավերագրողը» (2003 թվական), «Պոետի վերադարձը» (2006 թվական), «Սահման» (2008 թվական) և այլ կինոնկարներ։ Սուրեն Բաբայանի «Խենթ հրեշտակ» ֆիլմում արծարծված են արդի կեցության արատավոր կողմերը, նոր ժամանակներին բնորոշ անկայուն արժեհամակարգը, ջնջված սահմանները չարի և բարու, աստվածայինի և դիվայինի միջև։ Խորհրդային ռեժիմի ճնշմամբ անհատի «ձևափոխման» խնդիրն է արտահայտված Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» կինոնկարում։ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը նվիրված է աշուղ և բանաստեղծ Ջիվանուն։ Վավերագրական ոճով նկարահանված այս ֆիլմի հերոսը, ըստ էության, պոետի արձանն է, որ ճամփորդում է երկրում՝ ուղևորվելով իր ծննդավայր՝ Ջավախք։ Թեև նրան ամենուր դիմավորում են դհոլ-զուռնայով ու ազգային ծիսակարգերով, սակայն նա տեղ չի հասնում, այլ մնում է ճանապարհին՝ իբրև «հավերժական ուխտավոր»։ «Սահման» ֆիլմում ռեժիսորը վերացրել է վավերագրականի և գեղարվեստականի սահմանները՝ ստեղծելով պատկերի վրա հիմնված, առանց երկխոսությունների կինոպատում։ Պատկերվող կինոնյութի թարմությամբ առանձնանում են էդգար Բաղդասարյանի «Մարիամը» (2005 թվական), Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» (2007 թվական), Միքայել Դովլաթյանի «Սողանքը» (ըստ Վ. Մարտիրոսյանի) և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» (երկուսն էլ՝ 2009 թվական) ֆիլմերը։ Վերջին շրջանի բազմաթիվ ֆիլմեր ներկայացվել են միջազգային կինոփառատոների։ Երևանում հիմնադրվել է «Ոսկե ծիրան» (2004 թվական) ամենամյա միջազգային կինոփառատոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։